пятница, 19 октября 2007 г.

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Անբարոյականության սահմանը

Կոտայքի մարզում հուշարձաններ են ոչնչացնում



Գառնիում, Ազատ գետի կիրճում ոչնչացնում են ուղղաձիգ ողորկ քարերը, որ հայտնի է «քարերի սիմֆոնիա» յուրօրինակ անվամբ: Բանն այն է, որ այդ տարածքը բնության բացառիկ հուշարձան է ու եզակի նաեւ աշխարհում: Այս բազալտե քարերը կապույտ են ու այնքան կատարյալ ու ողորկ, որ պատրաստի շինանյութ են: Իրեն հարգող որեւէ պետությունում ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի բնության հուշարձանը քանդել, որովհետեւ այն պատրաստի շինանյութ է: Մենք անում ենք:

Ուղիղ 1.5 տարի առաջ էլ էին ոչնչացնում այս քարերը: Ի պատիվ զլմ-ների, հատկապես՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի նշենք, որ հետեւողական ընթացք տրվեց այդ խնդրի մանրամասն լուսաբանմանն ու հետաքննությանը, ինչու ոչ՝ նաեւ լուսանկարահանմանը: Պետական բոլոր կառույցներն արձագանքեցին դրան (կարծում ենք՝ ստիպված): Զայրացան միջազգային բնապահպանները՝ նշելով, որ դա ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հարստություններից է ու այն պահպանել է պետք: Ինչեւէ, արդյունքը եղավ այն, որ վանդալիզմը դադարեցվեց, որպեսզի սկսվի... ճիշտ 1.5 տարի հետո:

Որպեսզի թյուրըմբռնման տեղիք չտա, ասենք, թե ինչու ենք առանձնացնում հենց պաշտոնաթերթը: Ընդդիմադիր կոչվող ոչ մի մամուլ իրական վիճակը չտվեց, բոլորն էլ մեղքը բարդեցին գյուղապետի վրա, ոմանք էլ նույնիսկ հերքեցին հուշարձանի ոչնչացման փաստը: Մինչդեռ պաշտոնաթերթը նկատել էր, որ մեր իրականությունում գյուղապետն այդքան ապօրինությունները թույլ տալու համար այդքա~ն «լիազորություններ» չէր ունենա, եթե նրան չտրվեր դրա իրավունքը:

Այլ կերպ՝ Կոտայքի մարզպետարանի ու Գառնիի գյուղապետարանի անբարոյականության սահմանն այդքան անսահման չէր լինի, եթե այս կառույցները չունենային այդ անսահմանության երաշխիքը...

Մենք դիմում ենք ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին (հազիվ թե այս հարցը լուծեն բնապահպանության ու մշակույթի նախարարությունները)՝ քննության առնելու այս գործը վարչական ու քրեական գործառույթների շրջանակներում եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորների՝ ինչ դիրքի ու պաշտոնի էլ լինեն նրանք:

Իսկ մեր տեղեկատվությամբ այդ դիրքը լա~վ էլ բարձունքում է, որին, համենայնդեպս, ի զորու է պատժելու ՀՀ վարչապետը:



Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբ

Комментариев нет: