вторник, 2 сентября 2008 г.

Ախ~թալան, թալան~




Այս լուսանկարները տեսնելուց հետո Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ որոշում կայացնի դադարեցնելու «Մեթըլ Փրինս» ընկերության գործունեությունը Հայաստանում:

Լոռու մարզի Ախթալա քաղաքի հրապարակի հարեւանությամբ գտնվող Մշակույթի պալատի լայն ճակատին փակցված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ախթալայի «Մեթըլ Փրինս» ՓԲԸ-ի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի` հանքափորի գլխարկը գլխներին մեծադիր պաստառը:



Մշակույթի պալատի շենքը Սերոբ Տեր-Պողոսյանի սեփականությունն է: Տեսնելով դեպի Դեբեդ հոսող թափոնների այս առվակը` հասկանալի է դառնում, թե ինչ նկատառումներով է պարոն Տեր-Պողոսյանը այդ մեծադիր պաստառը ի տես դրել ախթալացիներին:

Թունավոր թափոններով Դեբեդ գետը աղտոտող, տարածաշրջանի գյուղատնտեսությանն ու մարդկանց առողջությանը մեծ վնասներ հասցնող Ախթալայի «Մեթըլ Փրինս» ՓԲԸ-ի սեփականատեր պարոն Սերոբը, չգիտակցելով պաստառում երկրի նախագահի կողքին հայտնվելու «պարտավորվածությունը», էկոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում ներդրումային բացառիկ, ինչպես լոռեցիներն են ասում, «քծիպություն» է դրսեւորում:


Հարցն այն է, որ խորհրդային տարիներին Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի «Սվինեց» թաղամասի պոչամբարը, որն այսօր լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի պոչանքների հիմնական հավաքատեղին է, իր տարողությամբ փոքր է:

Այն չի բավարարել նաեւ խորհրդային տարիների լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական թունավոր պոչանքների քանակին:
Այդ պատճառով Այրում- Ճոճկան գյուղերի արանքում կառուցվել է հիմնական պոչամբարը, որտեղ ֆաբրիկայից պոմպերով, ուղիղ խողովակաշարով մղվել է հիմնական պոչանքները:

Անցյալ դարի 90-ական թվականների սկզբին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի լուծարումից հետո ապամոնտաժվել է նաեւ Այրում- Ճոճկան գյուղերի արանքում տեղավորված հիմնական պոչամբար գնացող խողովակաշարը: Ներկայիս փոքր պոչամբարը այլեւս չի բավարարում լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի պահանջները:


Մեծ պոչամբարի ապամոնտաժված մի քանի կմ խողովակաշարը վերականգնելու եւ պոչամբարը օգտագործելու փոխարեն պարոն Սերոբը, խուսափելով ծախսերից, պոչանքները ֆաբրիկայից ուղիղ խողովակաշարով լցնում է Դեբեդ գետ, որի փոքր արձագանքը Պտղավան գյուղի գյուղացիների դժգոհությունն է: Այս կապակցությամբ «Մեթըլ Փրինս» ընկերությունից մեզ որեւէ բացատրություն օգոստոսի

26-ին չհաջողվեց ստանալ, քանի որ կեսօրին ընկերության գլխավոր մուտքի պահակային ծառայության հերթապահը իր շեֆերի հետ հեռախոսով խոսելուց հետո մեզ պատասխանեց. «Պարոն Սերոբը ստեղ չի, Երեւան ա գնացել, ընկերությունում էլ ղեկավարներից մարդ չկա, որ ձեզ ընդունի»:

Մինչդեռ մի քանի րոպե հետո լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի տարածքում, երբ լուսանկարներ էինք անում, մեզ զանգահարեց ընկերության անվտանգության ծառայության պետը եւ խնդրեց ազատել պոչամբարի տարածքը, իսկ մի քանի րոպե հետո պոչամբարում «Pajero» մակնիշի ավտոմեքենայով հայտնվեց ֆաբրիկայի` իր ներկայացմամբ արտադրության պետը, եւ գոռալով ցրեց պոչամբարի երեք երիտասարդ աշխատողներին:

Մեր հարցերին արտադրության պետը հրաժարվեց պատասխանել` ասելով, թե միայն պարոն Սերոբի թույլտվությամբ կխոսի: Ի դեպ, Ախթալայում մեզ հայտնեցին, որ Սերոբ Տեր-Պողոսյանը, 2001 թ. դառնալով Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, հարյուրավոր նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ախթալացիներին 2002-2003 թթ. խոստացել է 10 մլն դոլարի, իսկ 2004-2007 թթ.` 100 մլն դոլարի ներդրումներ, բայց որեւէ նշանակալից ներդրում չի կատարել, այն դեպքում, երբ 2001 թ.-ից Լոնդոնի միջազգային շուկայում պղնձի գինը բարձրացել է` 1500 դոլարից հասնելով շուրջ 7 հազար դոլարի:

Բնապահպանության նախարարությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում այստեղ եւ ակտեր է գրում, որոնց գումարը չի գերազանցում մի քանի հարյուր կգ պղնձի գինը: Եւ Սերոբ Տեր-Պողոսյանը մեծ հաճույքով վճարում է այդ գումարները, քանի որ դրա փոխարեն նա ստանում է միլիոնավոր դոլարների շահույթ: Այս խողովակով Դեբեդ թափվող զանգվածն ամբողջությամբ թույն է:

http://www.hetq.am/arm/ecology/8318/

Комментариев нет: