ՀՀ նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ բնապահպանական խնդիրներին:
Սակայն այդ ծրագրերը եւ թեկնածուների ելույթներն ուսումնասիրելիս ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ էկոլոգիական խնդիրները քաղաքական, սոցիալական ու տնտեսական հարցերի համեմատությամբ երկրորդական են: Բանն այն է, որ թեկնածուներից մի քանիսն են միայն իրենց ծրագրերում խոսել Հայաստանի բնապահպանական պրոբլեմների ու դրանց լուծման ինչ-որ ձեւերի մասին: Եվ դա այն դեպքում, երբ այսօր աշխարհի զարգացած երկրները գլուխ են կոտրում բնապահպանական հիմնախնդիրների լուծման նոր մեխանիզմներ մշակելու համար: Ճիշտ է` Հայաստանը զարգացած երկիր չէ, բայց շրջակա միջավայրի աղտոտվածությամբ ու հակաբնապահպանական շարունակվող գործընթացներով, մեղմ ասած, պակաս վատ վիճակում չէ:
Նրանցից մեկը ՀՅԴ-ական Վահան Հովհաննեսյանն է, մյուսը` վարչապետ Սերժ Սարգսյանը, ով երկրի բնության մասին հիշատակում է միայն մեկ պարբերությունում` հետեւյալ կերպ. «Հայ ժողովրդի պատմական եւ մշակութային ժառանգությունը, բնության հարստությունը եւ մեր ինքնության ավանդական շատ որակներ թույլ կտան Հայաստանը դարձնել կազմակերպված հանգստի գրավիչ երկիր»:
Իր ծրագրի հիմնադրույթներում բնական հարստությունների պահպանմանը թռուցիկ անդրադարձել է Արամ Հարությունյանը. «Ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր է կանխել արտագաղթը, ապահովել ազգային տնտեսության պաշտպանվածությունը եւ տեղեկատվական անվտանգությունը, ազգային գաղափարախոսությունը եւ բարոյականությունը, երկրի բնական հարստությունները, ռազմական հզորությունը...»:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի կանաչ տարածքների ու բնական ռեսուրսների խնդրին անդրադարձել է ելույթներում` մասնավորապես դեկտեմբերյան հանրահավաքի ժամանակ: Նա նշել է, որ այսօր հետխորհրդային երկրներում «քիչ թե շատ զարգանում են միայն սննդի արտադրության, սպասարկման, շինարարության ոլորտները եւ հատկապես հանքարդյունաբերությունը, որի անխնա ինտենսիվացումը կարող է հետագայում լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել այդ երկրների բնականոն զարգացումը»: Ներկա իշխանություններին մեղադրելով լայնածավալ սեփականաշնորհման մեջ` Տեր-Պետրոսյանը բերել է բնական հարստությունների, կանաչ տարածքների մասնավորեցման մի քանի օրինակ, մասնավորապես. «...Հայաստանի համարյա բոլոր շահագործվող եւ նույնիսկ միայն հետազոտված հանքերը, որոնք չնչին գներով վաճառվել են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ մասամբ օտարերկյա սեփականատերերի... քաղաքների, մասնավորապես Երեւանի` շինարարական աշխատանքների համար պիտանի բոլոր տարածքները, ներառյալ զբոսայգիներն ու կանաչ գոտիները... հանրապետության հանգստի գոտիների, մասնավորապես Ծաղկաձորի, Սեւանի ավազանի, Դիլիջանի, Հանքավանի, Աղվերանի անտառներն ու անտառտնտեսությանը պատկանող գույքն ու շինությունները եւ այլն»:
Թեկնածուներից Վազգեն Մանուկյանն իր ծրագրում առանձին բաժին է նվիրել բնապահպանությանը` «Կայուն զարգացման, ընդերքի օգտագործման եւ էկոմիջավայրի խնդիրները»: Այստեղ նա գրել է. «...Պետությունը պետք է հեռանկարային ծրագիր մշակի` իր ռեսուրսային պոտենցիալը փուլ առ փուլ արտադրության մեջ ներգրավելու համար, նկատի ունենալով սպառվող պաշարները, մետաղի պահանջարկը եւ շուկայական գները, ներդնելով հանքավայրերի շահագործման էկոլոգիապես անվտանգ ժամանակակից տեխնոլոգիաները: Այդ տեսակետից պետք է վերանայել Թեղուտի շահագործման մասին կառավարության որոշումը: Անհրաժեշտ է խորացնել բոլոր օգտակար տարրերի կորզման տեխնոլոգիական արտադրանքը եւ հումքի արտահանման փոխարեն ձգտել վերջնական արտադրանքի ստացմանը»: Բնապահպանների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ Վ. Մանուկյանը անդրադարձավ «ռեսուրսային պոտենցիալը փուլ առ փուլ արտադրության մեջ ներգրավելուն» եւ Թեղուտի խնդրին. «ԽՍՀՄ տարիներին հանքերի շահագործման մեթոդաբանություն կար: Հանքի պաշարի չափը, հումքի գինը միջազգային շուկայում պատճառ էին դառնում, որ շատ հանքեր կոնսերվացվեին: Եթե այդ չափանիշներով դիտարկեինք Թեղուտի հանքի շահագործումը, ապա այն 30-50 տարի դեռ չպետք է շահագործվեր: Եթե այսպես շարունակվի, 5-10 տարի հետո մեր բոլոր հանքերը վաճառված կլինեն արտասահմանյան շինծու ընկերություններին, որոնց հետեւում կանգնած կլինեն մեր իշխանավորները»:«Թեղուտի շահագործմանը մենք դեմ ենք երկու պատճառով. առաջին` զուտ պրագմատիկ հաշվարկներից ելնելով` ոչ մի երկիր նման հանք հիմա չէր շահագործի: Երկրորդ` եթե նույնիսկ օգտագործելու անհրաժեշտություն լիներ, դա պիտի արվեր այնպես, որ Թեղուտի ունիկալ անտառը չոչնչացվեր: Մեզ մոտ դա բացարձակապես հաշվի չի առնվում»:
Թեկնածու Արման Մելիքյանը բնապահպանության խնդիրը դիտարկել է «կյանքի որակ» հասկացության համատեքստում, որը «սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, գաղափարախոսական, բնապահպանական գործոնների, ինչպես նաեւ` անհատի գոյության, մարդու` հասարակության մեջ գրաված դիրքի ամբողջություն է»: «Որակի բնապահպանական բաղադրիչները կարեւորագույն դեր են խաղում շրջակա միջավայրի պահպանության եւ առողջացման խնդիրների լուծման, երկրի եւ երկրագնդի բնապահպանական անվտանգությունն ապահովելու համար: Բնապահպանության եւ բնական ռեսուրսների պաշտպանության խնդիրները նույնպես հռչակված են ազգային անվտանգության հիմնարար արժեքների դեմ ուղղված սպառնալիք: Մեր ժամանակներում դժվար չէ գտնել այնպիսի վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի անխնա շահագործման հետեւանքով առաջացած հիվանդություններով տառապող կամ դրանցից մահացած մարդկանց թվաքանակին... Մեզանում լուրջ խնդիր է դարձել նաեւ բնական ռեսուրսների հաճախ չհիմնավորված, անխնա օգտագործումը, ինչը նույնպես վատ պետական կառավարման խնդիրներից է: Այս տեսանկյունից կարող է կիրառելի լինել բնապահպանական ոլորտում կառավարման միջազգային համակարգերի ներդրման պրակտիկան»: «Մեր իրականության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ որպես զարգացման աճի ցուցանիշ են մատուցվել այն նախագծերն ու ձեռնարկումները, որոնք պետական միջոցների բաշխման չարդարացված շեղումներ են պարունակում եւ ակնհայտորեն անտեսում են, օրինակ, բնապահպանաան խնդիրները, ինչն, ըստ էության, կայուն զարգացման լրջագույն խնդիր է»: «Մարդկային ներուժի զարգացման մեջ ներդրումային սխալ քաղաքականության, բնական միջավայրի` այդ թվում նաեւ բնական ռեսուրսների նկատմամբ անխնա վերաբերմունքի, ինչպես նաեւ` ֆինանսական կամ արտադրական կապիտալի մեջ քաղաքական հովանավորչությամբ ներդրումային քաղաքականություն իրականացնելու արդյունքում մեր պետությունում այսօր ձեւավորված իրավիճակը դժվար է զարգացում կոչել»:
Արթուր Բաղդասարյանն էլ իր ծրագրում էկոլոգիական հարցերի մասին հանդես է եկել առանձին գլխով, որը կոչվում է «Մաքուր բնություն, առողջ մարդ»: Խոսելով պետական թողտվությամբ որոշ գործարարների ու տեղական «իշխանիկների» կողմից բնությանը հասցված հսկայական վնասի, հանրապետության հողերի աղակալման, անապատացման, Թեղուտի հարցի, Երեւանի ոչ բարվոք էկոլոգիական վիճակի մասին` թեկնածուն առաջարկել է ռազմավարական քայլեր, մասնավորապես. «Բնապահպանական անվտանգության հայեցակարգի մշակում եւ ընդունում, Հայաստանի ջրային ռեսուրսների խնայողական օգտագործման մեխանիզմների մշակում եւ ներդրում մոտակա 2-3 տարիների ընթացքում... նվազագույնի հասցնել անտառահատումները Հայաստանում` խստորեն պատժելով անօրինական արդյունաբերական նպատակներով, ինչպես նաեւ` արտահանմանն ուղղված զանգվածային անտառահատման դեպքերը... նպաստել Հայաստանում թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծմանը` բնապահպանական տեխնոլոգիաների կիրառմամբ, որպես գերակայություն դիտարկել հանքավայրերի օգտագործման արդյունավետության բարձրացումը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, խստացնել պատասխանատվությունը ընդերքի անխնա օգտագործման, կանաչ տարածքների, անտառծածկույթով հարուստ վայրերի օգտագործման համար... առանձնահատուկ ուշադրություն դարձնել Երեւանի եւ երկրի մյուս խոշոր քաղաքների համալիր եւ հավասարաչափ զարգացմանը, քաղաքաշինության ոլորտում ամրապնդել օրինականությունը եւ կանխել ապօրինի շինարարության բազմազան դրսեւորումները, պուրակների, զբոսայգիների եւ այլ կանաչ տարածքների պահպանման համար կիրառել օրենսդրական պաշտպանության կոշտ միջոցներ, անխտիր ներդնել «կանաչ ճարտարապետության» սկզբունքը բոլոր քաղաքներում...»: Բնական ռեսուրսների պահպանումից ու ճիշտ օգտագործումից է կախված երկրի տնտեսությունը: Սա, կարծես, ոչ բոլոր թեկնածուներն են հասկանում, կամ գուցե հասկանում են, սակայն անտեսում են, որովհետեւ իրենց այդպես է ձեռնտու: Հետեւաբար այն, որ երկրի նախագահ դառնալու ցանկություն ունեցողներից ոմանք ընդհանրապես չեն շոշափում Հայաստանի էկոլոգիայի թեման, ընտրողներին պետք է լավ մտածելու տեղիք տա: Բայց հարց է նաեւ, թե մյուս թեկնածուները, որոնք բարձրաձայնում են խնդրի մասին, որքանով տեր կկանգնեն իրենց խոսքին ու թղթի վրա գրվածը կդարձնեն իրականություն:
Комментариев нет:
Отправить комментарий