четверг, 27 ноября 2008 г.

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՊԼԱՆԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է


Երևանից դեպի հարավ` 338 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչներն արդեն 5-6 ամիս է` խուճապի մեջ են.

համաձայն 2008թ. ապրիլին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ռուսական «Ատոմռեդմեդզոլոտո» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրի` արդեն մեկնարկել են Հայաստանի հանքերում ուրանի որոնողահետախուզական աշխատանքները:


«Մենք էս հանքի բացման մասին իմացել ենք հեռուստատեսության լուրերից, ոչ մեկ մեզ չի հարցրել` ուզում եք, համաձայն եք կամ ինչ անենք, որ գյուղը վնաս չկրի,-ասում է 444 բնակիչ ունեցող Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստյոպա Պետրոսյանը,-Բոլորս գիտենք, որ ուրանը ռադիացիոն տարր է, որը շատ արագ ֆոնային դաշտ է ստեղծում ու անմիջականորեն ազդում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա»:

Լեռնաձորցիների` ուրանի մասին քաջատեղյակությունը գալիս է Խորհրդային տարիներից, քանի որ դեռևս 70-ականներին հարակից բլուրներում հանքափորները որոնողահետախուզական աշխատանքներ են արել և պարզել, որ մոտ 30 000 տոննա ուրանի պաշարներ կան, որոնք, ինչպես նշում են մասնագետները, պետք է տարիների ընթացքում գոնե կրկնապատկված լինեն:

Այս փաստը հիմք ընդունելով էլ` ՀՀ բնապնախարարի ու «Ատոմռեդմեդզոլոտո»-ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի` ստեղծվեց նաեւ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն: Հարությունյանի խոսքերով` այս փուլին հասնելու համար երկար ճանապարհ են անցել, որին անմիջականորեն մասնակցել են երկու պետությունների վարչապետերը:

Դեռևս 2000թ. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները խաղաղ ատոմի ոլորտում համաձայնագիր էին կնքել: Իսկ անցյալ տարի ատոմային էներգիայի ՌԴ «Ռոսատոմ» գործակալությունը ՀՀ-ին ներկայացրեց հանքավայրերի ուսումնասիրման համատեղ ծրագիր, ինչի արդյունքում կողմերը ստորագրեցին համագործակցության զարգացման վերաբերյալ արձանագրություն, որին էլ հաջորդեց ապրիլյան պայմանագիրը:

(Ի դեպ, «Ռոսատոմ»-ի մեջ է մտնում «ՙԱտոմէներգոպրոմ» ԲԲԸ-ն, որին և պատկանում է «Ատոմռեդմեդզոլոտո» ԲԲԸ-ի ակցիաների 100 տոկոսը: Վերջինս, տնօրինված ուրանի պաշարների քանակով աշխարհում զբաղեցնելով 2-րդ տեղը, կառավարում է Ռուսաստանի ողջ ակտիվները և ծրագրեր է իրականացնում նաև Ղազախստանում):


«Ուրանը մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում ու Ռուսաստանում, այլև ընդհանուր առմամբ աշխարհում ընթացող գործընթացներում»,-նշում է Հարությունյանը` հույս հայտնելով, որ պաշարների առկայությունը կհաստատվի, և ձեռնարկությունը կանցնի իր բուն գործունեությանը:

Իսկ գործունեության վայրը Սյունիքի մարզի` մասնավորապես Լեռնաձոր համայնքի Փուխրուտ, Լեռնաձոր, Կաթնառատ գյուղերին հարող տարածքներն են:
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի խոսքերով` կախված պաշարներից` Ռուսաստանը կարող է մի քանի միլիոն դոլարից մինչեւ մի քանի տասնյակ միլիոն ներդնել, ինչի հույսերը և փայփայում են ՀՀ իշխանությունները:

Հակառակ պետության ոգևորությանը, իրատեսական խուճապի մեջ են բնապահպաններն ու հանքերին հարող բնակավայրերի բնակիչները:

«Եթե սկսեն ուրանի արդյունագործական աշխատանքները, ինչը, ըստ էության արդեն կասկածի տակ էլ չէ, ապա Հայաստանը կդառնա աղետի գոտի:
29-30 հազար քկմ տարածք զբաղեցնող երկրի համար էկոլոգիական տեսանկյունից այն կործանարար կարող է լինել:
Ու ի վերջո, չի կարելի նման փոքր երկրում բոլոր հանքերը բացել, բնությունն իր վրեժը կլուծի մի օր»,-ասում է ՀՀ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Արամ Հարությունյանի խոսքերով, սակայն, վտանգները չեզոքացված են, «քանի որ աշխատանքները լինելու են թափանցիկ, ձեռնարկությունն աշխատելու է բացառապես ՀՀ օրենսդրության սահմաններում և ամեն ինչ անելու է` բնապահպանական խնդիրներից զերծ մնալու համար»:

Դեռևս 70-ական թվականներից ուրանի «համը տեսած» լեռնաձորցիների համար, սակայն, հազիվ թե համոզիչ լինեն երեւանաբնակ նախարարի խոսքերը. լեռնաձորցիները հիշում են, թե ինչպես այդ թվականներին Խորհրդային իշխանությունների հրահանգով բացեցին հանքերը և իսկույն, անհասկանալի հանգամանքներում փակեցին այն:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի ինժեներ, «Խուստուփ» բնապահպանական հկ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը հիշում է, որ այդ տարիներին ուրանի հետախուզման ժամանակ մի քանի հանքափորներ հենց հանքի մեջ մահացել են, որից հետո հանքը մինչև օրս փակվել է, իսկ բանվորների մահվան ոդիսականն էլ մնացել է անհայտ:

«Բայց բոլոր խոսակցությունները տանում էին այնտեղ, որ բանվորները մահացել են ուժեղ ռադիացիայից:
Ես կարծում եմ` էդպես էլ եղել է, քանի որ անգամ դիակները չհանեցին: Փակեցին հանքը` ժողովրդի բերանների հետ մեկտեղ»,-վկայում է Մարտիրոսյանը:

Լեռնաձորի բնակիչ 70-ամյա Բաբկեն Գևորգյանը, ով թեև հանքափորների համար ամեն օր հաց է տարել, միայն մի բան է իմացել` այն, որ հարուստ հանք է և վերջ:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը, ով, ինչպես նախատեսված է, ղեկավարելու է երկրագիտական աշխատանքները, հավաստիացնում է, որ հանքի բացումն իրենից վտանգ չի ներկայացնում:

«Համաշխարհային հանրությունն արդեն ուրանի հանքավայրերն անվտանգ շահագործելու մեծ փորձ ունի: Արդյունավետ միջոցներ կան, որպեսզի ճառագայթումը քիչ լինի, որը իրականում ուրանի հարստացման ժամանակ է լինում, իսկ հարստացում Հայաստանում չի արվելու: Հայկական կողմը պատրաստվում է արդյունահանված ուրանը հարստացնել Ղազախստանի և Ռուսաստանի կողմից Անգարսկում հիմնադրված ատոմային կենտրոնում»,-նշում է Գրիգորյանը, ում խոսքերին ուղղակիորեն հակասում են փորձագիտական վերլուծությունները:

Դեռևս 1990-ականներին ԱՄՆ-ում հրապարակվեց ԱՄՆ կառավարության` հանքարդյունաբերողների ռիսկերը թեմայով մի ուսումնասիրություն, որը վկայում էր, որ տարիներ առաջ
«ռադոնի և դուստր նյութերի հանքահանման հետեւանքով մի քանի հարյուր հանքափորներ մահացան թոքերի քաղցկեղից, իսկ մյուսները մինչեւ կյանքի վերջ ապրեցին այդ սպառնալիքի տակ»:

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն, գիտքարտուղար Էվելինա Ղուկասյանը եւս, միանշանակ դեմ դուրս գալով ուրան արդյունահանելու նախագծին, պնդում է, որ «հանքարդյունաբերության ամենամեծ մասշտաբն ընդգրկող Սյունիքի շրջանում
տեղից էլ շրջակա միջավայրն աղտոտված է, ուր մնաց թե բանը հասնի ուրանին. ոչ միայն հանքի բացումը կազդի բնության, կենդանիների, մարդկանց հատկապես երեխաների վրա`առաջացնելով քաղցկեղ, անոմալ ծնունդներ, երիտասարդ տարիքում մահացության մեծ ցուցանիշ, այլև հսկայածավալ պոչամբարները»:


Լեռնաձորի մանկապարտեզի տնօրեն Նունե Առաքելյանը գիտի, որ հանքի վտանգների առաջին կրողներն փոքրիկներն են լինելու, ովքեր այսօր խինդ ու ծիծաղով են լցրել իր աշխատավայրը:

«Եթե բացեն հանքը…Չէ, չի կարող, պիտի բացառվի...Մեր երեխաները մեղք են»,-վրդովմունքը չթաքցնելով` ասում է Առաքելյանը:

Իսկ 69-ամյա լեռնաձորցի Վոլոդյա Ենոքյանը պնդում է, որ հարակից բնակավայրերը տեղափոխելու դեպքում միայն ինչ-որ չափով թույլատրելի կլինի հանքի շահագործումը: «Եթե բացեն հանքը, էս ռայոնը կվերանա»,-ասում է նա:

Հայաստանի 3 արգելոցներից ամենամեծն ու կենսաբազմազանությամբ ամենահարուստը համարվող Շիկահողի արգելոցի տնօրեն Ռուբեն Մկրտչյանը թե որպես բնապահպան և թե որպես սովորական բնակիչ է անհանգստանում:

«Այդ հանքերից մինչև Շիկահող 50 կմ-ից էլ քիչ տարածություն է: Հետեւաբար եթե հանքը բացվի, անհնար է, որ արգելոցի վրա ռադիացիոն ազդեցություն չլինի,-մտահոգվում է Մկրտչյանը,-
Դրանից կենդանիները հաստատ հիվանդություններ ձեռք կբերեն, ծառերը կսկսեն չորանալ: Իսկ եթե այդքան բան տեղի ունենա, մեր անտառի ողջ հավասարակշռությունը կվերանա»:

Ի դեպ, ուրանի հանքի շահագործման ազդեցության գոտին, ինչպես վկայում են մասնագետները, կախված արդյունագործական ծավալներից, կարող է ընդգրկել մինչև 60 կմ, երբեմն ավելի մեծ շառավղով տարածքներ:

Բնության համաշխարհային հիմնադրանի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը հաստատում է արգելոցի տնօրենի մտավախությունը` ավելացնելով, որ կենդանական ու բուսական աշխարհն այսօր շատ խոցելի է, ուր մնաց թե ռադիացիոն ուժեղ ֆոնում հայտնվեն, դրան էլ գումարվեն պոչամբարները:

Լեռնաձորի հիմնական դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը սովորական լեռնաձորցիների կարծիքն ամենից խիստը կիսողն է, ով հանձնարարել է ֆիզիկայի ուսուցչին բոլոր դասարաններում առանձին դաս հատկացնել ուրանին ու վերջինիս հետեւանքներին` այդկերպ փորձելով պայքարել կառավարության որոշման դեմ:

Մինչդեռ պետական օղակների ներկայացուցիչները, ինչպես Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի տեղակալ Ավո Ծատրյանը կամ հարակից Քաջարան քաղաքի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ասում են, որ «որոշելիքը կառավարությանն է, որին իրենք վստահում են»:

Իսկ երիտասարդ լեռնաձորցիների` 25-ամյա Հայկ Մինասյանի ու գյուղացի տարեկիցների խոսքերով՝ «քանի դեռ պաշտոնյաները հույսը դնում են կառավարության որոշումների վրա, մի քանի տարի հետո էս ռայոնի ժողովուրդը կքնի ու տենց քնած էլ կմնա»:

Комментариев нет: