пятница, 1 октября 2010 г.


Պարզվում է` անտառին ավելի սրտացավ վերաբերվող բնակչությունն ամենաքիչ պատկերացումն ունի, թե ինչպես է կառավարվում անտառը, եւ ինչպես բնակչությունը պետք է վարվի անտառի հետ: Հաճախ նույնիսկ անտառապետն էլ տեղյակ չէ այս խնդիրներին: Այս եզրահանգումը անցյալ տարի կատարած հետազոտության արդյունքում արել է Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը:

Հետազոտության 8 վայրերում էլ (հիմքը վերցրել էին Սյունիքը, Տավուշը եւ Լոռին) փայտանյութ օգտագործում էին, ըստ որում` ոչ միայն այնտեղ, որտեղ գազ չկա, այլեւ այնտեղ, որտեղ կա: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ներկայացրած տվյալներով`գազի թանկացման հետ զգալիորեն նվազել են դրա օգտագործման ծավալները որպես վառելիք, կամ գոնե զուգահեռ են օգտագործում:

«Գազը օգտագործվում է հրատապ անհրաժեշտության դեպքում կամ, օրինակ, ինչ-որ սենյակ տաքացնելիս: Գազին զուգահեռ օգտագործում են փայտանյութը»,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքերով`անտառում փայտանյութ կա, որը կարելի է որպես վառելիք օգտագործել, բայց վատ է կազմակերպված փայտանյութ-մարդ հարաբերությունը: Գյուղացին գերադասում է կամ ինքը գնա ծառը կտրի բերի, կամ գնա հավաքի: Հենց այս գործընթացում էլ դրսեւորվում է տեղեկությունների պակասը: Հրանուշ Խառատյանը նշում է, որ անտառը հաճախ հատվում է բիզնես նպատակով: Ընդ որում`անտառին սպառնացող հիմնական խնդիրը ոչ թե ջեռուցման համար կատարված հատումներն են, այլ հենց բիզնես նպատակով արվածները, որովհետեւ այդ դեպքում են լավ ծառերը կտրում:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն ասում է, որ անտառների դեպքում պաշտոնական եւ ոչ պաշտոնական թվերի միջեւ համեմատությունը անհամեմատելի է: Ըստ պաշտոնական տվյալների` մեր անտառածածկ տարածքը 11,2 տոկոս է, իսկ տիեզերքից կատարված հետազոտություններով` 2006 թ. Հայաստանի անտառածածակ տարածքը 7-8 տոկոս է: Ըստ կանխատեսումների` եթե այդպես շարունակենք, ապա 2020 թ. անտառը կկորցնենք: «Եթե Հայաստանը անտառը կորցնի, կկորցնենք մեր ջրային ռեսուրսները, մեր հողը: Անապատացման գործընթացը, սողանքները…»,- ահազանգում է Ինգա Զառաֆյանը:

Ինգա Զառաֆյանն առաջարկում է լուծման ուղիներ, օրինակ` 5 տարի ոչ մի տեսակի հատումներ չանել, արգելել անտառահատումները, իսկ անտառամերձ տարածքների համար իջեցնել գազի գինը: «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահը նշում է, որ դա Կառավարության վրա ավելի էժան կնստի, քան անտառի հատման հետեւանքով առաջացած խնդիրները լուծելը: Բնապահպանը նշում է, որ երբ իրենք ահազանգում են անտառահատումների մասին, իրենց ակտիվիստներին կանչում են ոստիկանություն, սկսում հարցաքննել: «Մեր նպատակը չէ, որ խեղճուկրակ անտառապահը, ով պատվեր է կատարում, գնա եւ նստի, մեր նպատակը իրավիճակի շտկումն է»,- ասում է Ինգա Զառաֆյանը ու հավելում, որ Հանքավանում 500 հա դուրս է բերվել անտառածածկ տարածքից եւ տրվել համայնքներին, իսկ համայնքներն էլ դրանք վաճառել են անհայտ անձանց:

«Ի՞նչ է ստացվում. մենք տեսնում ենք անտառ, բայց պարզվում է, որ դա արդեն արոտավայր է, գյուղատնտեսական նշանակության հողեր են, անտառ չէ: Մենք 5 տարի պայքարում են Թեղուտի համար, իսկ իրենք բռնում այդքան տարածք տալիս են անհայտ մեկին»,- ասում է Ի. Զառաֆյանը: Սա միակ դեպքը չէ: Նա ահազանգում է, որ Ողջի գետի տարածքից 207 հա անտառ էլ տրվել է ընդերքօգտագործման համար: Բնապահպանը հարցնում է` արդյո՞ք մենք կարող ենք մեզ թույլ տալ այդպիսի մեծ նվեր անել, Կառավարությունն ինչպե՞ս է նման քայլեր անում առանց հասարակական լսումների:

Комментариев нет: