ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍ` ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ
[11:48] 03 Հուլիսի, 2008
Բնապահպան երիտասարդների խումբը օրերս ինտերնետի միջոցով ստորագրահավաք էր կազմակերպել եւ նամակով դիմել էր բնապահպանության նախարարությանը: Նրանք պահանջում են դադարեցնել Բուսաբանական այգում կազմակերպվող կենդանիների որսը: Նամակի հեղինակներից մեկը` 28-ամյա Մարիամը, ՚Ա1+ՙ-ին տված հարցազրույցում ասաց, որ ինքն անձամբ ականատես է եղել, թե ինչպես են հարբած տղամարդիկ տիրի հրացանով թռչուններ որսում այգում. ՚Այդ մարդիկ բավականին ազատ էին իրենց զգում եւ չկար մեկը, որ արգելեր նրանց սպանել թռչուններինՙ:
Բացի այդ Մարիամը նշում է, որ Բուսաբանական այգում նաեւ սկյուռիկներ են որսում եւ վաճառում բավականին թանկ գնով. ՚Ես ծառերի տակ մի վանդակ եմ գտել, որը սկյուռիկներ որսալու համար է նախատեսված, իսկ կենդանաշուկաներում ինձ վաճառողներն ասացին, որ սկյուռիկներ կարող են բերել Բուսաբանական այգուց, եւ նրանք արժեն 25000 դրամՙ:
Նախարարությանը ուղղված նամակում նշված էր, որ Բուսաբանական այգու աշխատակիցները լավատեղյակ են կատարվող որսի մասին:
Բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն ՚Ա1+ՙ-ին տված հարցազրույցում նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե այգու կենդանական, այլ բուսական աշխարհի պահպանումն է: ՚Այգում սկյուռիկները պատահական են հայտնվել ու բազմացել են, եթե մեկ-երկուսը պակասեն, այգին մեծ վնասներ չի կրի, ավելի կարեւոր է բուսատեսակների պահպանության խնդիրը եւ բացի այդ ո՞նց կարելի է այս վիթխարի տարածքում / 80 հա-խմբ./ մի երկու պահակների միջոցով կանխել սկյուռիկների որսըՙ: Բուսաբանության ինստիտուտի տնօրենը նշեց, որ իրենց համար վիրավորական է, որ Բնապահպանության վերահսկողության տեսչությունն անմիջապես արձագանքել է սկյուռիկների փրկության համար, մինչդեռ այգու համար կարեւոր շատ խնդիրներ պատշաճ ուշադրության չեն արժանանում: ՚Մենք բազմաթիվ այլ, ավելի հրապատ խնդիրներ ունենք, ինչպիսիք են ոռոգման, պահակների թվի ավելացման հարցը, իսկ կենդանիների պահպանումը մեր աշխատանքի մեջ չի մտնումՙ:
Բնապահպանության նախարարությանը ուղղած նամակի հեղինակները ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում շեշտեցին, որ իրենց նպատակը ոչ միայն սկյուռիկների ու թռչունների պահպանումն է, այլ Բուսաբանական այգու վրա ուշադրություն հրավիրելը:
՚Մեր նպատակը չի եղել այգու աշխատակազմին վարկաբեկելը, այգին այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց լուծման համար հարկավոր է ինչ-որ կերպ ուշադրություն գրավել, իսկ սկյուռիկների որսը հարմար առիթ էր, հուսով ենք, որ նախարարությունը այսուհետ ավելի հոգատար վերաբերմունք կցուցաբերի այգու նկատմամբՙ,- ասաց բնապահպան-ակտիվիստ Մարիամը:
Նշենք, որ Բնապահպանության Վերահսկողության տեսչությունից երեկ այցելել էին Բուսաբանական այգի` ստուգումներ անցկացնելու: Վերահսկողության տեսչության պետի պաշտոնակատար Մարզպետ Քամալյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ ստուգումները շարունակվելու են եւս մի քանի օր, որից հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ:
четверг, 3 июля 2008 г.
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=62270
Автор: bnamard на 12:08
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий