воскресенье, 9 ноября 2008 г.

Հանքագործները ոտքի են կանգնել


Անցյալ շաբաթ Ագարակում տեղի ունեցած բողոքի ակցիան այլ կերպ, քան սոցիալական հուժկու բունտ անվանելն անհնար է: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մուտքի առջեւ հավաքված հարյուրավոր աշխատողներ արտահայտեցին իրենց դժգոհությունները՝ կապված ձեռնարկության ղեկավարի աշխատաոճի, տնտեսական ճգնաժամով բացատրվող նրա որոշումների հետ:
Մասնավորապես խոսքը վերաբերում է նրան, որ Սոթքի ապաշնորհ «շահագործման» կապակցությամբ հայտնի դարձած «Գիեպրո մայնինգ» ընկերության ներկայացուցիչ, Ագարակի կոմբինատի գլխավոր տնօրեն Գեորգի Դեւաձեն մտադիր էր ժամանակավոր պարապուրդի ուղարկել 300 աշխատողների, իսկ թոշակառուի տարիքի հասած 50 հոգու՝ կրճատել: Ագարակում կրճատումների առնչությամբ անհանգստություններ կային ամիսներ առաջ, երբ դեռ տնտեսական ճգնաժամ չկար եւ երբ արդեն աշխատողները հասկացան, որ այս ձեռնարկության գլխավոր տնօրենին անհանգստացնողը ոչ թե կոմբինատի աշխատանքն է, այլ բարձրակարգ հյուրանոցներում ապրելը, կոմբինատի հաշվին գործուղումները, բանվորների աշխատանքային պայմաններին առնչվող ֆինանսական պայմանների նվազեցումը, նաեւ աշխատավարձերի կրճատումները:
Ագարակի կոմբինատի աշխատողները սիրով են հիշում նախկին սեփականատիրոջը՝ տարեց մի մարդու, Մասլով ազգանունով: Կոմբինատի աշխատակիցները նրան մինչեւ հիմա անվանում են «Պապիկ»: Պատմում են, որ այս մարդը աշխատանքի գնալիս, կոմբինատի աշխատողներին անգամ իր ավտոմեքենայով էր տանում աշխատանքի: Ճիշտ է, Մասլովի օրոք էլ կային բավականին սուր խնդիրներ, մասնավորապես կապված աշխատողների առողջության, աշխատանքային պայմանների ապահովման հետ: Բայց, ինչպես ասում են կոմբինատի աշխատողները, «Պապիկը» թե— բոլոր հարցերը բացարձակապես չէր կարգավորում, բայց գոնե լսում էր բանվորներին, ուներ մարդկային վերաբերմունք:
Իսկ ներկայիս տնօրենը, երիտասարդ Դեւաձեն, ըստ բանվորների, անգամ բարեւ չի տվել մի աշխատողի: Փոխարենը մսխել է կոմբինատի շրջանառու միջոցները, գնել մեկ տասնյակի հասնող թանկարժեք ու շքեղ ավտոմեքենաներ, աշխատանքի տեղավորել ու միոնավոր դոլարներով վարձատրել ձեռքները գրպաններում դրած ու շվշվացնող իր ընկերներին, բարեկամներին, ընկերուհիներին: «Կոմբինատի փողերը մսխող մի 20 վրացի լակոտներ Երեւանում իրենց կանանց բանկետը կազմակերպելու համար կոմբինատից դուրս են գրում միլիոններ: Մենք ներսում ենք աշխատում, ամեն ինչից էլ տեղյակ ենք: Կան ամուսիններ, որ ոչ մի բան չեն անում, ընդամենը Գեորգիի մոտիկներն են, մեկուկես միլիոն ամուսինն ա ստանում, մի միլիոն, 300 հազար դրամ էլ՝ կինը: Իսկ բանվորներ կան՝ 30 հազար դրամ են ստանում առողջության համար վտանգավոր աշխատանքի դիմաց»:
Ագարակցիների հարցադրումներն անվերջ են եւ հուզումնալից. «Մեղրին ուզում են հանձնել մեղրեցուն խեղճացնելո՞վ: Չեն կարողանալու, մենք, եթե պետք լինի, կփակենք Երեւան տանող ճանապարհը, կպաշտպանենք մեր երկիրը, ոչ մեկին չենք թողնի կպչել մեղրեցու խաթրին: Մենք մեր երկիրը պաշտպանել ենք, Նյուվադի սարում մնացել ենք ամիսներով, Մեղրին էլ կպահենք, թող վրացիների կամ Հայաստանի կառավարության մտքով չանցնի, թե մեզ կխեղճացնեն»:
Ընդհակառակը. ագարակցիները, ի դեպ, երկու օր առաջ հեռագիր էին ուղարկել Սերժ Աարգսյանին եւ Տիգրան Սարգսյանին, պահանջել են նրանց շուտափույթ այցելությունը: Տիգրան Սարգսյանը օրերս մեղմաբար ժպտալով՝ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ կապված Ագարակի եւ Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատների շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Սերժ Սարգսյանի վերաբերյալ ագարակցիներն ասացին. «Երբ որ նախագահի ընտրություն էր, ասում էին՝ Սերժին չընտրեք՝ չեք աշխատի: Դե թող հիմա Սերժը գա, տեսնենք՝ մեր հարցերը կլուծի՞, թե՞ կպաշտպանի կազինոներում մեր երկրի հարստությունը մանրող Դեւաձեին»: Ագարակում արդեն երկու օր է՝ մարդիկ գնում են աշխատանքի. ղեկավար չունեն: Դեւաձեն փախավ ջղայնացած ագարակցիների ձեռքից, հիմա Երեւանում է, հանդիպում է կառավարության ներկայացուցիչների հետ: Իրենք իրենց ղեկավարում են ու սպասում, թե ինչ կորոշի Հայաստանի կառավարությունը, որը ժամանակին անհեռատես որոշմամբ կոմբինատը տվեց վրացիների ձեռքը: Իսկ Կապանի կոմբինատի սեփականատերերը, ինչպես հայտնի է, անգլիացիներ են: Նրանք էլ են կոմբինատն աշխատեցնում վրացիների ոճով: Կապանը երեկ վարակվեց իր իրավունքները պաշտպանելու մղումով: Այստեղ նույնպես հասունանում է բողոքի ակցիաների պահը: Երեկ կոմբինատի տնօրեն Ռոբերտ Ֆալետան, որը նոր էր վերադարձել Երեւանից եւ վարչապետի հետ քննարկել է տնտեսական ճգնաժամին վերաբերող հարցերը, ժողով է արել եւ տեղեկացրել, թե պետք է կրճատվեն բանվորների 60 տոկոսը, աշխատավարձերը կնվազեն 40 տոկոսով: Այս ձեռնարկության ղեկավարները նախքան տնտեսական ճգնաժամը հայտարարում էին, թե միջին աշխատավարձը 250 հազար դրամ է, բանվորները, սակայն, ստանում են միջինը 70 հազար դրամ: Եւ վերջին «զարգացումների» հետեւանքով, փաստորեն, առողջության համար խիստ վտանգավոր աշխատանքի դիմաց, մարդիկ պետք է ստանան 30 հազար դրամ: Եթե, իհարկե, չպայքարեն, չպաշտպանեն իրենց իրավունքները, ոտքի չկանգնեն հանուն սոցիալական արդարության եւ կառավարությունից չպահանջեն չեղյալ հայտարարել չնչին գումարներով օտարների ձեռքը հանձնած կոմբինատներն ու ստեղծել նոր աշխատատեղեր՝ էկոլոգիական վնասներ չհասցնելու պայմանով:

Комментариев нет: