Անահիտ Փիլոսյան, «Հայք»
«Ջրվեժ» անտառպարկի տարածքի 23հա-ն վտանգված է: Առաջին հայացքից անմեղ թվացող որոշմամբ կառավարությունն իրականում անտառպարկի հաշվին «յուղալի» կտորներ է ցանկանում ձեռք բերել: Չնայած կառավարության որոշումն արդեն ընդունված է, սակայն պաշտոնական որեւէ աղբյուր մեկնաբանություն եւ բացատրություն չի ցանկանում տալ:
Կառավարության 2009թ. հունիսի 18-ի 684-Ն որոշման համաձայն, հաստատվել են «Ջրվեժ» անտառպարկի նկարագիրն ու տարածքի չափը: Իրավաբանորեն կառավարությունը որեւէ խախտում չի թույլատրում, քանի որ, ինչպես նախկին քարտեզագրման ընթացքում, այպես էլ հիմա անտառպարկին տրվում է 400հա տարածք: Ամբողջ խնդիրն այն է, որ 2007թ., երբ նոր քարտեզագրում է սկսվել, չգիտես ինչու, անտառպարկի տարածքը դարձրել են 423 հա, հետագայում «ուղղել» են իրենց սխալը` թողնելով 400 հա, բայց այս անգամ 23հա անտառապատ տարածք օտարել են եւ դրա փոխարեն ներառել խոպան, վատորակ հողեր: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություներով, քարտեզագրումը կատարել է «Ուայթ գեյթ» կազմակերպությունը, որին նաեւ բնապահպանության նախարարությունը վստահում էր Սեւանի ափամերձ տարածքների մաքրումը: Չափազանց վստահությունը միեւնույն կազմակերպության նկատմամբ բոլորովին տարբեր խնդիրների դեպքում, շատ կասկածելի է: Ինչ վերաբերում է անտառպատ 23 հա տարածքին, ապա այն տրվում է Ողջաբերդ համայնքին: Կառավարության` համայնքի նկատմամբ բարեգթության տակ, սակայն, զուտ տնտեսական հաշվարկ է թաքնված:
Ակհայտ է, որ նման տարածքը իշխանությունները չեն թողնի գյուղապետարանի իրավասության ներքո, եւ կարճ ժամանակ անց իբր թե աճուրդ անց կկացվի, ինչ-որ մի կազմակերպություն, որն իրականում իշխանություն վերին օղակներից գտնվող մեկն ու մեկինը կլինի, կգնի հողատարածքը շատ ցածր գներով, քանի որ, ինչպես հայտնի է, Ողջաբերդ գյուղի տարածքում եղած սողանքների պատճառով այստեղի հողերը էժան են գնահատվում: Բնապահպանության նախարարությունը, ի դեմս իր աշխատակիցների, փորձում է տպավորություն թողնել, թե ոչնչից տեղյակ չէ: Մենք փորձեցինք խնդիրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ «Արգելոցապարկային համալիրի» տնօրինությունից, որի ղեկավարած կառույցի կազմում է «Ջրվեժ» անտառպարկը, բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունից, որին ենթարկվում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը, սակայն երկու դեպքում էլ ոչ մի պարզաբանում չստացանք:
Երբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այցելեցինք ՊՈԱԿ-ի վարչական շենք, տնօրեն Գեւորգ Սարգսյանը դեռ աշխատավայրում չէր, եւ մինչ նա կգար, զրուցեցինք ավագ մասնագետ Անահիտ Հարությունյանի եւ կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Վոլոդյա Ոսկանյանի հետ: Երկու աշխատակիցներն էլ անչափ վշտացած էին կառավարության նոր որոշումից եւ ասում էին, որ այդպիսի տարածքի օտարումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ողջ տարածքի համար: Միայն այն հանգամանքը, որ օտարված տարածքում են գտնվում ողջ տարածքի ոռոգման ջրի խողովակները, արդեն իսկ խոսուն փաստարկ է, չէ՞ որ նոր սեփականատիրոջ յուրաքանչյուր քմահաճույք կարող է բացասաբար անդրադառնալ անտառպարկի համար:
Նշենք, որ «Ջրվեժ» անտառապարկը հիմնադրվել է 1977թ: Այստեղ աճում է մոտ 120տեսակ ծառատեսակ եւ թուփ, այդ թվում եւ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակ` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, նշենի սովորական եւ այլն: Անտառպարկը բացառիկ նշանակություն ունի նաեւ Երեւանի համար, քանի որ, ըստ էության, քաղաքը եզրագծող միակ պահպանված կանաչ տարածքն է:«Անտառը ամբողջական օրգանիզմ է, եթե մի մասնիկ էլ չպահպանվեց, մյուսներն էլ շարքից դուրս կգան: Այնպես որ մեր ամբողջ խնդիրը պարկի խնդիրն է»,-ասաց Վոլոդյա Ոսկանյանը: Անահիտ Հարությունյանը եւ Վոլոդյա Ոսկանյանն օտարվող տարածքի համար ցավում են հատկապես այն պատճառով, որ էներգետիկ ճգնաժամի պայմաններում այն կարողացել էին պահպանել, իսկ հիմա անհիմն կերպով դուրս է մղվում անտառպարկի տարածքից: «Ես գիշերը հերթապահել եմ, որ ծառեր չկտրվեն: Հիմա պատնեշի ես դեմ առնում, շատ վիրավորական է դա»,-նշեց Անահիտ Հարությունյանը:
Տնօրեն Գեւորգ Սարգսյանի միակ պատասխանն այն էր, որ քարտեզագրումը սկսվել է 2007թ., երբ տնօրեն էր Աշոտ Ավալյանը եւ բացի այդ, կառավարությունն իրեն որեւէ որոշում չի ուղարկել, հետեւաբար տարածքի օտարման մասին կարծիք կարտահայտի միայն ժամանակ, երբ ձեռքում ունենա պաշտոնական փաստաթուղթ: Տեղեկատվություն ստանալու համար նա խորհուրդ տվեց դիմել բնապահպանության նախարարություն: Ցավոք, մեզ այստեղ դարձյալ հիասթափություն էր սպասվում: Բնապահպանության նախարարության աշխատակից, կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը եւս մեր հուզող հարցերին պատասխանը չտվեց, բայց փոխարենը մի խորհուրդ էլ նրա կողմից ստացանք`գրավոր գրեք, կուսումնասիրենք, կպատասխանենք: Ստացվում է, որ նախարարության աշխատակիցները ոչնչից տեղյակ չեն, կառավարությունը որոշումներ է ընդունում` առանց շահագրգիռ կողմերին տեղյակ պահելու, կամ էլ բոլորն էլ շատ վաղուց ամեն ինչ գիտեն, բայց վերեւից իջեցված հրահանգը կա` լռել:
http://ecolur.org/hy/news/2009-07-31/383/
Комментариев нет:
Отправить комментарий