четверг, 23 апреля 2009 г.

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական կարեւոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա բնական միջավայր։ Էկոլոգիական անվտանգությունը միաժամանակ շրջակա բնական միջավայրի եւ մարդու տնտեսական գործունեության հավասարակշռված վիճակի գոյությունն է, երբ միջավայրի վրա անտրոպոգեն բեռնվածությունը չի խաթարում բնության վերականգնման ունակությունը։ Դա նաեւ կարգավորման, կանխարգելման միջոցառումների մի համակարգ է, որն ուղղված է ժամանակին կասեցնելու անտրոպոգեն վնասակար գործունեությունը եւ թույլ չտալու արտակարգ իրավիճակների առաջացում։ Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում ընդգրկվում են շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչները (հողը, օդը, ջուրը, երկրի ընդերքը, բուսական եւ կենդանական աշխարհը, կենսոլորտն ամբողջությամբ), ինչպես նաեւ մարդը։ Դրանք բոլորն էլ ենթարկվում են էկոլոգիական սպառնալիքների, այսինքն՝ իրադարձությունների զարգացման այնպիսի ընթացքների, որոնք պայմանավորված են շրջակա միջավայրի վիճակի կտրուկ փոփոխություններով, մարդու եւ հասարակության համար անկանխատեսելի հետեւանքներով։ Հայաստանը կանգնած է էկոլոգիական աննախադեպ ռիսկերի առաջ եւ աստիճանաբար դառնում է ինտենսիվ շահագործվող ռեսուրսահումքային երկիր, որի էկոլոգիական անվտանգության խոցելիությունը գնալով մեծանում է։ Ինչպես ասում են, մեր բախտը միշտ մեզ հետ է։ Հանրապետության տարածքում կան էկոլոգիական համեմատաբար մեծ տարողություն եւ իներցիա ունեցող երեք տարածաշրջաններ՝ Լոռի-Տավուշ (անտառապատվածությունը՝ 28%), Զանգեզուր (13%) եւ Սեւանա լճի էկոհամակարգ (գլխավոր կայունացուցիչը ջուրն է)։ էկոլոգիական կայունության հիմնական կառուցվածքային բաղադրիչները բնական ջրերն են, անտառները, մարգագետինները եւ ռելիեֆը։ Եւ հենց դրանք էլ վտանգված են։ Ագարակ-Քաջարան-Կապան մոտ 30 կիլոմետրանոց շառավղում գործող վիթխարի հանքարդյունաբերությունը գնալով ավելացնում է հանքաքարերի օգտագործման ծավալները, նույնը՝ Ալավերդի-Ախթալա-Թեղուտ հանգույցում եւ դրանց գումարած Սեւանի հարեւանությամբ Սոթքի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման տխուր հեռանկարը։ Ամենամոտ ապագայում ծրագրված է նաեւ ուրանի հանքերի շահագործումը։ Հոշոտման ենթակա տարածքներն արդեն հայտնի են, իսկ էկոլոգիական երեւույթներն ու սցենարները կզարգանան անսպասելի էֆեկտներով, եթե իհարկե ժողովուրդը տեր չկանգնի իր էկոլոգիական իրավունքներին։ Նշված ձեռնարկությունները իրենց պոչամբարների տակ կառնեն հսկայական հողատարածքներ, որտեղ կուտակվելու են չափազանց վտանգավոր ծանր մետաղներ եւ ցիանական միացություններ պարունակող տեխնոլոգիական հոսքաջրերը։ Փաստորեն Հայաստանի ամենահրաշալի վայրերը վերածվելու են հրեշավոր պոչամբարների կամ դանդաղ գործողության ականների, դրանցից բխող էկոլոգիական բոլոր հետեւանքներով։ Դա դեռ բոլորը չէ։ Հանրապետության ողջ տարածքի էկոլոգիական վիճակն այսօր գնահատվում է որպես ռիսկային (լարված), իսկ առանձին տեղերում` ճգնաժամային։ Երկրագործական ամենաակտիվ գոտում՝ Արարատյան դաշտի հարեւանությամբ, գործում է ԱԷԿ-ը, հողատարածքները անապատացվում, աղակալվում եւ ճահճանում են, շատ տեղերում ոռոգումն իրականացվում է խիստ աղտոտված ջրերով։ Մյուս տարածաշրջաններում մոլեգնում է հողերի անապատացումն ու էրոզիան։ Կտրտված հողամշակության պայմաններում ուղղակի անհնար է դարձել էկոլոգիական ու բնապահպանական բնույթի ծրագրերի իրականացումը եւ էկոլոգիական վիճակի վերահսկումը։ Մյուս կողմից՝ բացարձակապես չեն մաքրվում կոյուղաջրերը, որոնցով ոռոգվում են դաշտերը, չեն իրականացվում հողերի վերակուլտիվացման աշխատանքներ, խախտված մակերեւույթները գնալով ավելանում են։ Երկիրը թափոնապատվում է տարբեր բնույթի կենցաղային, արտադրական եւ վտանգավոր թափոններով, որոնք գրեթե ամենուր են։ Հայաստան են ներկրվում մաշված անվադողեր, ժամկետանց թունաքիմիկատներ, կասկածելի որակի սննդատեսակներ։ Բայց ո՛չ ներկողները, ո՛չ էլ համապատասխան պետական չինովնիկները չեն հասկանում, որ անվադողերն ու թունաքիմիկատները ոչնչացնելու էֆեկտիվ միջոցներ գոյություն չունեն եւ դասվում են վտանգավոր թափոնների շարքին։ Զարգացած երկրներում էկոլոգիական պահանջները ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտներին՝ անկախ սեփականության ձեւից եւ ենթակայությունից։ Էկոլոգիական անվտանգության ապահովման ռազմավարությունը հիմնվում է պաշտպանողական, ադապտացիոն, կոոպերատիվ եւ այլ մոտեցումների վրա, սակայն դրանից առաջ երկիրը պետք է ունենա էկոլոգիական գաղափարախոսություն, որի վրա հենվում է էկոլոգիական անվտանգության հայեցակարգը։ Այդ գաղափարախոսության եւ հայեցակարգի բացակայության կամ հայեցողական կարգավիճակի պայմաններում Հայաստանը արագորեն մոտենալու է էկոլոգիական անդունդին։

ՎՅԱՉԵՍԼԱՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գյուղ. գիտ. դոկտոր
Հայոց.Աշխարհ

Комментариев нет: