Գրող Վահրամ Թաթիկյանը կոչ է անում Հայաստանը ճանաչել տուրիզմի համար անբարենպաստ երկիր
«Եկեղեցու մեջ խորոված էին արել, պատերի խորշերի մեջ ալկոհոլի կիսադատարկ շշեր կային, ուտելիքի ամաններ, կեղտոտ բաժակներ,- վերջերս Խոսրովի արգելոցում գտնվող Հավուց թառ վանքում տեսածի մասին այսօր պատմեց «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» նախաձեռնող խմբի անդամ Վահագն Փիլիպոսյանը` հավելելով, որ իրենք մոտ 2 ամիս առաջ իրենց ուժերով բարեկարգել էին տարածքը,- շատ ահավր տեսարան էր: Փորձեցինք մեր ուժերով մի քիչ մաքրել…
Եթե ուզում ենք մեր այսօրվա հասարակության իրական դեմքը տեսնել, պիտի գնանք Հավուց թառի վանք: Աղջոց վանքում նույնպես ահավոր վիճակ էր: Հաջորդ օրը, երբ Կաքավաբերդ էինք բարձրանում, քարայծեր տեսանք ժայռի վրա: Դա մեզ շատ ուրախացրեց: Սակայն ամրոցից իջնելուց կրակոցներ լսեցինք Կաքավաբերդի ձորում: Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե դա Գյոլասոր գյուղատեղզում է եղել: Դա ես բացառում եմ, այնտեղի կրակոցները Կաքավաբերդում չէին կարող լսվել»: Վահագն Փիլիպոսյանը ենթադրում է, որ դա ոչ թե կաքավի, այլ քարայծի որսի վկայություն է եղել:
Արգելոցի տարածքի բնապատմական հուշարձանների մեղավորները, ըստ ակտիվիստի, 90 տոկոսով տեղացիներն են: Հավուց թառի դեպքում, օրինակ, դրանք «Գողթն եւ Գառնի գյուղերի բնակիչներն են, որոնք ամեն աշուն գնում են Հավուց թառ ուխտի, եւ այդ ուխտը վերածվում է վանդալիզմի»:
Ճարտարապետ Գարեգին Կնյազյանն էլ ասում է, որ սրբվայրեր այցելած մարդիկ մեկ-երկու բաժակ խմելուց հետո մոռանում են, որ իրենք սրբավայրում են:
Բացի Աղջոց եւ Հավուց թառ վանքերից` նա նշում է նաեւ Իմիրզիկ կամ Վանստան գյուղը` իր ավերակ եկեղեցիով: Բայբուրդ գյուղը, որը խորհրդային ժամանակներում ադրբեջանաբնակ է եղել նույնպես ունեցել է եկեղեցի, որը, սակայն, ծածկված է եղել հողով, ու պատահաբար գտել է բնակիչներից մեկը: Պարզվել է, որ դա Բայբուրդի Սբ. Աստվածածին եկեղեցին է: Ճարտարապետն ափսոսանքով ներկայացնում է նաեւ Աղջոց վանքի Պողոս-Պետրոս եկեղեցին, որի վրա արված առաքյալների քանդակը, ըստ նրա, իր արժեքով չի զիջում Աղթամարի Սբ. Խաչի հարթաքանդակներին:
«Եկող տարի դա մենք հաստատ չենք ունենա, կլինի ուղղակի քարակույտ: Կմնան միայն ուսումնասիրողների գրածները թղթերի վրա: Եկեղեցին, գտնվելով արգելոցի տարածքում, ամբողջությամբ մատնված է անտարբերության, անտերության: Այսօր մենք դատապարտում ենք մեր հարեւաններին, որ ոչնչացրել են Ջուղայի խաչքարերը, իսկ մենք մեր ձեռքով լուրջ կոթողները դարձնում ենք քարակույտ: Թե վաղը մեր սերունդներին ինչ պիտի ցույց տանք ու ինչ ենք ասելու, չգիտեմ»,- ասում է Գ. Կնյազյանն ու որպես խնդրանք ու պահանջ մշակույթի նախարարությանը, հուշարձանների պահպանության վարչությանը, համապատասխան մյուս մարմիններին` կոչ անում վերաբերմունք ցույց տալ: Նույն կերպ նա դիմում է օլիգարխներին, չինովնիկներին` «թող ինչ-որ չափով վերաբերմունք ցույց տան, որ հուշարձանը մնա կանգուն: Կգա ժամանակ, ու մենք այդ արժեքներից կզրկվենք»: Ճարտարապետը համոզված է, որ պետությունը ցանկանության դեպքում կշտկի վիճակը:
Ակտիվիստների տեղեկացմամբ` Խոսրովի արգելոցի տարածքում 51 հուշարձան կա, որոնց մի մասն դեռ ուսումնասիրվելու կարիք ունի: Հայտնի հուշարձաններից են Հավուց թառ վանական համալիրը, Աղջոց վանքը` Սբ. Ստեփանոս եկեղեցիով, Իմիրզիկը կամ Վանստանը, Բայբուդի միանավ եկեղեցին, Կաքավաբերդը, ժայռափոր խցերը, Վեդիի հատվածի հին Խոսրով գյուղը` իր եկեղեցիով, Սուրբ Հովհաննու Կարապետ վանական համալիրը:
Անդրադառնալով Գիլանլար բնակավայրի տարածքը արգելոցից առանձնացնելու եւ արգելավայր դարձնելու ու այնտեղ ռեստորանի շինարարության թույլտվություն տալու խնդրին, որը վերջերս շատ է արծարծվում բնապահպանների կողմից` ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը նշում է, որ այդ ռեստորանն ինքը նմանեցնում է քաղցկեղի ուռուցքի, որն աճելու, մեծանալու միտում ունի ու ուղղված է դեպի Կաքավաբերդ: Ըստ Սուխուդյանի` ռեստորանը շատ լավ տեղ է որսագողերի համար, որոնք այդտեղ իրենց որսը ճաշակելու լավ հնարավորություն կունենան:
«Դրա դեմը պետք է առնել: Եթե պատկան մարմինները նորից լռեն ու հրատապ պատասխան չտան, մենք դիմելու են միջազգային կառույցներին, որովհետեւ նրանք ֆինանսավորում են նախարարությանը, որոշակի կազմակերպությունների, որոնք պիտի պահպանեն բնությունը, քանի որ դա աշխարհի հարստությունն ու ժառանգությունն է»,- ասում է Սուխուդյանը ու նկատում, որ վերջին շրջանի իրենց բարձրացրած աղմուկից հետո Խոսրովի արգելոցի մուտքը դարձել է վճարովի, գիդի ուղեկցությամբ: Բնապահպանության նախարարության այս քայլը ակտիվիստներն ընկալում են իբրեւ իրենց «սեւ ցուցակում» ընդգրկելու ձեռնարկ: Մ. Սուխուդյանն ասում է, որ դեմ չէ վճարելուն, բայց ու՞ր են գնում այդ գումարները, երբ անմխիթար վիճակը չի փոխվում:
Գրող, հրապարակախոս Վահրամ Թաթիկյանն ասում է, որ 1966-73-ին ուսումնասիրել է Հավուց թառ վանքը, որտեղ այդ ժամանակ եղել է 138 խաչքար, իսկ հիմա մնացել է ընդամենը 52-ը: Արգելոցի ամբողջ տարածքից անհետացել են ոչ միայն մշակութային արժեքների բեկորներ, այլեւ ամբողջական կոթողներ: Օրինակ` Մանկունքի հսկայական Ամենափրկիչ խաչքարը` Քրիստոսի խաչելությամբ, որը Հայաստանի 13 Ամենափրկիչ խաչքարերից մեկն է: 2 նման խաչքար էլ եղել է Գիլանլար (պատմական Գլան) գյուղում:
«Սովետական Միության առաջին քսան տարիներից մինչեւ օրս մեր հասարակությունը ապրել է մի խայտառակ հոգեբանական, բարոյական մուտացիա, կարելի է ասել` գենետիկորեն կորցրել է իր ազգային կոդը,- ասում է Վահրամ Թաթիկյանը:- 1965-66 թթ. ազգային վերածննդից հետո տեղի ունեցավ վերադարձ, որը տեւեց մինչեւ 1980 թ.: 1980-ից վայրընթաց կերպով մենք տեսնում ենք նույն բանը: Անտառի համատարած կտրում, նորանոր հանքավայրերի բացում, քաղաքի ահավոր աղտոտում: Ես առաջիկայում դիմելու եմ բոլոր միջազգային կառույցներին եւ խնդրելու եմ Հայաստանը հայտարարել տուրիզմի համար անբարենպաստ միջավայր: Ես պատրաստ եմ դրա համար ամենաբարձր ատյաններում պատասխան տալ: Հայաստան պետք է զբոսաշրջիկ չմտնի: Ես չեմ ցանկանում բիզնեսին խփել, մեկ է` դա պետության ձեռքում չէ: Պետությունը ոչինչ չունի… Ո՞նց ես հյուր կանչում հազարավոր զբոսաշրջիկների, եթե ունես էկոլոգիական պրոբլեմներ: Միջազգային կառույցները մեր պետությանը պետք է հասկացնեն, որ նա պատասխանատու է համաշխարհային հասարակության առաջ»:
пятница, 1 октября 2010 г.
Վանդալիզմ դարձող ուխտագնացություն
Автор: bnamard на 15:22
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий