среда, 5 августа 2009 г.

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ՝ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՍԽԱԼ, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԱՐՔ

Օրերս «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ ստացավ, որ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկից նոր քարտեզագրման արդյունքում 23 հեկտարանոց անտառապատ տարածք է օտարվում:

«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ. եւ ունեցել է 400,43 hա տարածք: Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ եւ պարտեզային ձեւեր` եղեւնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արեւմտյան, 300 տեսակի անոթավոր բույսեր, եւ այլն:

2007թ. սկսվեցին տարածքի քարտեզագրման աշխատանքները: Արդյունքում հայտնվեց մի քարտեզ, որտեղ պարկի տարածքը սահմանվում էր 423հա, այսինքն` մոտ 23 հա ավելի: Որոշ ժամանակ անց կադաստր մտցնելու համար ներկայացվեց եւս մեկ քարտեզ` սկզբնական տարածքի չափով, սակայն այդ նոր քարտեզում այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, փոփոխված էին «Ջրվեժ» անտառապարկի սահմանները. դուրս էր հանված անտառածածկ 23 հեկտարանոց տարածքը, փոխարենն ընդգրկվել էր լերկ լանջերով հողակտոր: Քարտեզագրումն իրականացրել է «Ուայթ գեյթ» կազմակերպությունը:

Անտառապարկից դուրս մնացած տարածքը, որը կազմում է ամբողջ պարկի անտառածածկ տարածքի մոտ 1/10-րդ մասը, (ընդհանուր անտառածածկ տարածքը 260 հա է), գտնվում է Գառնի-Երեւան խճուղու վրա: Այստեղ են աճում Հայաստանի ամենագեղեցիկ սոճիները, եւ որ ամենակարեւորն է, այստեղով են անցնում Անտառապարկը ոռոգող հիմնական ջրագծերը: «Եթե, իսկապես, այդ տարածքը դուրս գա անտառապարկի սահմանից, ապա դա կործանարար է պարկի համար` ջրագծերով հիմնական տարածքը դուրս հանել պարկից: Ի՞նչ կլինի, եթե պարկը չոռոգվի, գոյություն չի ունենա, մի տարի, երկու տարի հետո կչորանա»,- ասաց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Անահիտ Հարությունյանը:

ՀՀ կառավարությունն այս տարվա հունիսի 18-ին արդեն իսկ նոր որոշում է ընդունել «Ջրվեժ» անտառապարկի տարածքի ու նկարագրի վերաբերյալ: Սակայն «Արգելոցապարկային համալիր»-ի տնօրեն Գեւորգ Սարգսյանը խոստովանեց, որ կառավարության որոշումից տեղյակ չէ եւ իրեն ոչ մի գրություն չի ուղարկվել այդ մասին: «Դեռ հայտնի չէ, թե քարտեզագրման արդյունքում որ տարածքներն են ներառվել եւ որոնք դուրս հանվել «Ջրվեժ» անտառապարկի տարածքից»,- ասաց նա: (Դիտարկում, «ԷկոԼուր»-ը կատարեց իր խոստումը եւ պարոն Սարգսյանի էլեկտրոնային հասցեին ուղարկեց ՀՀ կառավարության՝ «Ջրվեժ» անտառապարկի վերաբերյալ որոշումն իր հավելվածով, որտեղ նկարագրվում են պարկի սահմանները): «Ջրվեժ» անտառապարկի տնօրենն էլ իր հերթին զարմացավ՝ տեղեկանալով խնդրի մասին. «Սա մեր տարածքն է, եւ մենք հոգ ենք տանում նրա մասին, խնամում ենք, մաքրում ենք այն: Եթե մեր տարածքը չէ, ապա ինչու՞ ենք այդքան ուժ ծախսում: Մեր ջանքերը կներդնենք մեր մյուս խնդիրների լուծման համար»: Իդեպ, մեր տեղեկությունների համաձայն, կառավարությանն այս տարածքը ներկայացվել է որպես աղբանոց: Այս մասին անուղղակիորեն հաստատեց բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. «Զիբիլանոց տեղ է, բայց ես անձամբ էնտեղ չեմ եղել: Դե մեկ չի` ում է պատկանում, միեւնույնն է Հայաստանի մեջ է»,- մեզ հետ ընկերական զրույցում նշեց պաշտոնյան:

Ըստ տեղեկությունների՝ անտառապարկից դուրս բերված անտառապատ տարածքն անցնելու է Ողջաբերդ համայնքին: Ողջաբերդը հայտնի է որպես սողանքային գոտի, այդ պատճառով համայնքի հողերը էժան են գնահատվում: Մեծ է հավանականությունը, որ այն անձինք, ովքեր շահագրգռված են կանաչապատ հողակտորի օտարման գործում, Ողջաբերդից էժան գնով ձեռք կբերեն այն:

Նոր սահմանների խնդիրը միակը չէ, որ պատուհասել անտառապարկին: Անտառապարկի տարածքում «Հրանտ Վարդանյան բարեգործական հիմնադրամ» կազմակերպությունը 25 տարով վարձակալել է պարկի 32 հա հողատարածք: Բացառված չէ, որ «Ջրվեժ» անտառապարկից տարածքների օտարման գործընթացն իր մեջ կներգրավի ոչ միայն վերոնշյալ տարածքը, այլ նաեւ «Հրանտ Վարդանյան բարեգործական հիմնադրամ» կազմակերպության վարձակալած տարածքը եւ չափսերով ավելի փոքր այլ վարձակալած տարածքներ: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿԻ նախկին տնօրեն, ներկայիս գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Վոլոդյա Ոսկանյանը նշեց, որ անտառապարկը ամբողջական օրգանիզմ է, որը պետք է պահպանել ամբողջությամբ: «Կան բույսեր, որոնք չջրելով են դուրս գալիս շարքից, բույսեր էլ կան, որ շատ ջրելուց են շարքից դուրս գալիս: Պետք է ամեն ինչ հաշվի առնել: Էնպես որ մեր խնդիրն ամբողջ պարկին է վերաբերվում»,- ասաց Ոսկանյանը:

Խնդրի մասին մեկնաբանություններ ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանին: Նա ասաց, որ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունի եւ առաջարկեց նախարարությանը գրավոր դիմել:

Հետեւելով այդ խորհրդին՝ «ԷկոԼուրի» հաջորդ թեժ էկոլոգիական նորությունների թողարկման մեջ կհրատարակվի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված հարցումը: Հետաքննութունը շարունակվում է:
(Տե՛ս լուսանկարները):

Комментариев нет: