четверг, 16 апреля 2009 г.

Կայուն զարգանում ենք բարձր գնահատականով


[ 2009/04/15 13:23 ] բնապահպանություն, կարևոր, հասարակություն Շուշան Ստեփանյան



«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» փորձագետները զեկույց են պատրաստել, որը գնահատում է «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում «ԵՄ-Հայաստան» Գործողությունների ծրագրի բնապահպանության եւ կայուն զարգացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացումը: Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, գնահատականները, ի զարմանս իրենց, միջինից բարձր են:
Երեկ փորձագետներն այդ զեկույցը ներկայացրեցին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի այն վերջնական տեսքի բերվի, չնայած նախնական տարբերակն արդեն ներկայացվել է Բրյուսելում կայացած նիստի ժամանակ:
Եվրոպական Միության հետ համագործակցության ուժեղացմանը վերաբերող գլխի հարցերն ընդհանուր առմամբ գնահատվել են 66.6 տոկոս, ԵՄ պարտավորությունների մակարդակի գնահատականը 40 տոկոս է,շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պլանների եւ ծրագրերի մշակում` 80 տոկոս, օժանդակումը բնապահպանական օրենսդրության ընդունմանը` 69.2 տոկոս, վարչական կառույցների եւ գործընթացների ուժեղացում` 66.7 տոկոս, կառույցների եւ ընթացակարգերի ուժեղացում` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում անցկացնելու համար` 66.7 տոկոս, Կիոտոյի արձանագրության եւ Կլիմայի փոփոխման ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացում` 86.7 տոկոս, Էներգետիկ եւ տրանսպորտային քաղաքականության կայունության բարելավում՝ 70.83 տոկոս:
Օ տոկոս միավոր է արձանագրվել Շրջակա միջավայրի վիճակի մասին կանոնավոր հաշվետվությունների պատրաստում հարցաշարը, քանի որ ինչպես փաստեց Կարինե Դանիելյանը Հայաստանը Շրջակա միջավայրի իրավիճակի վերաբերյալ ազգային զեկույցներ պատրաստել եւ հրատարակել է միայն 1993 թ. եւ 2003 թ.:
Մասնակից բնապահպանները ներկայացրեցին իրենց մտահոգությունները նման բարձր գնահատականների առումով, ինչին ի պատասխան Կարինե Դանիելյանը նշեց, որ հարցերը ինստիտուցիոնալ էին, օրինակ` ունի՞, արդյոք, Արտաքին գործերի նախարարությունը առանձին բաժին ԵՄ հետ համագործակցության ինտեգրման գծով կամ ընդունվե՞լ է արդյոք ռազմավարական մեխանիզմ գործողությունների պլանի իրականացման համար: Եթե տվյալ հարցերի պատասխանները այո են, ուրեմն Հայաստանը բարձր միավորներ է վաստակում:
«Հարցեր չկան, որոնք միտված են պարզել, թե ինչպես են աշխատում տվյալ մեխանիզմները կամ ստեղծված բաժինը, քանի որ օրինակ՝ գերմանացու համար անհասկանալի է, թե ինչպես կարող է օրենք ընդունվել, որոշում կայացվել եւ չկատարվել, իրենց համար օրենքը գործողության վերջնակետն է, իսկ մեզ մոտ օրենքը դեռ գործողությունների սկիզբն է: Մենք Բրյուսելում առաջարկեցինք ավելացնել հարցեր, որոնք կպարզաբանեն, թե ինչպես են գործում օրենքներն ու մեխանիզմները բնապահպանության ոլորտում: Երբ պատասխանենք այդ հարցերին, մեր միավորները կտրուկ կնվազեն»,-ասաց Կարինե Դանիելյանը:
«Ազդեցության գնահատական չենք կարող տալ, ստացվում է շատ լավ պատկեր, որն իրականության հետ չի համապատասխանում: Այսպիսի գնահատական տալը սխալ է: Եթե գնահատականները նման ձեւով գնան, մենք հետագայում չենք կարողանալու խնդիրներ ներկայացնել նույն ԵՄ-ում»,-ասաց «Շողեր միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ադլանյանը:
Հարցաշարի շրջանակներում նաեւ առաջարկվում էր ներկայացնել երկրում տիրող քաղաքական իրավիճակը: Բնապահպանները հրաժարվեցին նման փաստաթուղթ ներկայացնել, պարզաբանելով, որ իրենք քաղաքականության հետ գործ չունեն:
Այնուհետեւ բնապահպանների հետ հանդիպեցին Հանրային խորհրդի համակարգող Վազգեն Մանուկյանը եւ խորհրդի անդամ Կարեն Բեքարյանը: Նրանք եկել էին ներկայացնելու Հանրային խորհրդի հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջադրելու կարգը եւ հորդորեցին ավելի ակտիվ լինել, քանի որ մինչ օրս որեւէ բնապահպան հայտ չի ներկայացրել Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում ընդգրկվելու համար: Վազգեն Մանուկյանը բնապահպաներին բացատրեց նրանց դերն ու նշանակությունը, նաեւ` թե ինչպես պետք է պայքարել ապօրինությունների դեմ

Hetq.am

Комментариев нет: