понедельник, 10 августа 2009 г.

ՈՒՐԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊԱԳԱՅՈՎ, ԹԵ ԱՌԱՆՑ ԱՊԱԳԱՅԻ

«Մեր բնակիչները շատ են անհանգստացած այն հանգամանքով, որ պետք է սկսեն ուրանային հետազոտություններ: Եկեք մեզ մոտ Լեռնաձոր եւ մարդկանց տեղեկատվություն տվեք»: Նման հայտարարությամբ հանդես եկավ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանը ուրանի նախագծին նվիրված հասարակական լսումների ընթացքում: «Ուրանի եւ նրան ուղեկցող օգտակար հանածոների հանքավայրի երկրաբանական հետազոտության իրականացում» նախագիծը հանրությանը ներկայացվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի կողմից օգոստոսի 4-ին` Կապանում, Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ: Լսումներին մասնակցեցին տեղի համայնքների, տեղական իշխանությունների, պետական կառույցների, ՀԿ-ների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը (Արեգ Գալստյանը միաժամանակ «Հայ- ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է) հայտարարեց, որ նախագիծը բաց է քննարկման համար: Սակայն, ինչպես պարզ դարձավ, շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության վրա նախագծի ազդեցության ոչ մի տվյալ ընկերությունը չներկայացրեց:

Նախագծի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ընկերության գիտական խորհրդատու, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը, ով հայտնի է երկրաբանական քիմիայի ոլորտում իր գիտական հետազոտություններով: Նա պատմեց նախագծի երկրաքիմիական բնորոշիչների մասին, եւ հայտնեց, որ հիմնական արդյունքները կստացվեն արդեն այս տարվա վերջին: Նշենք, որ ողջ հետազոտությունների անցկացման համար ընկերությունը նախատեսում է 5 տարի: Ամբողջից դատելով` ընկերությունն ունի ավելի վաղ կատարված երկու հայտնի հետազոտողների` Գրոմովի եւ Կոլցովի հետազոտությունների գաղտնի տվյալները, ովքեր 60-ական թվականներին ակտիվորեն զբաղվում էին ԽՍՀՄ-ի տարածում, ինչպես նաեւ Հայաստանում, ուրանի հանքավայրեր փնտրելու գործով: Ա. Գալստյանի խոսքերով` այդ նյութերը վերջերս են գաղտնազերծվել: «Ես` ինքս, մինչեւ վերջին ժամանակներս ստիպված էի ծանոթանալ նյութերի հետ միայն հատուկ թույլտվությամբ»,- ասաց փոխնախարարը:

Նյութերում առկա է Սյունիքի ռադիոմետրային քարտեզը (տե’ս լուսանկարները), որի վրա գունային գամմայով ներկայացված են ուրանային դրսեւորումները` ավելի ուժգին դրսեւորումներով Փխրուտ-Լեռնաձոր տարածքում: Ինչպես հայտնեց Գրիգորյանը, հետազոտությունների շրջանակներում վերցվելու են 10-15 սմ խորությամբ հողի մակերեւութային նմուշներ, որոնց վերլուծության արդյունքները համեմատվելու են նախկին արդյունքների հետ: Դրանից հետո հատուկ մեթոդով հստակեցվելու են Սյունիքի ուրանային պաշարների քանակական եւ այլ բնորոշիչները: Հուսադրող արդյունքների դեպքում կկազմվի նոր նախագիծ` արդեն ուրանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ, որը, ինչպես խոստացավ ընկերությունը, նույնպես կներկայացվի հանրության քննարկմանը: Հետազոտությունների տարածքը կազմում է 25 քառակուսի կիլոմետր, որի մեջ մտնում են Փխրուտ գտի ջրահավաք ավազանը, Քաջարան քաղաքի շրջակայքը եւ Լեռնաձորի համայնքները:

Ակադեմիկոս Գրիգորյանը ժամանակին Հայաստանում ուրանի մշակման հակառակորդն էր երկու պատճառով: «Ռուսաստանում եւ Ղազախստանում հայտնաբերել էին ուրանի մեծ պաշարներ: Չարժեր նման փոքր տարածք ունեցող Հայաստանում սկսել ուրանային նախագիծ»,- ասաց նա: Այդ ժամանակվանից Հայաստանի տարածքը չի մեծացել, իսկ ուրանի պաշարները աշխարհում սպառվել են: Այս տեսանկյունից ներկայացված նախագծի վերաբերյալ կարելի է ակնկալել դրական պաշտոնական եզրակացություն:

Հասարակայնության ներկայացուցիչները խորապես անհանգստացած են ուրանի նախագծով: Ինչպես վերն է նշված, հատկապես անհանգստացած էր Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանը: Լեռնաձորի մեջ մտնում են 9 փոքր համայնքներ, որոնցից 4-ը` 700 բնակչով, գտնվում են այն վայրում, որտեղ ենթադրվում է, որ պետք է իրագործվի ուրանի նախագիծը: Գործը բարդանում է նրանով, որ ուրանային հետազոտությունների համար նախատեսված տարածքի կողքին «Լուրեալ» ընկերությունն անցկացնում է հորատման աշխատանքներ` փնտրելով հազվադեպ հանդիպող եւ թանկարժեք մետաղներ: Տեղի բնակչությունն անհանգստացած է նրանով, որ հորատումը կխախտի խորքում գտնվող ուրանային հանքերի ամբողջականությունը, եւ տեղի կունենա մակերեսի ռադիոակտիվ աղտոտում: Պատասխանն այն մասին, որ «Լուրեալ»-ի հետազոտությունների տարածքը չի համընկնում ուրանի հետազոտման տարածքի հետ, ոչ ամբողջությամբ գոհացրեց Ստեփան Պետրոսյանին, եւ նա խնդրեց ընկերության ներկայացուցիչներին այցելել համայնքներ եւ պատասխանել մարդկանց հարցերին:

Թեման շարունակեց երկրաբան Ռուբիկ Հովհաննիսյանը, ով ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ ուրանն ունի տեղափոխման հատկություն, հատկապես երբ բացվում է հանքը: Հաշվի առնելով տեղափոխման գործոնը` նա առաջարկեց այդ տարածքներին տալ հստակ սահմաններ եւ հատուկ կարգավիճակ:

«Խուստուպ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց ստորգետնյա ջրերի ռադիոակտիվ աղտոտման հնարավորության վրա: «Եթե հանքային մարմինը գտնում է խորքում, ապա այն մեկուսացված է եւ իրեն չի դրսեւորում: Բայց եթե նրան բացեն, ապա կապը արտաքին միջավայրի հետ ակնհայտ է: Առաջին հերթին ազդեցության տակ կընկնեն ստորգետյա ջրային աղբյուրները: Այս շրջանում է գտնվում Փխրուտ գետի ջրահավաք ավազանը: Ինչպե՞ս եք պատրաստվում վարակազերծել ստորգետնյա ջրերը»,- հարցրեց Մարտիրոսյանը: Ի պատասխան՝ ակադեմիկոս Գրիգորյանը ներկայացրեց ծծմբային թթվի միջոցով հանքանյութից ուրանի ստացման սխեման: Ակադեմիկոսի բացատրության համաձայն` ուրանը եւ, հետեւաբար, ռադիոակտիվությունը, մտնում են կոնցենտրացված խառնուրդի մեջ` արտաքին միջավայրից պահպանվելով մեկուսածցված վիճակում ստորգետնյա ավազանի մեջ: Նա նաեւ նշեց ստորգետնյա պոչամբարի ստեղծման հնարավորության մասին: Մեր կարծիքով` ակադեմիկոսի բացատրությունը կարող է նաեւ նշանակել, որ իրականում ակտիվ մշակման փուլում է ոչ միայն հետազոտական նախագիծը, այլ նաեւ կոնցենտրատի տեսքով ուրանի արդյունահանման սխեման:

Պատասխան չստացավ ընկերության սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության, ինչպես նաեւ տեղի բնակչության հնարավոր տեղափոխման «ԷկոԼուր»-ի հարցը: «Այդ հարցը վաղաժամ է: Եթե սկսենք շահագործել (հանքը), ապա բոլոր միջոցառւմները կներառենք հաջորդ նախագծի մեջ, որպեսզի ներկայացնենք պետական փորձաքննության»,- ասաց Գալստյանը:

«Ուրանի գները աճում են: Ավելի լավ չէ այդ հանքերը թողնել ապագա սերունդներին»,- հարցրեց Ամալյա Համբարձումյանը` «Խազեր» ՀԿ` նշելով, որ երկիրը չունի հանքերի շահագործման մշակված ռազմավարություն: Ի պատասխան՝ Արեգ Գալստյանը մատնանշեց հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունը, եւ որպես դրա հետեւանք` վառելանյութի հարցի հրատապությունը: «Եթե մենք չանենք այդ, ապա նորից կընկնենք 90-ականների էներգետիկ ճգնաժամի մեջ»,- ասաց Գալստյանը:

Առաջարկություններ նաեւ հնչեցին կանչել անկախ փորձագետների` գնահատելու նախագիծը, վերահսկողություն սահմանել ռադիացիոն իրավիճակի վրա:

Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի անունից առաջարկ եղավ հասարակական լսումնրն անցկացնել Երեւանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նախագիծը շոշափում է ամբողջ երկրի հասարակության շահերը:

Քննարկման ավարտից հետո մենք ստացանք կազմակերպիչների կողմից կազմված պաշտոնական արձանարությունը. «Լեռնաձոր համայնքի լիազոր ներկայացուցիչը գոհունակությամբ նշեց, որ նախատեսված աշխատանքների իրագործման փուլերում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կլինի մինիմալ և գուցե կստեղծվեն որոշ աշխատատեղեր բնակչությանը ընդգրկելու համար,- եւ ապա,- վստահություն հայտնեց, որ Հայ-Ռուսական համատեղ ընհանուր նպատակամղված երկրաբանահետախոզական աշխատանքների արդյունքում տարածաշրջանի զարգացումը կլինի բավականին ակնհայտ և հեռանկարային…»: Արձանագրությունում նաեւ նշված է. «…համայնքների ներկայացուցիչները նշեցին լրացուցիչ հնարավոր աշխատատեղերի ստեղծման կարեւորությունը, պարզաբանեցին նախագծի շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների հարցերը և հավելյալ տեղեկություններ ստանալու հնարավորությունը և իրենց հետաքրքրող այլ հարցեր»:

Որպես լսումների արդյունք արձանագրությունում նշված է. «Վերոգրյալի արդյունքում համայնքները, հաշվի առնելով ՀՀ օրենքների դրույթները, շրջակա միջավայրի վրա Նախագծով նախատեսվող աշխատանքների արդյունքում ազդեցության հնարավոր վտանգի չափը, ինչպես նաև սահմանամերձ շրջանների զարգացման, անվտանգության և այլ սոցիալ-տնտեսական հարցերը, համաձայն են չխոչընդոտել նախատեսված աշխատանքների իրագործմանը»:

Մեր կողմից նշենք, որ լսումների ընթացքում տեղի մասնակիցների` այդ թվում փոխմարզպետ Վաչե Գրիգորյանի, կամ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի կողմից չենք լսել ուրանի նախագծի վերաբերյալ վերը նշված գնահատականները: Ողջունելով հյուրերին եւ միջոցառման մասնակիցներին`փոխմարզպետն ասաց. «Մեր մարզում բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ կան, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Մենք հուսով ենք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները»:

Комментариев нет: