суббота, 18 апреля 2009 г.

«Զուռնա-դհոլով ստեր». Թեղուտի անտառների խնդիրը նույնքան արդիական է, ահազանգում են բնապահպանները


«Վալլեքս» խմբի ընկերությունների այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, որ «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կատարել հատվող անտառային ծածկույթի կրկնակի չափով, չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Կանաչների միության» նախագահ, քիմիկոս Հակոբ Սանասարյանը։ Նրա խոսքերով, դա «Վալլեքսի»՝ մարդկանց «աչքերին թոզ փչելու», ուշադրությունը շեղելու հերթական ձևն է։
Բնական անտառները անխնա հատող կազմակերպությունը չի կարող վստահելի լինել, համոզված է Սանասարյանը։ «Ալավերդու պղնձաձուլարանը միակն է աշխարհում, որ այդքան բարբարոսաբար է շահագործում ընդերքը», - ասաց նա և ավելացրեց, որ միայն գործարանի համար նոր ճանապարհների կառուցման նպատակով արդեն անտառահատվել է 24-25 հեկտար տարածք։
Ըստ մասնագետի` գործարանի աշխատանքի հետևանքով առաջացած թունավոր թափոնը, որը ծանր մետաղներ է պարունակում և գենետիկական լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ է, հազարավոր տարիների ընթացքում չի կորցնում իր վտանգավոր հատկությունները։ «Իսկ տեղի գետերի կիրճերը գործարանի կողմից օգտագործվում են որպես աղբանոց», - հավելեց քիմիկոսը։

«Ապակողմնորոշիչ խաբեություն» անվանեց «Վալլեքսի» գործունեությունը Tert.am-ի մյուս զրուցակիցը՝ հնագետ, պատմաբան, լոռեցի Վարշամ Ավետյանը, որը Հայաստանի հյուսիսում անտառահատման դեմ պայքարողների թվում է և այդ թեմայով բազմաթիվ հրապարակումների հեղինակ։ Նրա խոսքերով, վերոնշյալ հաղորդագրությունով «Վալլեքսը» հող է պատրաստում ապօրինի հատումները շարունակելու համար։
«Պարբերաբար ուսանողական խմբեր են բերում, զուռնա-դհոլով մի 300 հատ ծառ տնկում, այդ ամենը նկարահանում հեռուստատեսության համար, մյուս օրը կովերը մտնում, տրորում են, իսկ խոզերը` ուտում տնկիները։ Կամ՝ նոր տնկիներ են բերում, թողնում գետի ափին, հետո հեռանում են, իսկ դրանք չորանում են։ Այդ ամենը, որպես տեղի բնակիչ, ես տեսնում եմ սեփական աչքերով», - հայտնեց Ավետյանը։

http://tert.am/am/news/2009/04/18/teghutforests/

Комментариев нет: