Հագա քամոտ կիսաշրջազգեստս, զինվեցի Թեղուտի կանաչ շապիկով, գիրկս առա հողով լի դույլը, որի մեջ ապրում էր մի վարդագույն կյանք ու գնացի ԱՄՆ դեսպանատուն: Ջազի հնչյունները փորձում էին միացնել անմիանալին…Մի թևին կանգնած էին Գագիկ Ծառուկյան-Նաիրա-Քուշկյան երրորդությունը, մյուսին` Էդուարդ Նալբանդյան, Սեյրան Օհանյան, մեջտեղում իր գովեստի խոսքն էր կարդում Հովիկ Աբրահամյանը:
Թեղուտի անտառը վերացնող երկարաքիթ, երկարաճիթ կոշիկներով, ծամծռված հայացքով, կացինը ձեռքերի փոխարեն, Թեղուտը շահագործող Գագիկ Արզումանյան-Ներսես Երիցյան զույգը անբաժան լեզվի մասնիկներ էին անդադար փոխարինում միմյանց հետ:
Ներս մտնելուն պես դեմ առ դեմ դուրս եկա պարոն քաղաքապետ Գագիկ Բեգլայրանին: Բարևիցինք, անցանք առաջ… Ու սկսվեց իմ «որսը»: Առաջին «զոհը» Հովիկ Աբրահամյանն էր:Մոտեցա, խնդրեցի մի քանի րոպե տրամադրել հասարակական մեծ հնչեղություն ստացած բնապահպանական խնդրիներից մեկին, ներկայացա, ու շտապ անցա Խոսրովի թեմային:
- Բա Ձեր անունը վերջերս շատ է շրջանառվում Խոսրովի արգելոցում կառուցվող ռեստորանի շուրջ:
- Առաջին անգամ եմ լսում նման կառույցի մասին, էդ ի՞նչ ա, որտե՞ղ ա, իմ անունը շատ տեղերում է հոլովվում:
-Այսինքն, սո՞ւտ է, Դուք պաշտոնապես հերքո՞ւմ եք:
-Դե, նախ արգելոցում ինչի՞ պիտի նման շինություն լինի, հարցրեք բնապահպանության նախարարին:
-Նա տեղյակ է, դեմ է, դուք ի՞նչ կասեք, ինչո՞վ կօգնեք, կկասեցնե՞ք նման անօրինականությունը:
-Ես անձամբ իրեն հետ կկապնվեմ, կկարգադրեմ զբաղվել էդ հարցով:
Հաջորդը` պաշտպանության նախարար ՍԵյրան Օհանյանն էր.
-Բարև Ձեզ, Հայաստանի ծառերը նույնպես Ձեր պաշտպանության կարիքն ունեն, բնությունը դա մեր Հայրենիքն է, իսկ այն բոլորինս է:
Մեր փոքրաթիվ ուժերը չեն բավականացնում պաշտպանել այն, անհրաժեշտ է միավորվել, ինչո՞վ կարող եք օգնել:
Երկար լուրջ, թեք նայեց ու ասաց.
- Ինձ դիմում գրեք, կարո՞ղ եք, կոնկրետ խնդիրները նշեք, ես հանձնարարական կտամ, կօգնեմ…
Նունե Եսայանը շատ մտազբաղ էր, Երևանի կանաչ տարածքների մասին էի հիմնականում պատմում, որ այգի չմնաց, բոլորը վերածում են անշունչ բետոնի, մեր քայլերից ասացի` ընդհուպ մինչև դատական հայցին միանալու մասին.
- Օգտագործեք ձեր հնարավորությունները, կոչեր հնչեցրեք, ազդեք մարդկանց վրա:
- Ես պետք է մտածեմ, մի քանի օրից արի «NN» գեղեցկության սրահ…ինձ ժամանակ է պետք
Ռաֆֆի Հովհաննիսյանը տեսնելուն պես մոտեցավ, ջերմ սեղմեց ձեռքս… Ինքն առաջարկեց հանդիպել մտածելու համար, թե ինչպես կարելի է միավորել այն բոլոր փոքրաթիվ, ոչ քաղաքական ուժերը, որոնք պայքարում են օտարալեզու դպրոցների բացման դեմ, Թեղուտի, Խոսրովի, Ուսանողական այգու համար, կանանց, երեխաների իրավունքների համար պայքարող ՀԿ-ները
Ասում է` պետք է միավորվել, բայց թե ինչպես` ինքն էլ չգիտի, կապող օղակներ են պետք
Ժողովուրդ, ո՞վ կա այդտեղ: Մենք իրար պետք ենք: Ինչո՞ւ պիտի անդունդ լինի մեր միջեւ: Լցնենք այդ անդունքը մեզանով:
Մարիամ Սուխուդյան
суббота, 3 июля 2010 г.
Որսն ու Զոհերը~
Автор: bnamard на 20:56
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий