среда, 19 ноября 2008 г.

Ծառերը կանգնած են մահանում

Իննսունականների սկզբին, երբ հանրապետությունում համատարած ծառերի ու թփերի հատում էր կատարվում, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտին կից գիտավանում ոչ մի ճյուղ չկտրվեց. բնակիչները գիշերներն անգամ հերթապահում էին, որ գիտավանի տարածքը զարդարող բազմամյա ծառերը չհատվեն:

Հիմա էլ գիտավանի բնակիչներին հյուր եկող երևանցիները զարմանում են, թե ինչպես է պահպանվել այս օրերի երևանյան տեսարաններից այդքան տարբերվող այդ կանաչ օազիսը: Ամառվա կիզիչ տապին բազմամյա ծառերի հզոր սաղարթը պատսպարում է անցորդներին արևի այրող ճառագայթներից: Իսկ հիմա, երբ դրսում աշուն է, և բնության ներկապնակը երանգավորվել է մի աննախադեպ շռայլությամբ, գիտավանը, հիրավի, արժանի է թվում լավագույն գեղանկարիչների վրձնին:
Բայց թե դա ռոմանտիկների համար է: Իսկ ռեալիստներն այլ կերպ են մտածում: Եվ գործու’մ: Նայեք այս նկարները: Միայն թե չասեք` դա ընդամենը մի քանի ծառ է: Այդ մի քանի ծառերն առնվազն 30 սմ տրամագծով բներ ունեն: Քանի՞ տարի է անհրաժեշտ, որ նման ծառ աճի: Բայց այս ծառերը, դժբախտաբար, աճում էին Հալաբյան փողոցի վրա վերջերս կառուցված «Կլայկ» կահույքի խանութի դիմաց եւ իրենց սաղարթով փակում էին խանութի ճակատամասը: Խանութի տերերն էլ ծառերին «չներեցին» այդ հանդգնությունը. նախ բոլոր ճյուղերը իսպառ հատեցին, ապա հարակից տարածքը ասֆալտապատեցին` այնպե¢ս, որ ոչ մի կաթիլ ջուր չհասնի հիմնահատակ սաղարթահատված ծառերի արմատներին: Իսկ գարնանը հանգիստ կարելի է սղոցել նաև բները, ավելի ճիշտ` այն գերանները, որ մնացել են կանգնած` ի հիշատակ երբեմնի ծառերի:
Հետո էլ ասում են, թե իսկական հայը նա է, ով տուն է կառուցում, որդի է մեծացնում ու ծառ է տնկում: Ի՞նչ է, այս աշխարհի այսպես կոչված հզորներն ամբողջովին խմբագրե՞լ են այդ ասացվածքը:
Ամալյա ՊողոսյանՖիզիկայի գիտավանի բնակչուհի



Комментариев нет: