пятница, 10 сентября 2010 г.

Համատարած թարմ հատված ծառերի բներ կարելի էր հարյուրներով հաշվել

Մոնիտորինգի աշխատանքային խմբերը երկակի տպավորություն թողեցին: Առաջին խմբի հետ, որը մեզ հետ ժամանել էր Երևանից, այն վայրում, ուր Բնապահպանության նախարարության տեսուչները հայտնաբերել և գրանցել էին 11 հատված ծառ, մենք մոտ մեկ ժամում գրանցեցինք 88-ը: Հայտնաբերված հատված ծառատեսակներն էին` հաճարենի, բոխի, տանձենի, ընկուզենի:

Հատումների մասշտաբը շատ մեծ էր, իսկ մոնիթորինգի աշխատակիցները շտապում էին: Նրանք նշեցին, որ բոլոր հատումները արձանագրելու համար մեկ ամիսն էլ հերիք չէ: Այդ պատճառով նշված տարածքում հատված ծառերի հաշվառումը սահմանափակվեց 88-ով:

Մենք ասացինք, որ ծառահատումները համատարած են, և առաջարկեցինք գնալ այն վայրը, ուր ժամանակին առանց պետհամարանիշի բեռնատար մեքենայի էինք հանդիպել, ուր ծառեր էին հատում և բարձում: Խոսակցության մեջ խառնվեց չգիտես որտեղից հայտնված սև հագուստով ինչ-որ մեկը, ով ներկայացավ որպես անտառապահ, բայց ոչ այս տարածքի: Նշեմ, որ հետագայում` մինչև Լոռի հանգստյան տուն վերադառնալը, նա մեզանից չբաժանվեց: Նա համոզում էր, որ վերջին մի քանի ամիսը այդտեղ մեքենա չի բարձրացել, և մեր գնալը անիմաստ է, որը իհարկե բացահայտ սուտ էր:

Հայկ Խոդաբաշյանը մեկ այլ խմբից, որը Վանաձորից էր ժամանել, կարգադրեց մեզ հետ գնալ նշված վայրը: Երբ սկսեցինք բարձրանալ, պարզվեց, որ այս մի խմբի անդամները այնքան մտասույզ էին, որ մոռացել էին նունիսկ թուղթ, գրիչ և ծառերի բների տրամագծերի չափման գործիք վերցնել: Մեր հիշեցումներից հետո նոր մարդ ուղարկեցին, որ գնա բերի:

Տասը րոպե անտառով բարձրացանք և ականատես եղանք նույն պատկերներին. համատարած թարմ հատված ծառերի բներ կարելի էր հարյուրներով հաշվել: Խումբը ցրված ու մի տեսակ դժկամությամբ էր աշխատում, նույնիսկ ծառի բունը չափելուց հետո «մոռանում էին» թվերը արձանագրել:

Այնուամենայնիվ, մեր օգնությամբ 28 ծառահատում արձանագրվեց: Ասացին, որ ընդհանուր պատկերը արդեն պարզ է, այսքանն էլ հերիք է: Երբ իջանք Լոռի հանգստյան տուն, այնտեղ արդեն նոր մարդիկ էին հավաքվել` 2 ոստիկան և ևս 2 սև հագուստով անձնավարություն: Նրանցից մեկը ներկայացավ որպես այդ տարածքի անտառապետ, մյուսը չներկայացավ:

Պարզվեց, որ այն մեքենան, որտեղ մեր պայուսակներն էին, գնացել էր անհայտ ուղղությամբ, իսկ Հայկ Խոդաբաշյանի հեռախոսահամարը անհասանելի էր: Այդ պատճառով ստիպված մնացինք Լոռի հանգստյան տանը, մեր նոր «բարեկամների» ընկերակցությամբ:

(Այստեղ բաց եմ թողնում բարոյախրատական խոսակցությունները): Խոսակցության ընթացքում մոնիթորինգի աշխատակիցը նախ կես կատակ առաջարկեց մեր տեսախցիկները փոխանակել մեր պայուսակների հետ, որոնք տարվել էին անհայտ ուղղությամբ, հետո էլ արդեն ավելի լուրջ ինձ համոզում էր, թե գրանցված հատումների թիվը պետք է քչացնենք, ինչը բնականաբար մերժեցի:

Ես ու Մարիամը առանձնացանք, և ես այդ խոսակցության մասին նրան էի պատմում, երբ լսեցինք, որ թեժ խոսակցություն է. երկու ոստիկան, անտառապահները և անտառային մոնիթորինգի երկու աշխատակիցները շրջապատել էին լրագրող Էդվարդ Արզումանյանին: Մենք նստել էինք 15-20 մետր հեռավորության վրա գտնվող նստարանին: Խոսակցության որոշ դրվագներ լսելով` մենք հասկացանք, որ ծառերի թվի մասին է խոսքը, և Էդվարդի վրա փորձում են ճնշում գործադրել: Երբ մենք մոտեցանք, խոսակցությունները դադարեցրին:

(Մնացածը Մարիամը ներկայացրել է: Ուղղակի հիմա ժամանակ չունեմ մանրամասն գրելու):

Վահե Վարդումյան, Թեղուտի պաշտպանության խմբի անդամ


http://hetq.am/am/ecology/v-vardumyan/

Комментариев нет: