пятница, 12 марта 2010 г.

Կքննարկվեն Օրհուսի կոնվենցիայի իրականացման հարցերը


Մարտի 18-ին Ժնևում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր 27-րդ նիստում կքննարկի Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի իրականացման հետ կապված հարցերը` հիմք ընդունելով հայաստանյան հասարակական կազմակերպությունների հաղորդումը Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը:

2009թ. սեպտեմբերի 15-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Էկոդար» բնապահպանական ՀԿ և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ դիմել էին Օրհուսի կոնվենցիայի քարտուղարություն առ այն, որ Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ պետական մարմինների որոշումների ու գործողությունների արդյունքում խախտվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածը` սահմանափակելով հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին: Մասնավորապես, հաղորդում ներկայացնող կազմակերպությունների կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման վաղ փուլերում (հոդված 6(2)), հանրության արդյունավետ մասնակցությունը (հոդված 6(4)), հասարակայնության կողմից ներկայացված կարծիքների հաշվի առումը որոշումների ընդունման գործընթացներում (հոդված 6(8)), որոշումների ընդունման վերաբերյալ անմիջապես իրազեկումը (հոդված 6(9)), պայմանների փոփոխության վերաբերյալ իրազեկումը (հոդված 6(10)):

Հասարակական կազմակերպությունների հաղորդման մեջ ասվել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից նրանց դիմումի և հետագա բողոքի մերժմամբ սահմանափակվել է նաև նրանց արդարադատության մատչելիությունը և խախտվել կոնվենցիայի 9 (2) հոդվածը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից հայաստանյան ՀԿ-ների հաղորդումն ընդունելուց հետո միայն, տեղեկացրել է, որ բողոքը բավարարում է «Էկոդար» բնապահպանական ՀԿ մասով: Սակայն դատարանը, փաստորեն, չի ճանաչել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ որպես շահագրգիռ հասարակայնություն Օրհուսի կոնվենցիայի սահմանումների համաձայն:

Օրհուսի կոնվենցիայի քարտուղարություն հաղորդում ներկայացրած հասարակական կազմակերպություններին Ժնևում կներկայացնի փաստաբան Հայկ Ալումյանը:

Комментариев нет: