среда, 17 октября 2007 г.

«Քարե սիմֆոնիան» հատվում է պաշտոնյաների հովանավորությամբ ...



Հոկտեմբերի 14-ին Գառնու ձորում հարաբերական անդորր էր: «Քարե սիմֆոնիան» հատող կացնի հարվածները ժամանակավորապես լռել էին թերեւս այն պատճառով, որ օրը կիրակի էր եւ պետք չէր բարբարոսի ողջ կերպարանքով ներկայանալ ժայռերի գեղեցկությունը վայելող, ձոր այցելած զբոսաշրջիկներին:

Մեկ շաբաթ է լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները մայրաքաղաքում ահազանգում են «Քարե սիմֆոնիան» ոչնչացնելու մասին, սակայն ձորում, ինչպես տեղացիները հայտնեցին, զուգահեռաբար շարունակվում էր բնության հրաշակերտ կոթողի ոչնչացումը:




Մեր իրազեկ աղբյուրների տեղեկացմամբ` մեծածավալ հատումների պատվիրատուն այս անգամ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն է:




Նրա պատվերով տեղացիները հատում են ժայռերը եւ այն փոխադրում Գառնի բանավանի տարածք, որտեղ 2-3 օրվա ընթացքում հատված քարերը կուտակելուց հետո փոխադրում են Արտաշատ: Նույն աղբյուրները հայտնեցին, որ փոխվարչապետն այն օգտագործում է Արտաշատում սեփական «Սուրբ Հովհաննես» եկեղեցին եւ առանձնատունը կառուցելու համար: Հ. Աբրահամյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը մամուլին տեղեկացրեց, որ նախարարի հովանավորությամբ, իրոք, եկեղեցի է կառուցվում Արտաշատում, բայց ոչ այդ քարերով:
Փարավոն Միրզոյանի արանձնատունը
Փոխվարչապետը միակը չէ, ով «հիացած» է «Քարե սիմֆոնիայի» գեղեցկությամբ եւ ցանկանում է նրանով զմայլվել ամեն օր: Հատված ժայռերով է այս պահին Գառնու իր առանձնատունը կառուցում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Գեղագետը, թերեւս, կարծում է, որ առ ժամանակ հետո զբոսաշրջիկները Գառնի կայցելեն ոչ թե Հեթանոսական տաճարով ու «Քարե սիմֆոնիայով» զմայլվելու համար, այլ իր առանձնատունը տեսնելու: Գեղագետի ճաշակը հիացրել է նաեւ ուրիշներին. գնալով մեծանում է քարի պահանջարկը, եւ նոր առանձնատուն կառուցողները «Քարե սիմֆոնիան» հատողների են փնտրում:
Իսկ այն վատ բիզնես չէ, քանի որ հատը 250-300 դրամով է վաճառվում:

Եվ եթե ունես այնպիսի հովանավոր, ինչպիսին փոխվարչապետն է, հանգիստ կարելի է հատել` պատասխանատվություն չզգալով ո՛չ սեփական խղճի, ո՛չ էլ օրենքի առջեւ: Մեկ տարի առաջ մեծ թափով սկսված հատումներն ընդհատվեցին լրատվամիջոցների եւ գեղեցիկի ու ազգային արժեքների պահպանությամբ մտահոգ ակտիվ քաղաքացիների հնչեցրած ահազանգի պարտադրանքով: Սակայն եկամտաբեր այդ գործը, ինչպես երեւում է, վերջ չունեցավ, քանի որ «արվեստի գիտակների» համար այն շարունակում է մեծ պահանջարկ ունենալ: Հետաքրքիրն այն է, որ դարերի ընթացքում եւ մինչեւ օրս ոչ մի գառնեցու մտքով չի անցել իր տունը կառուցել «Քարե սիմֆոնիան» ոչնչացնելու հաշվին, եւ միայն վերջին տարիներին Գառնիում հողեր գնած ոչ տեղացիները որոշեցին իրենց առանձնատունը կառուցել այդ քարով: Այն կարծիքին չենք, որ վաղն եւեթ կդադարեցվի մշակութային այս կոթողի ոչնչացումը, քանի որ մեկ տարի առաջ անպատիժ մնացին ե՛ւ պատվիրատուները, ե՛ւ հատողները միայն այն պատճառով, որ այն ընդգրկված չէր պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ցանկում:



Աղմուկն ավարտվեց նրանով, որ վերջապես ճշտվեց, թե ով է պատասխանատու «Քարե սիմֆոնիայի» պահպանության համար: Այն գտնվում է Գառնի համայնքում, եւ նրա պահպանության համար պատասխանատու է Գառնու համայնքապետը:


Համայնքապետ Աշոտ Վարդանյանը մեզ ասաց, թե ժայռերը չեն հատվում, ինքը տեղյակ չէ դրանից, այնուհետեւ նշեց, որ ձորում ոստիկանական պահակակետ կա, եթե նման բան է կատարվում, թող նրանք տեղյակ պահեն իրավապահներին:


Տես նաեւ՝ Քարե սիմֆոնիա http://hetq.am/

1 комментарий:

Анонимный комментирует...

ժամանակն է պայքարելու, միայն բողոքելով չենք կանգնեցնի քանդելու պրոցեսը