Մայրերի ափի մէջ պիտ փնտռել
ազգերի ճակատագիրը:
Տկարութեան եւ կեղծիքի դէմ սկսածդ պայքարի մէջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ: Դու պիտ ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը – հայ մայրը: Ինչպիսի՜ աստւածային հաճոյք մարտնչողի համար` լսել խրախուսիչ ձայնը հայրենակրօն մօր: Ո՞վ չգիտի, թէ ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրօրէն կը բաբախի տառապող կնոջ սիրտը` կորած չէ դեռ ամէն յոյս:
«Միշտ էլ յիշենք, - ասում է գաղիական պատմութիւնը, - յիշենք, թէ մեր հայրենիքը ծնւած է մի կնոջ ստինքից, նրա սիրուց եւ արցունքներից, այն արիւնից, որ նա թափեց մեզ համար»: Մօր ազդեցութիւնը - որպէս դաստիարակչուհին եւ հոգեւորիչը մարտնչող սերունդների - նրա հրաշագործ ազդեցութիւնը այն ժողովուրդների համար, ինչպիսին է մերը, կը մնայ միակ լծակը, որ պիտ բարձրացնի եւ մեր ազգային դատը, որի ծանրութիւնը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասէրներին: Բնութիւնը - ասւած է - կնոջ ձեռքով կը գրի տղամարդկանց սրտի մէջ: Ահա թէ ինչո՛ւ հայ կինը պիտ դառնայ հայրենապաշտութեան տաճարի Վեստեան Կոյսը, նշանակւած` անշէջ պահելու նրա սրբազան կրակը: Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարաւոր օտարուհիների մէջ այն կնիքով, որ նրա ճակտին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջեւ իր աստւածանման որդու վէրքերը սգացող Տիրամօրը - հայ կինը աւելի հերոսուհի, քան թախծութեան մայր պիտ լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն Ժանդարկեան բառերը` ուղղւած մեր սերունդներին. «ՙԵթէ յոգնած էք, դադար առէք, բայց մի՛ լքէք կռւադաշտը, մի՜ դասալքէ՛ք»: Նա միայն պիտի չողբայ վէրքերն իր Հայրենիքի, այլ եւ մեր սերունդներին անսահման սէր ու պաշտամունք պիտ ներշնչի դէպ այդ վէրքերը: Նա աւելի պիտ սիրի եւ հպարտանայ, քան կարեկցի: Նրա հայրենասիրութիւնը եւս - աստւածային կրակ, բոց ու ջերմութիւն- պիտ արթնացնի թմրած առիւծը իր ժողովրդի մէջ, պիտ բարձրացնի մեր առօրեայ կեանքի թափը, պիտ քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհութիւնը: Ոգիացած հայրենասիրութիւն, որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ոյժ, անհրաժեշտ` Հայրենիքների անկախութեան ու հզօրութեան համար: Յաճախ վիրաւոր, բայց հոգեպէս անպարտելի - միայն նման ժողովուրդներն են յաջողում պատմութեան մէջ: Յաջողում են նրանք, որոնք ծանօթ չեն յուսահատութիւն կոչւած տկարութեան: Իսկ չեն յուսահատւում ժողովուրդները, որովհետեւ մարդկութեան ընտանիքի բոլոր անդամները, մեր մտաւորականութեան որոշ մասից զատ, գիտեն, որ մէկի հայրենի հողը չի կարող միւսի համար մնայուն հայրենիք դառնալ, որ դա, Յաւիտենական Արդարութեան Օրէնքի ոյժով, վաղ թէ ուշ, վերադարձւում է իր տէրերին, եթէ այդ վերջինների մէջ չի նւազել սէրը դէպ հարազատ երկրամասը: Իսկ սէր եւ նւիրում դէպ Հայրենիքը, ներշնչում եւ սնուցանում է հայրենասէր մայրը: Ահա թէ ինչո՛ւ մեր իրականութեան մէջ` ՄԱՅՐ անունը պիտ դառնայ ու մնայ սրբազան մենաշնորհը միայն եւ միայն հայրենակրօն մայրերի, եւ ոչ թէ բոլորի: Իրենց որդիներով պիտ ճանաչել եւ գնահատել կանանց: Անհայրենասէր ու անարի որդիների մայրը, անկախ` իր հասարակական դիրքից, մեր կեանքում պիտի չվայելի յարգանք: Ամէն ինչ - սէր, խնամք, ակնածանք հայրենասէր մօրը: Եւ ամէն ինչ հայրենասէր մօրից - հերոս որդիներ, յաղթական դափնիներ, անկախ Հայրենիք: Իդէալ մայրեր ունենանք երջանիկ Հայրենիք ունենալու համար: Այլապէս, քանի դեռ հայրենաշունչ մայրը կը մնայ որպէս « ՙբացակայող աստւածութիւն» հայ ընտանիքների համար, թուրքը պիտ շարունակի իր արնոտ խրախճանքը մեր սգւոր Հայրենիքում: Կան ժողովուրդներ, որոնք դեռ հեռու են անկախութեան եւ քաղաքակրթութեան բարիքները վայելելու բախտից, որովհետեւ կնոջ ազդեցութիւնը տկար է նրանց մէջ: Մի ժողովրդի բարքերը - գովելի թէ պարսաւելի - կախում ունեն մայրերից: Մայրը, միշտ էլ, իր հոգուց մի բան տեղափոխում է իր զաւակների կրծքի տակ: «Ոչ իմաստասէրներ, ոչ էլ թագաւորներ օգնութեան կանչենք Հայրենիքին, այլ մայրական ազդեցութիւնը միայն»: Կը կասկածեմ այն մօր հայրենասիրութեան մասին, որի զաւակները հայրենասէր չեն: Կ’ողբամ հայրենասիրութիւնը այն ընտանիքների, որոնք հոգեւոր Հայրենիքի մանրանկարը չեն: Կը գարշեմ այն բոլորի հայրենասիրութիւնից, որոնք դեռ թուրքերէն կը խօսեն: Թրքախօս Հայ, հայրենասէ՞ր! ... Ողորմելի, փափկամարմին, ծոյլ հայրենասիրութիւն, որ իր մայրենի լեզուն իւրացնելու ճիգն իսկ չի փորձում: Անհեթեթութիւն: Լա՛ւ է համր, քան թրքախօս լինել: - Սպարտան կը հասցնէր հայրենապաշտ եւ աներկիւղ մարտիկներ, որովհետեւ մայրերի ցանկութիւնն էր` նման սերունդ տալ Հայրենիքին: «Կեանքի ընկեր ընտրենք կանայք, որոնց կաթը արիւն լինէր, որոնց ծնունդը` հերոս եւ վրիժակ». այսպէս կ’երգէր հին Գաղիացին:
Հայ կինը: Սրա միջոցաւ հոգեփոխենք հայ ընտանիքը: Այդ վերջինի միջոցաւ`հայութիւնը: Սկսենք հայ կնոջից. աշխատենք անդուլ, մինչեւ որ սրա կաթը դառնայ հայրենապաշտութեան սրբազան կաթը: Հայրենապաշտօրէն դաստիարակենք հայ կինը եւ նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակութեան գործը: Հայ կնոջ միջոցաւ դարձի եւ զգաստութեան հրաւիրենք հայութեան ազգայնօրէն տկարացած տարրերը: Նրա պաշտպանութեան ու գուրգուրանքին յանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագոյնը, անկախութեան Մայիսը - սրբութիւնները մեր ցեղի:
Ապագան վտանգւած մեր որբախնամ ժողովուրդը - մէկ էլ կրկնենք -չկորչելու համար, հրամայողաբար պիտ դառնայ արիադաւան եւ արիախնամ: Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը: Ունենանք առիւծածին մայրեր, որոնց արիական որդիները աւելորդ դարձնէին Հայաստանը պաշտպանող արւեստական ամրութիւնները:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ
воскресенье, 27 ноября 2011 г.
ԱՌԻՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐ
Автор: bnamard на 22:31
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий