среда, 23 июля 2008 г.

Անտառտնտեսության տնօրենը սեփական սղոցարան ունի


Օրերս Շնողից մեզ տեղեկացրին, որ գյուղի «Շինու խաչի ձոր», «Բաղերի ճալա», «Մեծ կակալկուտ», «Խառատանոց», «Բրագձոր» եւ «Սերկեւլաձոր» հանդամասերի անտառներից մեծ քանակությամբ «Կարմիր գրքում» գրանցված ընկուզենու ծառեր են հատվել:

Տեղեկատվության մեր աղբյուրը, որը Շնողի գյուղացի էր, խնդրեց իր անունը չհրապարակել: Սակայն հայրենի անտառների ընկուզենիները հատելու համար նա ակնհայտորեն անհանգստացած էր: Իր նկարած շուրջ 10-ը հատված ընկուզենիների լուանկարները նա հանձնեց մեզ. «Սրանց հերն եմ անիծել, բա սրանց վերջը չի գալու՞»: «Հայանտառի» Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանի տեղեկացմամբ` Լոռու մարզի Շնող գյուղի անտառները ընդգրկում են 6400 հա տարածք:Հուլիսի 12-ի վաղ առավոտյան, «Շինու խաչի ձոր» հանդամասի անտառ մեկնելիս, Շնող գյուղի տակով Թեղուտի հանքավայր տանող նորակառույց ճանապարհահատվածում առաջին հանդիպած շնողցին իր անասունները արոտավայր տանող Էնգելս Ավետյանն էր, որն էլ ասաց. «Հա, գյուղում խոսում են, որ կակալի (ընկույզի) շատ ծառեր են կտրում, բայց կարալ չեմ գիտենալ` ճիշտ ա, ճիշտ չի»: Շնողում մեզ տեղեկացրին, որ համայնքապետ Հայկազ Քոչինյանի (Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբոր) որդու` Էդգար Քոչինյանի ղեկավարությամբ գործում է վերոնշյալ անտառներից ընկուզենիներ հատող խումբ, որն աշխատում է Թումանյանի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանի (Հենրիկ Քոչինյանի աներձագն է) հանձնարարությամբ: Խմբի մեջ են նաեւ մասնաճյուղի անտառապահ Մանթաշ Մատինյանը, շնողցի Աղվան Մարգարյանի տղան, որի անունը գյուղացիները չհիշեցին, ընկուզենիներ հատող «դրուժբիստը»` շնողցի Շահեն Առաքելյանը: Ըստ գյուղացիների պատմածի` անտառից ապօրինի հատված ընկուզենիները Թեղուտի հանքավայրի երկրաբաներին պատկանող բեռնատարներով տեղափոխվում եւ սղոցվում են Թումանյան անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանին պատկանող, Շնող եւ Թեղուտ գյուղերի ճանապարհին գտնվող սղոցարանում, ապա սղոցված ընկուզենու տախտակները գյուղից տեղափոխվում են շնողցի Սերյոժա Տիրացվյանի «Կամազ»-ով: «Շինու խաչի ձորի» անտառի ճանապարհը դժվար անցանելի էր, մեր զրուցակիցը` 25-ամյա մի շնողցի, որը քաջածանոթ էր տեղանքին, անտառ մտնելուն պես սկսեց ցույց տալ հատված ընկուզենիները: Նա դժվարությամբ էր գտնում, քանի որ դրանք ամբողջությամբ թաքնված էին այս տարվա հորդառատ անձրեւների հետեւանքով խիստ փարթամացած բլդրղանի, բանջարի ու մոշու փշոտ թփերի ետեւում: Մենք լուսանկարեցինք 10-ը հատված ընկուզենիների բները: «Սրանք հատվել են վաղ գարնանը, հլա այս տասին գումարեք «Բաղերի ճալա», «Մեծ կակալկուտ», «Խառատանոց», «Բրագձոր» եւ «Սերկեւլաձոր» հանդամասերի անտառներից յուրաքանչյուրում հատված 10 ընկուզենի, դա կազմում է 60 ընկուզենի»,- ասաց մեր ուղեկիցը, ապա բացատրեց. «Մինչեւ 30 սմ տրամագծով ցանկացած ծառի արժեքը կազմում է 22 հազար 500 դրամ, 30 սմ-ից սկսած` ամեն մի սմ-ի համար ծառի գինն ավելանում է 1500 դրամով, 60 սմ տրամագիծ ունեցող ցանկացած ծառի գինը կազմում է 67 500 դրամ: Ընկուզենին, որպես «Կարմիր գրքում» գրանցված ծառ, բարձրարժեք է, 60 սմ տրամագիծ ունեցող մեկ ընկուզենու գինը կազմում է 67 500 դրամ»: Շնողցիների հետ զրույցներից ստացած տեղեկատվությունը ճշտելու համար զրուցեցինք նաեւ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանի հետ: «Ես լսել եմ, ոչ թե տեղյակ եմ, լսել եմ մարդկանցից, կանչել եմ անտառապետին, հանձնարարություն եմ տվել, գնացել են նայել եւ հայտնաբերել են մի հատ դեպք, շատ հին կտրած, ո՞նց է կոչվում (մի քանի վայրկյան մտածելուց հետո)` Շինու Խաչի ձորում»,- ասաց պրն Շահնազարյանը: Իր ասածները հաստատելու համար մեր զրույցի վերջում նա հրավիրեց «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետ Արամ Ռամազյանին, որը, անտեղյակ լինելով տնօրենի հետ մեր խոսակցությանը, ասաց. «Չէ, Շինու խեչի ձորը չեմ տեսել, ընկուզենու ապօրինի հատման մասին չեմ էլ իմացել»: Ավագ անտառապետը, սակայն, ավռլացրեց. «Ես ինֆորմացիա ունեցել եմ, որ, օրինակ, էդ «Բրագձոր», «Սերկեւլաձոր» հանդամասերում ընկուզենիներ հատվել են, սակայն ես դրանք համայնքային տարածքներ եմ համարել, չփարած տարածքներ են եղել»: Թե, այդուհանդերձ, դրանք ու՞մ սեփականությունն են եղել, ոգչ տնօրենը, եւ ոգչ էլ անտառապետը չհայտնեցին: Մեր հարցմանն ի պատասխան` Կամո Շահնազարյանը հաստատեց, որ Շնող եւ Թեղուտ գյուղերի ճանապարհահատվածում տեղավորված սղոցարանն իր սեփականությունն է: Անժխտելի է, որ անտառտնտեսության տնօրենն այն ստեղծել էր անտառի նկատմամբ ունեցած իր մեծ հնարավորություններից օգտվելու համար: Մեր զրույցից երկու օր հետո Կ. Շահնազարյանը հետախոսով հայտնեց. «Ես երեկ «Շինու խեչի ձոր»-ում որոնել եմ, սակայն չեմ գտել հատված ընկուզենիները»: Մենք նրան հրավիրեցինք մեր գրասենյակ` հատված ընկուզենիների լուսանկարները տեսնելու: Սկզբում նա համաձայնեց, ապա պատճառաբանեց, թե զբաղվածության պատճառով չի կարող գալ: Թեղուտի հանքավայրի տարածքային պետ Ռուբեն Պապոյանը տեղեկացրեց, որ հանքավայրի նախատեսված տարածքների անտառահատումն իրականացնելու է Շնողում գրանցված «Կարաստ» ՍՊԸ-ն, որի նախագահ Վարդան Պետրոսյանը Կամո Շահնազարյանի աներձագն է: Հանքավայրի շահագործման նպատակով արդեն սկսված անտառահատումների փայտն այսօր էլ մշակվում է Կամո Շահնազարյանի սղոցարանում: Այսպիսով, եթե մինչեւ 2008 թ. վաղ գարուն Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանի գիտությամբ Շնողում ընկուզենիների հատումը կատարվում էր գաղտնի, այսօր այն տեղափոխվել է օրինական դաշտ: Լոռու մարզային դատախազության Ալավերդու նստավայրից հուլիսի 16-ին տեղեկացրին, որ 2008 թ. դատախազության կողմից «Կարմիր գրքում» գրանցված ծառատեսակների ապօրինի հատումներ չեն արձանագրվել: Սակայն հուլիսի 17-ին, մեզ հետ զրույցից հետո, ինչպես հայտնեց Հայանտառի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի մեր աղբյուրը, Թումանյանի ոստիկանության քրեական բաժնի աշխատակիցները «Շինու խաչի ձոր»-ի, «Բրագձոր»-ի եւ մյուս անտառներում հայտնաբերել են շուրջ 40 հատված ընկուզենիներ, որի համար ոստիկանություն են հրավիրել անտառտնտեսության անտառապահներին ու մյուս աշխատողներին: Շնողցիները վստահ են, որ այս անգամ էլ իրավապահներն իրենց «փայը» ստանալուց հետո փակելու են գործը:



http://hetq.am/arm/ecology/8230/

Комментариев нет: