вторник, 8 января 2008 г.

Հրե~ Կենացներ....

Հրե կենացներ

Կյանքը հրաշալի է այնտեղ, որտեղ կապ կա բնության հետ: Առանց այդ կապի հնարավոր չէ հասնել հոգեկան հանգստության ու երջանկության:
Մարդ-բնություն ներդաշնակությունն էր, որ մեզ մղեց դեպի հեռավոր սարերը, դեպի ազատ տարածություն, դեպի խոր անտառներն ու քարանձավները, որտեղ թագավորում են ժայռերի վեհությունը, անտառների խորհրդավոր լռությունն ու գետերի հավերժական հոսքը: Մեր արշավախումբը շարժվում էր առաջ, անտրտունջ հաղթահարելով ճանապարհի բոլոր դժվարությունները, ետևում թողնելով տոնականորեն զարդարված քաղաքը: Մենք կտրում-անցնում էինք գետերը, բարձրանում լեռներն ու իջնում ոլոր-մոլոր արահետներով, ընկղմվելով թավ անտառների մեջ: Ճանապարհի կեսից մութը վրա հասավ. մենք շարունակում էինք քայլել: Աստղալից երկինքն ու խշխշան գետը ուղեկցում էին մեզ դեպի բնության խորհրդավոր գաղտնարանները: Գիշերով հասանք քարանձավ. հոգնել էինք, բայց մեր աչքերում մի անբացատրելի կայծ կար: Եռանդով գործի անցանք` ջուր բերել, փայտ կտրել, հաց պատրաստել, խարույկ վառել: Ճաշն արդեն պատրաստ էր, բոլորս տեղավորվել էինք խարույկի շուրջը և նշում էինք մեր մուտքը քարանձավ: Կրակի բոցերը լուսավորում էին գիշերային քարանձավը, որը մի տեսակ նախնադարյան ոգով էր լցված: Իմ դիմաց մի մեծ խորան հիշեցնող քարանձավի մուտքն էր, որտեղից գիշերային լուսնով լուսավորված հրաշալի տեսարան էր բացվում: Մի պահ ինձ թվաց` կյանքը նոր է ծնունդ առել իմ երակներում:


Հեռու հեռու, բայց այնքան մոտ,
Թռիչք անսանձ և այնքան զուսպ,
Սեր արարող, սիրտ ջերմացնող,
Կյանք ապրվող, բայց այնքան նուրբ:


Արևի առաջին շողերը մեզ ողջունեցին իրենց պայծառությամբ, և մեր հրաշալի ու անակնկալներով լի օրը սկսված էր: Մենք գտնվում էինք Խոսրովի անտառի սրտում և լսվում էր այդ սրտի ամեն մի բաբախյունը: Ձմեռային անտառն իր տարերքի մեջ էր: Վեր խոյացած ժայռերն իրենց ձյունե գագաթներով կարծես քեզ իրենց գիրկն էին առել և ողջունում էին իրենց վսեմ հզորությամբ: Ժամանակը քարացել եր, լռել էին կրքերը:
Մեր շփումները, զրույցները, փոխօգնությունը մի անտեսանելի օղակ էին հյուսել, հարազատ էինք դարձել:
Հին տարին մոտենում էր իր ավարտին, պատրաստվում էինք դիմավորել Նոր տարին քարանձավում: Ճիշտ է Նոր տարի էր, բայց առանց ավանդական սեղանի և խմիչքների: Մոտենում էին վերջին րոպեները և մենք սկսել էինք երգել հին, հարազատ դարձած երգեր: Խարույկի շուրջ հավաքված, բոլորս հարմար տեղավորվել էինք և մեր անցած ամբողջ տարվա հիշողություններն էինք հանձնում կրակին: Նոր տարվա զանգերի հետ բարձրացրինք հրե շեջով լցված մեր բաժակները և մեկս մյուսին բարին մաղթելով, ջերմ զգացմունքներով կենաց զարկեցինք` ըմբոշխնելով բաժակների հրե ջերմությունը, մեր արիական նախնիների նմանությամբ:


գեղանկարիչ- լուսանկարիչ` Կարեն Ափոյան

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

http://bnamard.blogspot.com/2008/01/new-year-in-magic-cave.html

1 комментарий:

Yana-86 комментирует...

Շատ գեղեցիկ էր գրված:Ես նույնպես բնության մեծ սիրահար եմ, ու նման պատմություն ինձ հետ էլ է պատահել, մի պահ վերհիշեցի իմ ապրած լավագույն պահերից մեկը:
Շնորհակալություն...