Արարատի մարզի Բարձրաշեն գյուղը թերեւս չարժանանար մեր ուշադրությանը, եթե պաշտոնական բոլոր տեղեկագրերում սրան կից չնշվեր Կաքավաբերդ անունը: Բարձրաշենը մայրաքաղաքից ընդամենը 4-5 կմ հեռավորության վրա է գտնվում, Նուբարաշենի հարեւանությամբ:
Սրան, ինչպես տարածաշրջանի, եւ ընդհանրապես հանրապետության բոլոր գյուղերին, բնորոշ են բազմաթիվ խնդիրներ` մի մասը լուծելի, մյուսներն` առայժմ բավականին բարդ: Սակայն Բարձրաշենը մյուս բոլորից առանձնանում է նրանով, որ այս գյուղի վարչական տարածք է համարվում երբեմնի բնակավայր Կաքավաբերդը, որը Բարձրաշեն գյուղից 25 կմ հեռավորության վրա է գտնվում` Կոտայքի մարզի Գառնի գյուղից մի քանի կմ վերեւ, Ազատ գետի աջ ափին, Խոսրովի արգելոցի անմիջական հարեւանությամբ:
Իրենք` բարձրաշենցիները, բոլորովին անտեղյակ են Կաքավաբերդի գոյության, առավել եւս իրենց գյուղի վարչական սահմանների հետ նրա առնչության մասին: Բարձրաշենի համայնքապետ Կամո Բաբայանը պատմեց, որ Կաքավաբերդը գտնվում է Արարատի մարզի վարչական տարածքում: «Սա հանրապետությունում միակ համայնքն է, որ նման կարգավիճակ ունի, բայց ոչնչից տեղյակ չենք: Չկա մի իրավաբանական փաստաթուղթ, որում արձանագրված լինի, որ դա մեր համայնքի սեփականությունն է: Բարձրաշենը շատ աղքատ վիճակում է, եւ եթե Կաքավաբերդը փաստացի տրվեր գյուղին, դա եզակի հնարավորություն կլիներ գյուղացիների սոցիալական վիճակը փոքրիշատե բարելավելու համար»,- ասում է պրն Բաբայանը: Վերջինիս ներկայացմամբ` սա անասնապահական ընտիր տարածք է Խոսրովի արգելոցի անմիջական հարեւանությամբ եւ վաղուց ի վեր այդտեղ զբաղվել են անասնապահությամբ: 80-ական թվականների սկզբներին այստեղ նույնիսկ ոչխարաբուծական ֆերմա-համալիր է ստեղծվել, որը, սակայն, «իրեն չի արդարացրել» եւ լուծարվել է: Դրանից հետո, արդեն 80-ականների կեսերին, կառավարության որոշմամբ Կաքավաբերդը լուծարվել է, եւ տարածքը տրվել է երեք համայնքների, այդ թվում եւ Բարձրաշենին:
Մինչ այդ այն պատկանելիս է եղել Մխչյան գյուղին: Երկրորդ լուծարումից հետո այստեղ ապրում էին ավելի քան 30 ադրբեջանցի եւ երկու հայ ընտանիք: Իշխան Մարտիրոսյանի ընտանիքը, նրանց ասելով, մինչ օրս էլ շարունակում է ապրել այնտեղ: Իսկ մինչ այդ, սկսած Խորհրդային Միության գոյության վերջին տարիներից մինչեւ հողերի սեփականաշնորհումը, Կաքավաբերդը իրավաբանորեն եւ փաստացի ղեկավարել է Բարձրաշենի գյուղխորհուրդը: «Մենք ամեն շաբաթ մեքենայով գնում էինք այնտեղ, կարգավորում բնակիչներին անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու եւ այլ հարցերը: Հայ ընտանիքների տները քարաշեն էին, բավականին լավը: Մնացածը` ոչ այնքան: Տարածքում ընտիր աղբյուրներ կան, այնպես որ ջրի խնդիր չկար: Գյուղը Էլեկտրական հոսանք չուներ, բայց գեներատոր էին աշխատեցնում, եւ այդ հարցն էլ էր լուծված»,- պատմում է ե՛ւ այն օրերի, ե՛ւ այօրվա համայնքապետարանի քարտուղար տիկին Նարվարդը: Սեփականաշնորհման օրերին դրա գոյության մասին կարծես մոռացել էին: 80-ականների վերջերին, պայմանավորված ղարաբաղյան շարժումով, ադրբեջանցիները հեռացել են: Մնացել էին երկու հայ ընտանիքներ: Համայնքապետ Կամո Բաբայանը, ով 1990-92 թթ. Բարձրաշենի գյուղխորհրդի նախագահն էր, պատմում է, որ այն ժամանակ էլ, այսօր էլ գյուղխորհրդում կամ գյուղապետարանում Կաքավաբերդին վերաբերող որեւէ փաստաթուղթ չկար եւ չկա: «Բայց 2004 թ., երբ կադաստրի ներկայացուցիչները եկել էին Բարձրաշեն գյուղի հողերի վերջնական գույքագրման, նրանց քարտեզներում Բարձրաշենի բալանսում 200 հա տարածք էր ամրագրված նաեւ Կաքավաբերդից: Վերջիններս առաջարկեցին գույքագրում անցկացնել նաեւ այդ տարածքներում, բայց հետո անհասկանալի պատճառներով դա չարվեց»,- պատմեց համայնքապետը: Դրանից հետո համայնքապետը սկսում է հետաքրքրվել Կաքավաբերդով: Մարզի գլխավոր հողաշինարարի հետ բոլոր հնարավոր գերատեսչություններում փորձում են ճշտել, թե «ինչն ինչոց է»: Ոչ մի արդյունք: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլ պաշտոնական ոչ մի հիմք չեն գտնում, ու հարցն այդքանով փակվում է: Մեկ էլ, համայնքապետի ներկայացմամբ, մեկ-երկու տարի առաջ կառավարությունից զանգահարել են համայնքապետարան` թե «Կաքավաբերդին վերաբերող ի՞նչ ունեք ասելու»: Համայնքապետն էլ, թե. «Անունը կա, ինքը չկա, ոչ մի փաստաթուղթ չկա, եւ փաստացի այն մեր համայնքի մաս չի»: Կառավարության հետաքրքրությունը Կաքավաբերդի նկատմամբ այդքանով վերջանում է: Չնայած պաշտոնական որեւէ փաստաթուղթ չկա, բայց տարբեր գերատեսչություններում ոչ պաշտոնապես համայնքապետին փոխանցել են, որ տարածքը միացվել է Խոսրովի արգելոցին: Նույնն ասաց նաեւ մարզի գլխավոր հողաշինարար Արտավազդ Օրդոյանը: Նաեւ` Խոսրովի արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանը: Տկն Նորվարդը պատմում էր, որ ադրբեջանցիները հեռացել են 1988 թ. հայտնի դեպքերի պատճառով, իսկ երկու հայ ընտանիքներն այդպես էլ չեն հեռացել տարածքից: Ավելին, նրա ներկայացմամբ` Իշխան Մարտիրոսյանը, որ բավականին լուրջ փոխհատուցում պետք է ստանար իր գույքի դիմաց, այդպես էլ չի ստացել: «Անտառապետի» (որ այդ պաշտոնը ստանձնել է միայն 1994 թ.) ներկայացմամբ` Իշխան Մարտիրոսյանն ինքն է հրաժարվել գումարից: Հետո անտառապետը մեզ պատմեց, որ Իշխանը, իրոք, ապրել է այդ տարածքում, բայց ընդամենը որպես արգելոցի աշխատակից, շատ լավ իմանալով, որ ինքն այդտեղ ոչ մի գույք չունի: Նրա մահից հետո անտառում են մնացել եղբորորդին ու հարսը, որն աշխատում է արգելոցում: Այդ դեպքում զարմանալի է, թե ինչո՞ւ կառավարությունը Կաքավաբերդը չի հանում Բարձրաշեն գյուղի հաշվեկշռից: Ահավասիկ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի մարզերը թվերով 2004-2006 թթ.» տեղեկագիրը. Կաքավաբերդը դարձյալ Բարձրաշենի տարածքում է: Կաքավաբերդից ոչ հեռու, նույն կուսական անտառի գրկում, դարձյալ լքված բնակավայրում, որ նույնպես այլեւս արգելոցի տարածք է (համենայնդեպս, մեզ այդպես ներկայացրին), տեղաբնակ ադրբեջանցիների կողմից ժամանակին թաղված եւ միայն վերջերս հայտնաբերված հրաշք եկեղեցու հարեւանությամբ, իրազեկ մարդկանց պնդմամբ, Աժ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը հսկա հյուրանոցային համալիրի շինարարություն է նախաձեռնել: Խոսրովի արգելոցի տնօրեն Ս. Շաբոյանը հաստատեց, որ այդ հատվածում 192 հա հող է տրվել վարձակալության, թե ու՞մ` «հստակ» չէր հիշում: Այդքանից հետո մնում է միայն զարմանալ, որ մեկին տարածքում ապրել չի կարելի, մյուսին թույլատրվում է համալիրներ կառուցել` «այն, ինչ չի կարելի եզին, կարելի է Զեւսին» սկզբունքով: Իսկ դա Հայաստանի համար նորություն չէ:
Hetq.am
Комментариев нет:
Отправить комментарий