пятница, 27 января 2012 г.

ԿԱՆԱՉ ՄԱՀ

Рубен Меликян
Ես ուզում եմ ներկայացնել ծառահատման պրոբլեմին վերաբերվող մի պատմվածք, որը գրվել է հորս կողմից/՛՛Երեկոյան Երևան՛՛ թերթի բազմամյա լրագրող/դեռևս 1993թ.։ Այն ժամանակին չի տպագրվել հեղինակի մահվան կամ ինձ անհայտ պատճառներով։ Հետագայում, 2007թ., ես տպագրության հանձնեցի հորս երկերի ժողովածուն, որում տեղ գտավ նաև այդ պատմվածքը։

ԿԱՆԱՉ ՄԱՀ
/Գիտաֆանտաստիկ պատմվածք/

2017 թիվն էր: Երևանը կրկին ցնցվում էր ժողովրդական հուզումների ալիքից: Ցույցերն ու հանրահավաքները անսպասելի արդյունք ունեցան: Օգոստոսյան մի առավոտ երևանցիները քնից արթնացան երկիրը ցնցող հրետանային հուժկու համազարկից, որ ուղեկցվում էր շչակների ոռնոցով և ավտոմատային կրակահերթերի ճարճատյունով: Ազդականչի նման կրկին հնչեց ժողովրդի սիրած շեփորականչը, որ հեղափոխության օրերին պայքարի էր կոչում քաղաքաբնակ-ներին: Երկար տարիների լռությունից հետո հարություն առած ռադիոն հաղորդեց, որ բնությունը կործանումից փրկելու և բնակչության գոյապահպանությունն ապահովելու համար, երկրում տեղի է ունեցել կանաչ հեղաշրջում, և իշխանությունն իր ձեռքն է վերցրել Ազգային փրկության կոմիտեն: Ստեղծվել են կանաչ տրիբունալներ, որոնք, առանց այլևայլության, պիտի պատժեն ամեն մի օրինազանցություն: Դրանից ընդամենը մի քանի օր հետո Կանաչ տրիբունալը բոլոր քաղաքացիներին հրավիրեց Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի էր ունենալու համաքաղաքային հանրահավաք, միաժամանակ հրապարակային դատ ու մահապատիժ: Այս վճռականությունը դուր եկավ երկար ժամանակ անիշխանությունից տառապող ժողովրդին, և ամբողջ քաղաքը դուրս թափվեց փողոց՝ նորից վերածվելով ցուցարարների խառնամբոխի:
Բայց դրանք արդեն 80-ական թվականների առույգ ու աղմկարար ցուցարարները չէին, որ քաղաքը թնդացնում էին «մի-ա-ցում» աղաղակներով: Երևանցիների մռայլ ու տխրադեմ շարասյունը ավելի շուտ մահվան թափոր էր հիշեցնում: Ցուցարարների շարքում կարելի էր տեսնել շնչարգելությունից, մաշկային հիվանդություններից, արևահարությունից ու այրվածքներից տանջահար մարդկային կերպարանքներ, վիրակապված դեմքերով ու ձեռքերով խեղանդամներ, հյուծախտավոր, մարդանման արարածներ... Սգավորների նման սև թևակապներ կրող այդ քայլող ուրվականները այնքան թույլ էին, որ հազիվ էին քարշ գալիս արևից ու տապից շիկացած ասֆալտի բանուղիներով: Այրվածքներից փրկվելու համար նրանցից շատերը կրում էին բոլդախինատիպ սպիտակ հակաճառագայթային թիկնոցներ կամ պաշտպանական բաճկոններ և սև, արևապաշտպան ակնոցներ: Նրանք, ովքեր թիկնոցներ չունեին, արևի մահացու ճառագայթներից պաշտպանվում էին անլուսաթափանց հովանոցներով: Թուլակազմները` հիվանդներն ու ծերերը կրում էին թթվածնադիմակներ և նույնիսկ հակագազեր: Քայլելու ընթացքում ոմանք ստեպ-ստեպ կանգ էին առնում, շունչները տեղը բերում և, հանգստանալուց հետո, շարունակում իրենց համր ընթացքը: Շատերը ուժասպառ՝ ուշաթափվում էին ու թրմփոցով վայր ընկնում: Եվ քանի որ բենզին ընդհանրապես գոյություն չուներ, նրանց օգնության էին հասնում շտապ օգնության ձիաքարշ կառքերը, որոնք չէին հասցնում հիվանդանոց հասցնել բոլոր տուժածներին: Շատ հազվադեպ ցուցարարներն իրենց մեջ ուժ էին գտնում, որպեսզի բարձրաձայն վանկարկեն ժամանակի ամենատարածված կարգախոսը` թըթ-վա-ծին, թըթ-վա-ծին: Այդ պատճառով շատ առատ էին գրավոր կոչերը: Դրանք Ճչում էին` «Կորչի քիմիան, ոչ մի ավելորդ ծխնելույզ մեր քաղաքում», «Հայաստանը փրկենք կանաչ ջարդարարներից», «թթվածին տվեք, ապրել ենք ուզում», «100 ծառ՝ ամեն մի կտրվածի դիմաց», «ծարավ եմ, ջուր», «վերադարձ դեպի քարանձավաբնակ մարդն ու անապական բնությունը», «15 թվի մեծ Եղեռնից հետո 1992 թվի զանգվածային ծառահատումը ամենամեծ ողբերգությունն էր հայ ժողովրդի կյանքում»:
Այդ օրերին ավելի ողբալի տեսք ուներ ինքը` Երևանը: Երբեմնի ծառաշատ քաղաքը մեռած բնակավայրի տպավորություն էր թողնում: Աչք էին ծակում ամայի ու անկենդան փողոցները, որոնց երկու կողմերում ձգվում էին գլխատված ծառերից մնացած կոճղացցունքների երկար ու անվերջանալի շարանները, արևախանձ մացառուտներն ու ցամաքած ցայտաղբյուրները: Ամբողջ քաղաքը ման գայիր՝ մի ծառաշվաք չէիր գտնի՝ գլուխդ պատսպարելու համար:
Իր մեջ առնելով ծայրամասերից եկող մեծ ու փոքր հոսանքները՝ մարդկային այս խառնիճաղանջ զանգվածը, գետի պես առաջ հոսելով, հեղեղեց Վռամշապուհ Արքայի ու Տիգրան Մեծի փողոցները և, ապա, ներխուժելով Հանրապետության հրապարակ, ծովացավ այնտեղ:
Ուշադրություն էր գրավում հրապարակի կենտրոնում կառուցված և արտաքուստ ծառակոճղի նմանվող լաստահարթակը, որը հավանաբար ծառայելու էր որպես կառափնարան:
Հենց այդ նույն պահին Գերագույն դատարանի կողմից դեպի Հանրապետության հրապարակ էր շարժվում մի ուրիշ թափոր, որի առջևից, բազմության մեջ ճանապարհ բանալով, ընթանում էր ոտքից-գլուխ զինված կանաչ գրոհայինների վերակարգը: Այս առաջին խմբին հետևում էր տաս հոգուց բաղկացած հրաձիգների ջոկատը, որը, չորս կողմից շրջապատած, բերում էր կալանավորին: Դա ճաղատ գլխով ու առողջ, կարմիր այտերով, թավ բեղերով ու լպիրշ հայացքով մի վիթխարահասակ մարդ էր, որի մեջքին պարաններով կապված էր մի հսկայական ծառաբուն, իսկ գոտուց կախված էր արևի շողերի տակ փայլատակող, մսագործի լայնաբերան կացինը: Հսկան գնում էր գլխիկոր, հայացքը գետնին հառած և այդպես էլ ոչ մի անգամ գլուխը վեր չբարձրացրեց՝ համաքաղաքացիների աչքերին նայելու համար: Երևում էր, որ ծառը շատ ծանր է, քանի որ նույնիսկ այս վիթխարի գողիաթի գերանաչափ ոտքերը երբեմն ծալվում էին բեռան ծանրության տակ, իսկ գլխից ու դեմքից քրտինքի անհամար առվակներ էին հոսում: Բայց լարելով մկանները՝ հսկան շտկում էր ոտքերն ու մեջքը և առաջ քայլում՝ թեթև ու խոշոր քայլերով: Կալանավորի ետևից գալիս էր մի սևազգեստ, երիտասարդ քահանա` Խաչն ու Ավետարանը ձեռքին: Սրան հետևում էին Կանաչ տրիբունալի 12 անդամները: Թափորը եզրափակում էր կանաչ սաղավարտավորների գումարտակը, որը կոչված էր հրապարակում կարգուկանոն հաստատելու: Եվ իսկապես, կես ժամ էլ չանցած՝ ամբոխը խաղաղվեց, իսկ մեղապարտն ու դատավորները՝ գրավեցին իրենց տեղերը, առաջինը՝ կառափնարանին, իսկ մյուսները` դիմացը կառուցված հատուկ հարթակի վրա: Ոտքերը լայն դրած ու ավտոմատները հորիզոնադիր բռնած կանաչ հրաձիգները համապատասխան դիրք գրավեցին կառափնարանի դիմաց՝ պատրաստ առաջին իսկ հրամանով իրականացնելու մահապատիժը:
Տեսնելով մահապարտին, ամբոխը տարերայնորեն ալեկոծվեց։ Այս ու այն կողմից լսվեցին խուլ մռնչյունի նմանվող հազարավոր աղաղակներ:
– Մա՛հ չարագործին, մա՛հ ջարդարարին:
– Ա-մոթ, ա-մոթ, – վանկարկում էր երիտասարդների մի խումբ:
Տարբեր կողմերից դեպի հսկան քարեր ու դատարկ ծխախոտատուփեր շպրտեցին, որոնցից մի քանիսը դիպան նրան:
Հանցագործն այս ամենին գազանային խուլ մռնչյունով և ատամների կրճտոցով էր պատասխանում, վանդակում փակված, պատեպատ խփվող գազանի նման:
Տաքարյուն երիտասարդների մի խումբ փորձեց հարձակվել կալանավորի վրա, բայց կանաչ սաղավարտավորները զսպեցին նրանց՝ հարկադրելով պատշաճ հեռավորության վրա մնալու:
Ժխորը սաստկացավ: Բայց հենց այդ պահին ոտքի կանգնեց տրիբունալի նախագահը: Մոտենալով հարթակի պռնկին՝ նա հազաց, մաքրեց կոկորդը և հրամայաբար վեր բարձրացրեց ձեռքը: Ժխորն անմիջապես դադարեց, և լռության մեջ հնչեց օրենքի մարդու հուժկու ու տիրական ձայնը.
– Պատվարժան համաքաղաքացիներ, դասական հայ ժողովուրդ: Անցյալ դարը բնորոշ էր բնության դեմ մարդկության գործած անթիվ չարագործություններով։ Բարբարոսաբար կողոպտվել են երկրի բնական հարստությունները, սպառվում են վառելիքի պաշարները։ Արտադրական գազերն ու ածխաթթուն, կուտակվելով մթնոլորտում, երկիրը շրջապատում են անթափանց թաղանթով, առաջացնելով, այսպես կոչված, ջերմոցային էֆեկտ, որի պատճառով արևի ջերմությունը, թափանցելով երկիր, ետ չի վերադառնում: Դա հանգեցրել է ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման և կյանքի համար վտանգավոր կլիմայական փոփոխությունների: Քայքայման եզրին է մթնոլորտի օզոնային շերտը, ինչի պատճառով մարդու մարմինը անպաշտպան է մնացել արևի ճառագայթման առջև: Մոլորակի մասշտաբով տեղի ունեցած փոփոխությունները առանձնապես ծանր են անդրադարձել Հայաստանի վրա, որտեղ առավել շատ է արևոտ օրերի քանակը:
– Ըհը՛, ըհը՛, ըհը՛..., –այստեղ նախագահը կանգ առավ, նորից հազաց, մաքրեց կոկորդը և ապա շարունակեց. – ասում են հայոց պատմության էջերը ներկված են արյունով: Բայց այսօր մեր ժաղովուրդը ապրում է իր պատմության ամենաաղետալի շրջաններից մեկը: Ամեն ինչ սկսեց 1992 թվի ձմռանը, երբ ցրտահարությունից վայրենացած քաղքենիների ամբոխը, որին ես չեմ ուզում ժողովուրդ անվանել, մի քանի օրում կտրեց տասնամյակների ու դարերի ընթացքում քաղաքի քարաստանների և ղռերի վրա արյուն-քրտինքի գնով աճեցված ծառաստանները: Նա, ով կտրեց Երևանի առաջին ծառը, մտքով էլ չէր անցկացնում, թե ինչ կործանարար, ճակատագրական հետևանքների կարող է հասցնել այդ ճակատագրական կացնահարվածը: Այդ մեկ հատիկ հարվածը, որը մեր պատմությունը ետ գլորեց ժամանակակից քաղաքակրթությունից մինչև քարանձավաբնակ մարդու բարբարոսության աստիճանը, Հայաստանի պատմության մեջ կմտնի որպես ծառասպանության ժամանակաշրջան: Կանցնեն դարեր ու հազարամյակներ և, ինչքան էլ փորձենք արդարանալ, մեղքը գցելով դաժան ձմռան ու ցրտի վրա, մեզ երբեք չի հաջողվի մեր ազգային դեմքից ջնջել ծառահատության ամոթալի բիծը և մեր ձեռքերից լվանալ անմեղ արյունի հետքերը: Հայությունը սերնդե-սերունդ կնզովի այն կիսավայրենու անունը որն առաջինը ձեռք μարձրացրեց իր կանաչ բարեկամի վրա:
Բայց սա միայն սկիզբն էր: Հետագա տարիներին կացնի զոհ դարձավ մայրաքաղաքի ամբողջ կանաչ տարածքը: Երևանի քարտեզից ջնջվեցին բուսաբանական այգին, օղակաձև զբոսայգին, հնամենի քաղաքային բուլվարն ու Կոմայգին և քաղաքը պաշտպանող մյուս կանաչ գոտիները: Եվ քանի որ հանցագործի ձեռքը բռնող չկար, շուտով ոչնչացան նաև հանրապետության բոլոր անտառատարածքները:
Այս չլսված կանաչ եղեռնը, խախտելով բնության հավասարակշռությունը, դրեց ընդհանուր էկոլոգիական աղետի շղաթայական ռեակցիայի սկիզբը: Ինչքան երկիրը անտառազուրկ ու չոր դարձավ, այնքան աճեց էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի պահանջը: Որքան աճեց այդ պահանջը, կարիք զգացվեց այնքան ավելի շատ ջուր բաց թողնել Սևանից: Որքան ավելի շատ ջուր թողարկվեց Սևանից, այնքան ավելի արագացավ լճի մակերեսի անկումը՝ մյուս կողմից սպառելով արարատյան դաշտավայրի ու Պալեոքասախի ջրապաշարները։ 3 միլիոնի հասած Երևանը, խմելու համար, սկսեց վիշապի պես կլանել Սևանը: Այսօր Սևան չկա: Նրա հիմնական մասը վերածվել է առողջության համար վտանգավոր ճահճուտների: Այսօր Հայաստանի զարգացման համար իր կյանքը նվիրաբերած Սևանը ինքն է արյունաքամ լինում: Քանի որ վերացավ Սևանը, պակասեցին նաև տեղումները, ցամաքեցին սառնորակ աղբյուրներն ու առուների մեծ մասը, պակասեց մայրաքաղաքը սնող ջրատարների ջուրը, ապա փոխվեց նաև հանրապետության կլիման՝ դառնալով ավելի չոր ու դաժան: Ծաղկած երկիրն ամայացավ: Հողը կորցրեց նախկին խոնավությունը, էրոզիայի ենթարկվեց, իսկ նախկին անտառածածկ տարածքները վերածվեցին անապատի՝ դառնալով փոշու և խորշակների տարածման անսպառ օջախներ:
Նորից գլուխ բարձրացրեց Երևանի տխրահռչակ քամին։ Ամեն օր՝ իրիկնադեմին, քամու բերած փոշին ու ավազը շնչահեղձ են անում քաղաքաբնակներին, ծեփում մարդկանց աչքերը, լցվում քիթն ու կոկորդը, սևացնում հենց նոր հագած, մաքուր հագուստը:
- Ըհը՛, ըհը՛, ըհը՛: – Այստեղ նախագահը հանկարծ նորից կանգ առավ՝ տուրք տալով երևանցիներին բնորոշ հազի նոպային: Միկրոֆոնի մեջ ամբողջ ուժով հնչեց նրա չոր, խռպոտ հազը, որն արձագանքի նման տարածվեց բազմության մեջ: Նախագահի օրինակով, նախ սկսեցին հազալ առանձին մարդիկ, հետո` ամբողջ խմբեր, ապա հազով բռնկվեց գրեթե ամբողջ հրապարակը: Գուցե դա երկար շարունակվեր, եթե հանկարծ մի ահռելի որոտ չխլացներ այդ ժխորը: Դա ամենազոր քամին էր, որն ամեհի պոռթկումով սկսում էր իր հերթական հարձակումը թշվառ քաղաքի վրա: Չորս կողմից հրապարակ ներխուժած փոշու և ավազի ամպերը միաձուլվելով՝ պտտահողմի պես բարձրացան դատարկ ջրավազանի շատրվանի վրա: Մեկ վայրկյանում ամեն ինչ թաղվեց անթափանց խավարի մեջ: Դա բավական երկար տևեց: Միայն մի քանի ժամ հետո մարդիկ կրկին կարողացան տեսնել ու լսել միմյանց, և նախագահը նորից գտավ իր մտքի թելը:
- Ամենուրեք ավեր է ու մահ: Թթվածնային քաղցը հնձում է մարդկանց, առաջին հերթին՝ հիվանդներին, ծերերին ու երեխաներին: Հրաշամանուկներ ու դյուցազուններ ծնող հայ մայրերը ճիվաղներ ու դեբիլներ են լույս աշխարհ բերում: Աննախադեպ չափերով բարձրացել է օդի ջերմաստիճանը. թույլ առողջություն ունեցողները շնչահեղձ են լինում թթվածնի պակասից, արևահարվում են ու այրվածքներ ստանում: Կանաչ մահվան ուրվականը կրնկակոխ հետապնդում է մեզ, և մեր թիկունքին արդեն զգացվում է նրա մահաբեր շունչը: 2017 թվին արձանագրվեց ամենաբարձր մահացությունը: Աննկարագրելի շոգն ու ձմռան ցրտերը երևանցիների կյանքը վերածել են կատարյալ դժոխքի, անգամ հնաբնակ երևանցիները լքում են իրենց հարազատ օջախները և, թքելով ամեն ինչի վրա, փախչում ուր աչքները կտրի:
Միայն այս ամենից հետո, երբ դանակն արդեն ոսկորին էր հասել, ժողովուրդը հասկացավ և ուղղեց իր սխալը: Այդ օրերին լայն թափ ստացավ կանաչ սպանդին հակադիր մի շարժում` կանաչների շարժումը: Սկսեցին կանաչ պատերազմները: Շնչահեղձությունից գազազած ամբոխը ոչնչացրեց և հողին հավասարեցրեց քաղաքի քիմիական բոլոր գործարանները՝ երբեմն կույր զայրույթի զոհ դարձնելով նույնիսկ վնասակար արտադրության հետ ոչ մի կապ չունեցող ձեռնարկությունները: Սկսեցին գործել Կանաչ տրիբունալները, որոնք ծառից անգամ մի կանաչ տերև պոկելու, մի շյուղ կամ թղթի կտոր փողոց նետելու համար մարդկանց դատապարտում էին մի քանի տարվա կալանքի և անասելի մեծ տուգանքների: Ազգային փրկության կոմիտեի հրամանով, հատուկ փրկարար խմբերը մրջյունների նման կրում-տանում էին քանդված գործարանների փլատակները և տեղում ծառատունկ կատարում:
- Մի րոպե, բժիշկ է հարկավոր:
- Որտե՞ղ:
- Ջրավազանի աջ կողմում:
- Հիմա խելքի ենք եկել, ծառեր ենք տնկում ուր պատահի, նույնիսկ հրապարակներում և փողոցների միջնամասերում, բայց դրանք չորանում են անտանելի տապից ու ջրասակավությունից: 24 տարի է, մենք քավում ենք բնության հանդեպ գործած մեր մեծագույն մեղքը, 24 տարի է՝ կանաչ պատերազմ ենք մղում քիմիայի, ծխի, անմաքրության ու փոշու դեմ: Եվ միայն վերջին տարում մեզ հաջողվեց կասեցնել տարերային կանաչ սպանդը: Այսօր մենք պատրաստվել էինք նշելու այդ հաջողության առաջին տարեդարձը, որի ընթացքում Երևանում ոչ մի ծառ չէր կտրվել: Բայց ավաղ մեր հույսերը խորտակվեցին: Հենց այդ օրը արձանագրվեց ծառահատման ամենագազանային դեպքը. կտրվեց Երևանի վերջին մեծահասակ ծառը` այս հրապարակի վերջին ղարաղաչը*, որը մենք պահպանում էինք աչքի լույսի պես: Այդ իսկ պատճառով, ազգային փրկության կոմիտեն որոշեց օգոստոսի 17-ը հայտարարել ազգային սգի օր, որի ընթացքում պետք է իջեցվի պետական եռագույն դրոշը և արգելվեն բոլոր զվարճություններն ու տոնախմբությունները: Միաժամանակ, մայրաքաղաքի 120 խոշոր ձեռնարկություններ, տասնյակ կուսակցություններ, այդ թվում նաև Հնաբնակ երևանցիների ասոցիացիան, դիմել են կանաչ տրիբունալին՝ պահանջելով հանցագործին պատժելու համար կազմակերպել հրապարակային դատ՝ նրան դատապարտելով պատժի գերագույն չափին` գնդակահարության: Սա ամենևին էլ դաժանություն չէ։ Նայեցեք այս մարդուն: Նա անուն չունի, նրա անունը ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆ է: Մեր առաջ կանգնած է ոչ թե մի առանձին հանցագործ-անհատ, այլ ինքը՝ ապօրինությունն ու անիշխանությունը: Հանձին նրա, մենք մահապատժի ենք ենթարկում մեր սեփական հավաքական տգիտությունն ու թեթևամտությունը, նախկին իշխանությունների անճարակությունն ու անվճռականությունը և, դրանով, դնում ենք մեր ինքնամաքրման հիմքը: Անցել է խղճահարության ժամանակը, եկել է ահեղ հատուցման օրը, երբ յուրաքանչյուր մարդ՝ ողջ թե մեռած, պիտի պատասխան տա իր գործած մեղքերի համար: Երևանի կանաչ տրիբունալը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ արյան մեջ կխեղդի ամեն մի օրինազանցություն և կհասնի այն բանին, որ այս երկրում, այսուհետև, ընդմիշտ թագավորի օրենքն ու արդարությունը: Տրիբունալն արդեն կայացրել է իր վճիռը` մահ: Բայց, բնակչության խնդրանքով կատարվել է մի կարևոր վերապահություն: Մահապատիժը պետք է իրականացվի միայն ժողովրդի միաձայն հավանության դեպքում, եթե դատավարության ժամանակ հրապարակում գտնվողներից ոչ մեկը դեմ չլինի վճռին: Տրիբունալը դիմում է ներկա գտնվող մոտ մեկ միլիոն ժողովրդական ատենակալներին՝ խնդրելով ասել՝ «այո» կամ «ոչ»:
– Այո՜, մա՛հ չարագործին, – միաձայն որոտաց հրապարակը:
Նախագահը նորից բարձրացրեց ձեռքը.
– Այդ դեպքում, համաքաղաքացիներ, ես պետք է տամ երկրորդ հարցը: Կա՞ ձեր մեջ մեկը, որ «ոչ» է ասում գնդակահարությանը:
Հարցը անսպասելի չէր, բայց ամբոխը միանգամից սսկվեց, և մի քանի վայրկյան մեռելային լռություն տիրեց:
- Ձեզ եմ հարցնում, – նորից խոսեց տրիբունալի նախագահը, – ո՞վ է «ոչ» ասում գնդակահարությանը:
Հանկարծ բազմության միջից լսվեց մի բարակ ու բեկբեկուն ձայն.
– Ե՛ս...
Հազարավոր աչքեր դարձան այն կողմը, որտեղից լսվեց այդ ողորմելի, բայց հանդուգն ձայնը: Բազմությունը ինքնաբերաբար ընկրկեց՝ թույլ տալով, որ խոսողը մոտենա տրիբունալին: Մարդկային հոծ զանգվածի մեջ բացված նեղ միջանցքի ծայրին հայտնվեց գունաթափ ու հիվանդոտ դեմքով, դուրս ցցված այտոսկրներով և կիսափառակալած աչքերով մի պատանի, որն ավելի շուտ, նման էր այն աշխարհից հայտնված մի ոգու, քան կենդանի էակի: Թվում էր, թե նա ուր որ է կփլչի՝ ասֆալտի վրա թողնելով կաշվի ու ոսկորների մի ողորմելի կույտ: Մոտենալով կառափնարանին՝ պատանին խոսեց ավելի համարձակ ու ինքնավստահ ձայնով:
– Ո՛չ: Ես եմ ոչ ասում գնդակահարությանը: Բայց ես ցույց տալու բաներ ունեմ, թույլ տվեք վեր բարձրանամ, որպեսզի բոլորը տեսնեն ինձ:
Բայց երբ պատանին մոտեցավ սանդուղքին, երկու կանաչ սաղավարտավորներ կտրեցին նրա ճանապարհը:
Ամբոխի մեջ ցասումի ու դժգոհության ալիք μարձրացավ:
– Թույլ տվեք վեր բարձրանա, որ բոլորս տեսնենք: Չե՞ք լսում, ցույց տալու բաներ ունի, - խուլ տրտնջաց ամբոխը...
– Եվ բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի նախագահը:
– Լա՛վ, թող բարձրանա, – հրամայեց նախագահը՝ ձեռքով նշան անելով կանաչ մարտիկներին:
Տարօրինակ անծանոթը մոտեցավ սանդուղքին, մի վայրկյան կանգ առավ և ապա, ասես վախենալով ընկնելուց, շատ դանդաղ սկսեց վեր բարձրանալ: Եվ իսկապես, դեռ մի քանի քայլ էլ չարած, նա բերանքսիվայր տապալվեց սանդուղքին: Երկու զինվորներ ժամանակին բռնեցին նրա թևատակերից և, ոտքի կանգնեցնելով, օգնեցին որ դանդաղ վեր բարձրանա: Շուտով պատանին վերջապես հարթակի վրա էր: Բայց մի պահ նա նորից կորցրեց հավասարակշռությունը: Նա վայր ընկավ ուղիղ դատապարտյալի ոտքերի մոտ: Չնայաց դրան՝ տղան լարեց բոլոր ուժերը և, գերագուն ճիգերով, նորից ոտքի կանգնեց: Դրանից հետո վեր բարձրացնելով ձեռքը, հասկացրեց, որ ուզում է խոսել:
Ամբոխն իսկույն լռեց և համակ ուշադրություն դարձավ:
– Ես եկել եմ պաշտպանելու արդարությունը: Ի՞նչ է արել այս մարդը: Ինչու՞ եք ուզում գնդակահարել նրան: Ասում եք ծառ է կտրել: Է՛, հետո ի՞նչ: Քիչ է, ասում եմ: Ի՞նչ է մի ծառը՝ մարդկային կյանքի համեմատությամբ: Բայց մի ծա՞ռ է, որ: Համաձայն կլինեի, եթե միայն մի ծառ լիներ: Ո՛չ, հազա՛ր անգամ ոչ, այս նույն կացնով նա կտրել է ինձ պես հարյուր հազարավոր մատաղ էակների կյանքի ծառը՝ մեզ բոլորիս զրկելով ապագայից: Հաշվի առե՞լ եք, թե այստեղ կանգնածների մեջ դեռ քանիսը կան այս կացնի զոհերից, – բացականչեց նա՝ մատնացույց անելով հանցագործի գոտուց կախված կացինը: - Առաջինը ահա ես... Տեսեք, դեռ 17 տարեկան չկամ, բայց արդեն մահապարտ եմ... Ես ոչ թե մարդ եմ, այլ կենդանի դիակ, որի մի ոտքն արդեն գերեզմանում է: Լավ նայեք, ասում եմ, - այս խոսքերով՝ պատանին պատռեց շապիկը մինչև գոտկատեղ, մերկացնելով իր կմաղքանման, վտիտ մարմինը, որն ամբողջապես ծածկված էր նողկալի խոցերով, այրվածքներով և սպիներով: - Նայեք նաև ինքներդ ձեզ ու ձեր շրջապատի մարդկանց: Տեսեք, թե ինչի եք նման: Միթե՞ դուք էլ այս կացնի զոհերից չեք: Ուշքի՛ եկեք, հայե՛ր, մի թողեք, որ սրանից հետո էլ կացնահարեն ձեզ: Առանց ծառ ու կանաչի մենք մահվան ենք դատապարտված: Զգուշացե՛ք, կանաչ մահը մոտենում է, և
նա չի խնայի ձեզնից և ոչ մեկին: Դուք այս մարդուկին դատապարտում եք գնդակահարության: Բայց ի՞նչ է գնդակահարությունը: Վայրկենական մահ՝ առանց ցավ ու տառապանքի: Ուրիշ ոչինչ: Գնդակահարվել այս գեղեցիկ հրապարակում, այսպիսի հանդիսավորությամբ: Դա մեծ պատիվ է այսպիսի ստահակի համար: Ո՛չ, ինձ նման հարյուր հազարավոր անմեղ տուժածների անունից՝ ես այս մարդուկին մեղավոր եմ ճանաչում ոչ թե ծառահատության, այլ մարդասպանության և, մանավանդ, մանկասպանության մեջ և պահանջում եմ, որ նա ոչ թե գնդակահարվի, այլ գլխահատվի հենց նույն կացնով, որով գլխատել է մեր քաղաքի վերջին ղարաղաչը:
Վերջացնելով իր խոսքը և հանկարծակի, ասես մի ինչ-որ գերբնական ուժ առնելով, պատանին անսպաելի նետվեց դեպի դատապարտվածը և նրա գոտկատեղից դուրս քաշելով արևի տակ փայլատակող կացինը՝ մի հուժկու հարված հասցրեց նրա եզային պարանոցին:
Արյունը շատրվանի նման դուրս ցայտեց ոճրագործի կոկորդից, և կտրված գլուխը թրմփոցով գլորվեց կառափնարանին: Այդ նույն պահին շառաչյունով ցած տապալվեց ղարաղաչի հսկա ծառաբունը՝ վիթխարի ծանրության տակ ջախջախելով ծառասպանի զազրելի մարմինը:
Հրապարակի տարբեր կողմերից, միաժամանակ հարյուր հազարավոր կոկորդներից, դուրս պոռթկացին ուրախության ու հավանության ճիչերը` արժանի՜ էր, արժանի՜ էր...

*ղարաղաչ – հասարակ կնձնի

Սուրեն Դայան/Մելիքյան/