Բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ամիսներ առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասաց, որ երազում է Հայաստանում երկաթի արտադրության մասին:
Նա դեռեւս բնապահպանության նախարար եղած ժամանակ պատրաստվում էր դրան` ինքն իրեն տալով հանքավայրի ուսումնասիրության լիցենզիա եւ գործնական քայլեր ձեռնարկելով իր երազանքին ընդառաջ:
Անցած տարի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը Այվազյանների ընտանիքին պատկանող «Նագին» ՍՊԸ-ին տվեց հանքարդյունահանման հատուկ լիցենզիա: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից 1,5 կմ հյուսիս-արեւելք ընկած հատվածում 70265,55 հազար տոննա /19303,72 հազ մ խորանարդ/ ծավալով օգտակար հանածոյի պաշար է տրամադրվել «Նագին» ՍՊԸ-ին` 25 տարով: Հիշեցնենք, որ «Նագին» ՍՊԸ-ն գրանցված է Վ. Այվազյանի կնոջ եւ տղայի անուններով (մանրամասն տես` Վարդան Այվազյանի բիզնես նախագիծը):
Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործումը նախատեսված է բաց եղանակով: Հանքավայրի շահագործումից առաջ այն, ինչպես օրենքն է պահանջում, պետք է անցնի արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի տեխնիկական փորձաքննություն: Այս տարվա սեպտեմբերի 16-ին փորձագիտական խումբը, ուսումնասիրելով «Նագին» ՍՊԸ-ի փաստաթղթերը, տվել է դրական եզրակացություն:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն իրականացրել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն: «Նագին» ՍՊԸ-ի «Հրազդանի երկաթաքարի հանքավայրի» շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ Լեռնամետալուրգիայի ինստիտուտն այս տարվա հոկտեմբերի 13-ին նույնպես տվել է դրական եզրակացություն:
Նշենք, որ հանքավայրից 500 մ հեռավորության վրա գտնվում է Հրազդան գետը` իր Ծաղկաձոր եւ Մարմարիկ վտակներով:
Այս նախագիծն առայժմ գաղտնի է, բնապահպանները դեռեւս չգիտեն դրա մասին, հրազդանցիները` նույպես, թեեւ օրենքը նախատեսում է հանրային լսումների կազմակերպում:
Ծանոթանալով Լեռնամետալուրգիայի ինստիտուտի տված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությանը»` պարզ է դառնում, որ այն հենց այնպես գրված փաստաթուղթ է: Միանգամից զգացվում է, որ սա փոխհատուցում է նախկինում նախարարի մատուցած ծառայությունների. չմոռանանք, որ այս ինստիտուտը պատկանում է «Վալեքս Գրուպ»-ին, այսինքն` Վալերի Մեջլումյանին: Հենց նրա սեփականություն հանդիսացող «Էյ-սի-փի» ընկերությանն է թույլ տրված ինչ-որ վճարների դիմաց Ալավերդու մթնոլորտ նետել աննկարագելի չափերի արտանետումներ, ինչպես նաեւ` շահագործել Թեղուտի հանքավայրը:
Բնապահպանական խնդիրներին այս եզրակացության մեջ նվիրված է մի քանի պարբերություն: Ահա դրանցից մեկը. «Մթնոլորտ արտանետվող վնասակար նյութի տարեկան ընդհանուր քանակը կկազմի 1448,5 տոննա, որից փոշու արտանետումները կազմում են 27 տոկոս, իսկ մեքենաների եւ մեխանիզմներինը` 65 տոկոս»: Թե ի՞նչ է լինելու մնացած 8 տոկոսը, փաստաթղթից պարզ չէ:
Լեռնամետալուրգիայի ինստիտուտը եզրակացության մեջ գրում է. «Ըստ դաշտային ուսումնասիրությունների արդյունքի, այս տարածքի բուսականությունը ներկայացված է շրջանին բնորոշ տիպիկ ֆիտոցենոզներով, բացակայում են հազվագյուտ, անհետացող եւ էնդեմիկ տեսակներ, բացի 3-րդ կարգավիճակ ունեցող (տարածման վայրը կրճատվում է) քիչ քանակի 10-15 բույսեր, Կակաչ արեւելյան տեսակի: Իսկ ըստ տարածքի ֆաունիստիկական ուսումնասիրությունների արդյունքի, դիտարկված կենդանիների տեսակները պատկանում են լեռնատափաստանային գոտուն բնորոշ տեսակների թվին եւ լայնորեն տարածված են հանրապետությունում: ՀՀ Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ տեսակներ չեն հայտնաբերվել»:
Բերենք միայն մեկ փաստ, որ Հրազդանում գործում է արդյունաբերական մեկ այլ հսկա` Հրազդանի ցեմենտի գործարանը, որը մթնոլորտ է արտանետում հսկայական ծավալի փոշի: Իսկ Հրազդանը մի քանի կմ է հեռու Ծաղկաձորից, Հանքավանից, Աղվերանից, որոնք արդեն դարձել են տուրիստական կենտրոններ եւ ունեն զարգացման հեռանկարներ:
Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի ներգործության մոնիտորինգի տվյալներով` Հրազդան քաղաքի փոշու թույլատրելի նորմը 3 անգամ ավելի է: Իսկ տարվա ընթացքում եղել են ամիսներ, որ այն գերազանցել է 5,8 անգամ: Մեկ տարի առաջ մեր հացումներին, թե ինչ բնապահպանական ծրագրեր է նախատեսում իրականացնել գործարանը, չպատասխանեցին ո՛չ գործարանի ղեկավարությունը, ո՛չ էլ Բնապահպանության նախարարությունը: Հրազդանում տիրող էկոլոգիական աղետալի վիճակը իր հոդվածում մանրամասն ներկայացրել է «Հրազդան» թերթի խմբագիր Մնացական Հարությունյանը (տես հոդվածը):
Բոլոր դեպքերում, նման տիպի հանքավայր շահագործելու համար Վարդան Այվազյանին անհրաժեշտ է լինելու տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում: Նախկին նախարար, ներկայիս պատգամավոր Այվազյանը ստիպված է լինելու բացատրություններ տալ ներդրվելիք գումարների ծագման մասին:
http://hetq.am/arm/economy/8537/
вторник, 11 ноября 2008 г.
Նոր հանքավայր Հրազդանում. Վարդան Այվազյանի երազանքն իրականանում է
Автор: bnamard на 13:02
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий