ՀԿ-ների հայտարարությունը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ
Posted on Փետրվար 1, 2011 by aghajanyan
Թեղուտի անտառը
2010թ. դեկտեմբերի 14-ին Երևանում կայացավ միջազգային կոնֆերանս «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի բնապահպանական անվտանգությունը» խորագրով: Ստորև ներկայացնում ենք կոնֆերանսի արդյունքում հասարակական կազմակերպությունների հայտարարությունը:
2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Դեբեդ գետի ավազանում, երկրաշարժերի և սողանքների առումով խոցելի տարածքում: Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը` անդրսահմանային Դեբեդ գետի վտակը:
Հաշվի առնելով, որ
* հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի քանի հարյուր հեկտար լեռնային անտառների կորստի, ջրային ռեսուրսների չորացման, հողերի էրոզիայի և ամբողջական էկոհամակարգերի, այդ թվում` անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների ոչնչացման,
* բնական աղետների կամ արդյունաբերական վթարների դեպքում արծաթ, ռենիում, կապար, մկնդեղ, պղինձ, մոլիբդեն, ցինկ, ծծմբային միացություններ և այլ քիմիական նյութեր պարունակող պոչանքները կթունավորեն Շնող գետի և դրա վտակների կողմից ոռոգվող դաշտերը` սպառնալով սննդի անվտանգությանը և մարդկանց առողջությանը.
հաստատելով, որ
* հանքարդյունահանող ընկերության կողմից կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը մշակվել է միայն նախագծի առաջին 8 տարիների համար` առանց հաշվի առնելու նախագծի 50 տարվա ժամանակահատվածի հետևանքները և, ինչպես նաև արտակարգ իրավիճակները և ռիսկերը` անդրսահմանային համատեքստում,
* Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը նկատի չի առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության սխալ հաշվարկները և էկոհամակարգերին հասցվող վնասների թերագնահատումը,
* Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող որոշումների ընդունման գործընթացները թերացել են հասարակայնության արդյունավետ և ժամանակին ծանուցում և մասնակցություն ապահովելու գործում` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերին առնչվող տեղեկության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն.
* Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ձեռնարկել ոչ մի քայլ` բացահայտելու անդրսահմանային ռիսկերը և խորհրդակցություն սկսելու Վրաստանի իշխանությունների ու հասարակայնության հետ` իրականացնելու ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» Էսպուի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները,
* Վրաստանի կառավարությունը չի ճանաչել անդրսահմանային ռիսկերի հնարավորությունը և ձախողել է ոչ միայն վավերացնել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Էսպուի կոնվենցիան, այլև դրսևորել է անպատասխանատու վարքագիծ և չի կատարել համապատասխան հարցումներ` ընթացք տալու մտահոգ հասարակայնության կողմից հնչեցված ահազանգերին.
մտահոգվելով, որ
* երկու երկրների իշխանությունների նման անպատասխանատու մոտեցման հետևանքով տարածաշրջանը կարող է կանգնել էկոլոգիական աղետի առջև, իսկ Հայաստանի Հանրապետությունը` որպես աղետի աղբյուր հանդիսացող երկիր, պարտավորված կլինի ոչ միայն վերացնել վնասները սեփական երկրի սահմաններում, այլև հատուցել հարևան պետությունների կրած վնասները.
Մենք` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և անհատներս անհրաժեշտ ենք գտնում, որ
Հայաստանի Հանրապետության իշխանությունները
- կասեցնեն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը` մինչև շրջակա միջավայրին հասցվող վնասների վերագնահատումը,
- կազմակերպեն շրջակա միջավայրի վրա ազդեցության անկողմնակալ և համապարփակ գնահատում` միջազգային լավագույն փորձին համապատասխան,
- սկսեն խորհրդակցություններ Վրաստանի իշխանությունների և հասարակայնության հետ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ:
Վրաստանի իշխանությունները
- վավերացնեն Էսպուի կոնվենցիան,
- մասնակցեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող խորհրդակցություններին` բացահայտելու շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը անդրսահմանային համատեքստում:
ՀԱՅԱՍՏԱՆ
четверг, 3 февраля 2011 г.
ՀԿ-ների հայտարարությունը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ
Автор: bnamard на 17:30
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий