воскресенье, 19 сентября 2010 г.

Ծառահատման վայր տանող միակ ճանապարհն անցնում է «Լոռի» հանգստյան տան միջով


[ 2010/09/15 | 17:30 ] բնապահպանություն
Ադրինե Թորոսյան

«Էդ տեղանքը, որ ուսումնասիրում էինք, ելքը միայն Լոռի հանգստյան տան միջով է: Էդ տեղանքից մենակ էդ մի ճանապարհն է»,-ասում է «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի կենտրոնի առաջին կարգի դաշտային ուսումնասիրող Աշոտ Բաղրամյանը, ով մոնիթորինգի խմբի կազմում մասնակցել է Եղեգնուտի անտառպետության նշված պահաբաժնում կատարված ուսումնասիրությանը:

Բայց պարզվում է` Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանը, նշված ճանապարհից բացի, զարտուղի ճանապարհներն էլ գիտի: Նա հաստատում է, որ դրանք բոլորն էլ անցանելի են. մեծ հզորություն ունեցող մեքենաները նրա իմացած ճանապարհներով կարող են անցնել: «Եթե բարձրանաք, վերևով կա շրջանցիկ ճանապարհ: Փոքր-ինչ դժվարամատչելի է, բայց կա ճանապարհ: Կա նաև ճանապարհ` նույն տեղը գնացող, «Անուշ» ռեստորանին հարակից ձորակով, դարձյալ անցանելի: Մեկն էլ Եղեգնուտ գյուղի միջով է»,-ասում է Անատոլի Մխիթարյանը:

Նրա նշած առաջին երկու ճանապարհները իհարկե կճշտվեն, բայց վերջին ճանապարհը անտառտնտեսության պետը հաստատ խառնում է: Առաջին կարգի մասնագետ Աշոտ Բաղրամյանը վստահեցնում է, որ Եղեգնուտի միջով անտառ բարձրացող ճանապարհն այլ պահաբաժին է տանում, ոչ այն պահաբաժինը, որտեղ մի քանի օր առաջ մոնիթորինգ է անցկացվել: Չնայած դրանք միևնույն` Եղեգնուտի անտառպետության մեջ են մտնում, բայց տարբեր պահաբաժիններ են` տարբեր անտառային ճանապարհներով:

Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էդիկ Շարմազանովի հավաստմամբ` օգոստոսի 29-ին ապօրինի ծառահատման վերաբերյալ առաջին ահազանգից հետո «Լոռի» հանգստյան տան տարածքում ամենօրյա հսկողություն է սահմանված:

Այդ դեպքում ինչպե՞ս հատված ծառերի թիվը մի քանի օրվա ընթացքում 11-ից հասավ 116-ի: Նշանակում է` կամ պարոն Շարմազանովն է սխալ տեղեկատվություն տալիս իրականացվող հսկողության մասին, կամ պետական տեսչության աշխատակիցներն են կաղում թվաբանությունից:

Վերջին վարկածը հաստատվում է Աշոտ Բաղրամյանի մասնագիտական դիտողությամբ. «Կոճղից պատկերացնում ես, թե երբվա հատած ծառ է: Մի քանի օրվանն ու ամսվանը երևում է: Իմ տեսածները մի ամսվա կամ մի քանի ամսվա կտրված ծառեր էին, ամենաշատը` 3 ամսվա: Օրվա չեմ նկատել»,-ասում է Աշոտ Բաղրամյանը:

Եթե հավատալու լինենք առաջին կարգի մասնագետի խոսքին, որ «11-ից» հետո նոր ծառեր չեն հատվել, և որ եղածները մոտ 3 ամիս առաջվա հատվածներ են, ուրեմն պետական տեսչության աշխատակիցներն ահազանգից հետո էլ եկել ու էլի «նեղություն չեն կրել» հատված կոճղերը հաշվելու:

Այն, որ պետական աշխատողները կաղում են թվաբանությունից, հաստատում է նաև Գուգարքի անտառտնտեսության պետը «11»-ի մասին իր պատմությամբ:

Ահազանգի հաջորդ օրը` օգոստոսի 30-ին, անտառտնտեսության աշխատակիցների խումբը մեկնել է նշված պահաբաժին և հայտնաբերել 5 ծառ: Իրավապահները կազմել են արձանագրություն 5-ի վերաբերյալ: Անատոլի Մխիթարյանի ասելով` ինքը թերթում տեսել է «մի հատած կոճղ և կողքի լուսանկարում նույն ծառի մասնատված կտորները», որը անտառտնտեսության աշխատակիցների ներկայացրած արձանագրության մեջ չի եղել:

Նրա հրահանգով աշխատակիցները գնացել ու հայտնաբերել են ևս 2 ծառ: Նորից կազմվել է արձանագրություն, որից հետո նշված տարածքում Բնապահպանության Լոռու մարզային տեսչության աշխատակիցների ուժերով նոր տեղազննում է կատարվել, և հայտնաբերվել է ևս 4 ծառ: Արձանագրվել է ընդամենը 11 ծառ: Հետո հայտնի է դարձել նաև «11-ի հեղինակը», որի մոտ վառելափայտի միայն մի մասն է հայտնաբերվել, բայց նա ամբողջությամբ փոխհատուցել է «11-ով» պետությանը հասցված վնասը:

Անատոլի Մխիթարյանը նաև մի կարևոր դիտարկում է անում. «Ոստիկանությունը որ բերում է վայր, չի հարցնում` էս ծառը դու ես կտրել: Ասում է` դու որ ծառերն ես կտրել: Ինքը ցույց էր տվել: Կարող է դաժե ուրախացել էր, որ 11-ով է պրծնում»,- ոստիկանության աշխատանքը բացատրում է Անատոլի Մխիթարյանը: Նրա այս խոսքից պարզ է դառնում, որ ինքն էլ լավ գիտի, որ նշված տեղանքում ծառահատումները «11-ով չեն պրծնում»:

Անատոլի Մխիթարյանը որևէ կերպ չի ուզում մեկնաբանել «116-ը»: Այդ թիվն, ըստ նրա, ճշգրտման կարիք ունի, «առավել ևս մասնագիտական հանձնաժողովի կողմից»: Բայց գիտի նաև, որ թիվը ճշգրտվելուց հետո ինքն ուզած թե չուզած բացատրություն պիտի տա: Եվ արդեն նախապատրաստվում է. զանգվածային ծառահատումների վերաբերյալ ասում է, որ վերջին 20 տարվա ընթացքում են կատարվել:

«Կոճղեր եք տեսել, որոնք կարող էին լինել վերջին 3 տարվա ընթացքում: Կոճղը հո չվերացավ: Երեք տարի առաջվա կոճղը մնաց, հետո 2 տարի առաջվա կոճղը մնաց, հետո էս թարմ կոտրվածները: Արդեն աչքի համար, տեսողության համար երևում է, որ շատ ծառեր կան հատված»,-ասում է Անատոլի Մխիթարյանը:

Մի տարբերակ էլ է մտածում. ըստ նրա` հատված կոճղն ու թափուկը կարող են շփոթվել իրար հետ (թափուկը մահացած, ընկած ծառն է կամ նրա մասերը` հեղ.):
«Թափուկ վառելափայտի դուրսգրման ժամանակ` անկախ նրանից` դա կարվի ինքնապատրաստմա՞ն եղանակով, թե՞ ժամանակավոր աշխատողների կողմից, կարող է հատվել մնացած ծառի կտորը, որը կոչվում է ցցաչոր, անփութության, մասնագիտական ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով: Հենց կոճղը արմատից կոտրվեց, արդեն չես կարող որոշել` ծառը վերևի՞ց է կոտրվել, թե՞ իսկապես հատվել է: Չի առաջացնում էն վստահությունը, որ թափուկ է»,- ասում է Անատոլի Մխիթարյանը:

Առաջին կարգի մասնագետ Աշոտ Բաղրամյանն այդ կարծիքին չէ: «Թափուկը անպայման կերևա: Նախ բնից են կտրում, կեղևից մաքրում են ու կոճղերի վրա համարակալում»,- ասում նա:

Ինչ վերաբերում է սանիտարական նպատակներով կատարվող ծառահատումներին, ապա այս դեպքում էլ հատման ենթակա ծառերը պարտադիր կնքվում են և համարակալվում: «Ես չեմ հանդիպել կնքված ծառերի»,- հաստատում է Աշոտ Բաղրամյանը:

Նշենք նաև, որ նշված պահաբաժնում հատամաս չկա, այսինքն` այդ տեղանքում օրենքով թույլատրելի ծառահատումներ (արտադրական և այլ նպատակներով) չեն արվում:

Комментариев нет: