понедельник, 2 июня 2008 г.

Սովորենք Հեքիաթներից~~

Հեքիաթ անտառի, հրեշների ու բնության հաղթանակի մասին

Կար-չկար, մի անտառ կար, անունը` Թեղուտ: Էս Թեղուտը աշխարհի ամենասիրուն, ամենախաղաղ ու բարի անտառն էր: Էս անտառը շատ-շատ տարբեր բնակիչներ ուներ. հա´մ բարձր ու մեծ ծառեր կային, հա´մ փոքրիկ, գունավոր թուփիկներ, հա´մ պայծառ ու ժպտուն ծաղիկներ: Եվ երբ նրանցից մեկին ինչ-որ բան էր հարկավոր լինում, բոլորով հավաքվում ու օգնում էին, եթե փոքրիկ թուփիկները ներքևում շոգում էին, մեծ ծառերը օրորովում ու հով էին անում նրանց համար: Երբ բարձր ծառերը, որոնց կատարները արևին էին հասնում, ծարավում էին, գետակների ափերին աճած թուփիկ

ները նրանց համար ջուր էին բերում: Էսպես համերաշխ ու ուրախ ապրում էին ծառերը, նրանց կողքին էլ` սիրուն-սիրուն կենդանիներն ու թռչունները: Թե նայեիր, մի կողմում կտեսնեիր վազվզող նազուկ եղնիկներին, մյուս կողմում` միմյանց հետ խաղ անող փոքրիկ փափլիկ նապաստակներին: Երկնքում էլ` արևի ու ծառերի միջև գեղեցիկ ու բազմերանգ հավքեր էին ճախրում: Ամեն երեկո Թեղուտի էս համերաշխ անտառը համերգ էր տալիս. Նախ ծառերն էին քամուց շարժվում ու սկսում իրենց երգը: Հետո կենդանիներն էին հավաքվում բացատներում, ձայնակցում նրանց ու պարում, սարից իջնող գետակներն էլ կարկաչում էին ու իրենց երգը բերում, թռչուններն էլ ձայն էին տալիս երկնքից ու տարածվում էր անտառի երգը սարեր-ձորե~ր, բոլոր-բոլորն էին լսում ու հիանում: Էսպես` սար ու քար, թուփ ու ծառ, ծաղիկ, գետ, կենդանի միասին երգում էին ու ուրախանում, էսպես ճանապարհ դնում արևն ու դիմավորում լուսինը: Էնքան գեղեցիկ էին երգում ու էնքան բարի, որ Հայաստանի տարբեր ծայրերից մարդիկ երկա~ր շարքերով, մեծ խմբերով գալիս էին` ականջ դնելու անտառին ու էդպես զմայլված մնում էին մինչև առավոտ:
Մի օր էլ սև ամպեր են հավաքվում Թեղուտի անտառի վրա, կայծակ է զարկում, ու լուր է հասնում,
թե հարևան սարերից մեծ հրեշներ են գալիս` ավերելու անտառը: Իրար են խառնվում ծառ ու կենդանի, հատկապես երբ նրանց են հասնում պատմությունները, թե ինչպես են էդ հրեշները, մինչև հարևան
սարերը հասնելը, ուրիշ շատ սիրուն անտառները ավերել ու վերացրել... թռչունները թաքնվում են ծառերի փչակներում ու վախից էլ ձայն չեն հանում, բոլոր հսկա ծառերը խոնարհում են գլուխներն ու սպասում, թե երբ վրա կհասնեն հրեշները: Մարդիկ էլ, նկատելով, որ չի լսվում անտառի երգը, իմանում են վտանգի մասին ու, փոխանակ անտառին օգնելու, իրենք էլ վախենում են ու փակվում իրենց կացարաններում: Անտառում միայն մեծ կաղնին է անվախ կանգնած մնում ու հպարտ արծիվն է ճախրում` անտեսելով անձրևն ու ամպրոպը: Էս երկուսը` ծառերի ու թռչունների անվախ արքաները, վերից նայում են ու տեսնում սարերի ետևից հրեշների բարձրացրած փոշու ամպերը, կնշանակի` նրանք արդեն մոտ են: Ու խորհուրդ են անում կաղնին ու արծիվը ու որոշում ոչ մի դեպքում չհանձնվել, այլ կռիվ տալ հրեշների դեմ` մինչև վերջին ծառն ու թուփը: Արքաները երկար խոսքով դիմում են իրենց հպատակներին, կաղնին ծառերին է ոգշնչում, արծիվը դուրս բերում փչակներից ու հորդորում չվախենալ: Ոտքի է կանգնում ողջ անտառը, նորից ձայն-ձայնի են տալիս ու հերոսական երգեր երգելով` պատրաստվում կռվին: Հսկա ծառերը խիտ շարքով պարիսպի պես կանգնում են անտառի մուտքի մոտ, թռչուններն ու արագավազ եղնիկները լուր են տանում հարևան անտառներին, թե` հե~յ, եկե~ք, Թեղուտն են կոտորում, օգնե~ք, հրեշները ամենաբարի անտառի վրա են ձեռք բարձրացնու~մ... Ու ողջ Հայաստանի ծառերն ու կենդանիները, գետերն ու լճերը` ողջ բնությունը ոտքի է կանգնում ու ելնում հրեշների դեմ:Մինչ հրեշները վերջին սարերն ու ձորերը կանցնեին, հսկա կաղնին կանգնում է անտառի ու օգնության եկածների հզոր բանակի առջևում ու ձայն տալիս. «Հե~յ, հրեշիկնե~ր, հապա կանգ առեք ու մեզ նայեք: Մի տեսե´ք մեզ... չե՞ք վախենում»: Հրեշները, երկար վազելուց հետո, կանգ են առնում ու նայում առաջ... մեկ էլ ի~նչ, տեսնում են` ի~նչ Թեղուտ. սարե~ր-ձորե~ր ոտքի կանգնած, ծառերն ու կենդանիները գլուխները հպարտ վեր ձգած իրենց են սպասում: Ահը հրեշների սիրտն է ընկնում, նայում են ու իրենց դեմ դուրս եկած բնության ծայրը չեն տեսնում. «Դե ի՞նչ,- շարունակում է ձայն տալ կաղնին,- հրեշիկնե´ր, չլինի՞ կարծում էիք, թե պիտի լռենք ու ենթարկվենք ձեզ... դե հիմա տեսնու՞մ եք, թե ինչ ուժեղ ու միասնական է Հայաստանի բնությունը: Դե շու´տ փախեք ձեր եկած ճանապարհով, քանի մենք չենք կոտորել ձեզ...դե... փը´շտ»,
էս խոսքի հետ էլ որ մոտակա սարի ետևից բարձր ճիչով դուրս է գալիս հսկա արծիվն ու ծանր թեևերը թափահարում հրեշների վրա, սրանք հո լրիվ վախենում են: Իրեն հերոս հռչակած հրեշիկը գլուխն առնում է ափերի մեջ ու առանց ետ նայելու թողնում-փախչում` ինքն էլ չիմանալով, թե ուր... մյուս հրեշիկներն էլ տեղում քարացած են մնում, ծնկների վրա են ընկնում ու լացուկոծով ներում հայցում բնությունից. «Վա~յ, անտառի մե~ծ արքա, ների~ր մեզ, խնդրու~մ ենք, մի~ սպանեք մեզ...»: Իմաստուն կաղնին էսպես է պատասխանում նրանց
. «Բնությունը երբեք ոչ մեկին չի կարող վնաս տալ, էնպես որ կորե´ք այստեղից, բայց իմացա´ծ եղեք, որ թե ձեր հրեշներից մեկն ու մեկը էլի փորձի մեզ վախեցնել ու մեր Հայաստանի ծառ ու ծաղկի, կենդանու կամ թռչունի վրա ձեռք բարձրացնել, էլի էսպես բոլորով հավաքվելու ենք ու տեր ենք կանգնելու մեր կյանքին ու գլխին: Դուք տեսաք, գնացեք մնացած ձեր պես անխելք ու չար հրեշիկներին տեղյակ պահեք, թե ինչքան անվախ ու հզոր է Հայաստանի բնությունը... փը´շտ»:
Էս հրեշիկներն էլ հազար ու մի անգամ գլուխ են տալիս իմաստուն կաղնուն, փախչում-գնում իրենց երկրներն ու պատմում էս պատմությունը Թեղուտի անտառի բնակիչների իմաստության ու Հայաստանի բնության անվախության ու հզորության մասին: Երբ սրանք էսպես վախեցած փախչում են, անտառը ուրախությունից պարում է ու ալեկոծվում: Այդ երեկո ողջ Հայաստանի բնությունը, Թեղուտի անտառի հետ, ցնծում է, բոլոր կենդանիներն ու բույսերը երգում են ու նշում իրենց հաղթանակը: Մարդիկ էլ, լսելով անտառի կողմից եկող ցնծագին բացականչությունները, դուրս են գալիս իրենց թաքստոցներից ու տեսնում երգող-պարող անտառը: ՈՒ ամաչում են մարդիկ, որ իրենք վախեցել էին թշնամուց, իսկ բնությունը ոտքի էր կանգնել ու հաղթել հրեշներին: Բայց բարի անտառը մարդկանց էլ է կանչում` մասնակցելու իր մեծ ուրախությանը: Ու էդպես յոթ օր, յոթ գիշեր մարդ ու բնություն միասին նշում են չար հրեշների հանդեպ տարած հաղթանակը:

Երկնքից երեք խնձոր է ընկնում` մեկը լսողին, մյուսը պատմողին, երրորդն էլ` էն մարդուն, ով էս հեքիաթը լսելուց հետո էլ չի վախենա հրեշիկներից ու կելնի, կկանգնի Թեղուտի անտառի կողքին, որ պաշտպանի նորանոր վտանգներից:



Մարդկանց մեջ ապրող` հեքիաթից պոկված Փերի Սեդա~

2 комментария:

Анонимный комментирует...

apri sedan, lavn er heqiat@ , bayc iskapes shat lav heqiat er , jamanakic shut petq chi haxdanak tonel, et hreshner@ axr heru motik liq@ barekam hreshner unen , axperutyun unen, @ngerutyun unen, dranq shakalneri nman shat en, inchqan spanes eli verj chen unena, dra hamar misht petqa ardun linel u amen gnov amen mijocnerov payqarel dranc dem , vor verj i verjo dranc qoq@ ktrvi............

Анонимный комментирует...

Ed erord xndzore brnoxnere tox shat linen!!!!!!