суббота, 23 мая 2009 г.

Անտառների հեքիաթը... տխուր ու մոռացված հեքիաթը...

http://rain-boo.livejournal.com/

Ուղիղ մեկ տարի առաջ /լավ, մի փոքր ավել/ ես միացա մի խումբ խենթերի ու ուղևորվեցի Թեղուտ... էդ ճանապարհորդությունը անմոռանալի էր ու շատ նշանակալի ինձ համար... էդ ճանապարհորդության ընթացքում բացահայտեցի ինձ համար շատ կարևոր մարդկանց, ձեռք բերեցի ընկերներ ու ամենակարևորը... ես տեսա էդ հրաշքը` Թեղուտ ու Շնող գյուղերի տարածքում ընկած կանա~չ-կանա~չ լեռներն ու բլուրները... իսկական հեքիաթ էր` խաղա~ղ, թռչունների երգով, բարի ու միամիտ լոռեցի գյուղացիներով, հեռվում ձիեր էին վազվզում էդ կանա~չ անտառում ու հաստատ շա~տ երջանիկ էին... հանդիպեցինք գյուղերի բնակիչներին, թռուցիկներ բաժանեցինք, ու էդպես թռուցիկներ բաժանելով` հասանք անտառի պառավ ջադուի խրճիթին` VALEX GROUP-ի ցանկապատած ու փակ տարածքներին, որտեղ մենակ հատուկ անմարդկայնությամբ ու ապահայրենասիրությամբ լցված մարդիկ երևի կարող են մտնել... ու հեռվում տեսանք նրանց շենքերը, մեքենաները, նրանցից վախեցող կենդանիներին ու նրանց զոհ դարձած ծառերը... կանա~չ ծառերը...
1 տարուց էլ ավել է անցել... վախենում եմ մտածել, թե իմ տեսած հրաշքից էսօր ինչ ողբալի տեսարան է մնացել: Հա', հենց ողբալի, ես գույները խտացնելու ոչ մի հակում չունեմ: Էս 1 տարվա ընթացքում բազմաթիվ ֆոտո-վիդեո նյութեր եմ տեսել ու վստահ եմ, որ էն, ինչ կատարվել է էդ բնության գրկում, վանդալիզմ էր... ուզում են` ամենավերջ տեխնիկան բերեն ու հանքափորության գյուտերն օգտագործեն, ամենափայլուն ու "քաղաքակիրթ" տեխնոլոգիաներով աշխատեն /թեև դա, ամեն դեպքում, իհարկե հեռու է մերոնցից/, բայց էնտեղ հատել են հեկտարներով ծառեր, չորացրել գետի հունը, խաթարել էն հրաշք մթնոլորտը, էն կենդանի ու իրական, անձեռակերտ հեքիաթը /հա, էս թեմայով էլ հեքիաթ ունեմ Բնամարդ բլոգում/...
Ու էս մի տարուց ավել էն մի խումբ խենթերը կռիվ տվեցին, շատացան, ոգևորվեցին ժպիտներից, հիասթափվեցին, երբ հարկ եղած պահին դրանց փոխարեն ժպտացողներին թիկունքից տեսան... էլի վեր կացան, վառ ու գունավոր ներկեցին քաղաքի փողոցներն իրենց պայծառ գաղափարներով, վարակեցին երևանցնիներին` կանաչ ռոքի ու կանաչ շապիկների տարափով, շարժեցին մի քանի փողկապավորի կապկպված զգացմունքները, հասկացրին բողոքը, պահանջեցին, պահանջեցին, բայց ով ուզեց` խուլ մնաց, ով գիտեր, որ իր ձայնին են սպասում` համր կտրեց... մենակ անտառն էր ձայն տալիս, կենդանիներն էին փախչում ու օգնության կանչում ու էս խենթերն էին առավոտից իրիկուն ելք փնտրում...
ու էսօր տեսնում ենք... մայիս ամիսն է` դեռ գարուն... փողոց դուրս գալն աստիճանաբար անհնար է դառնում: Մարդկանց ճնշումներն ու ալերգիաները գրոհում են, արևը վառում է, օդը չի հերիքում, շինհրապարակները եռում են, փոշին մեզ է ուտում... ու սա ԴԵՌ ԳԱՐՈՒՆ Է... դեռ 3 ամիս կա առջևում` խեղդվելու, ստվեր փնտրելու, պաղպաղակ երազելու ու... չգիտեմ, բայց կարծում եմ էս տարի խայտառակ ամառ է լինելու... բայց էդ հե'չ, Վալեքս եղբայրը Թեղուտում չի շոգում, դեռ երևի գտել է իր ուրախությունը` ծառը հենց կտրվելուց հետո դրմփոցով հո' չի ընկնում` հա'մ մի լավ աղմուկ է ապահովում, հա'մ քամի է բարձրացնում ու հով անում... անտառ չունենք, հայե'ր, էդ է մնացել, էդ էլ հատեք, դառնանք անապատի պարող մողես... հա, չեք տեսել, պարող մողեսներ կան` ավազն էնքան է եռում ոտքերի տակ, որ էս խեղճերը անկյունագծով մի զույգ ոտքը դնում են, մյուս զույգը սառեցնում օդում ու հերթով արագ-արագ փոխում ոտքերի զույգերը` էնքա~ն զվարճալի է... Վալեքս ձյաձյան հաստատ մի լավ կծիծաղի, որ հասնի իր ուզածին... մի ձեռքով ոսկիների հետ կխաղա, մյուսով հայերին կպարացնի...

էս ենք... հասել ենք էս վիճակին... բայց խենթերի հետ խենթերի պես խենթ հույսեր փարատողները, խենթ համառություն ցուցաբերողները ամենաուժեղն են, ամեն ինչ կարող են, Երկիրն էլ կշրջեն` մենակ հավատան!

Ես էլ եմ դեռ լավին հավատում... մի քիչ...

Իսկ հիմա մի կարևոր գործընթաց կա, որին շատ շտապ ձեր աջակցությունն է պետք!
Մոսկվայում ՎՏԲ բանկի ղեկավարները քննարկում են նախագծի հետագա ֆինանսավորումը. Երևանում մեծ մասշտաբներով ստորագրահավաք է անցկացվում. միացե'ք, ստորագրե'ք, տարածե'ք, փորձե'նք կանխել այն, ինչ դեռ նոր պիտի գա գլխներիս...
Ստորագրահավաքն ընթանում է ինչպես օնլայն` ստորև բերված հղումով, այնպես էլ` Երևանի փողոցներում, կանաչ խենթերին միանգամից կճանաչեք! Վաղը կարող եք նրանց հանդիպել Պապլավոկ սրճարանի կից այգում:

Հարգելի բնասերներ,
Ձեր ձայնը շատ կարևոր է Լոռվա դեռ կանգուն անտառների փրկության համար։

Խնդրում ենք ստորագրել այստեղ
http://gopetition.com/petitions/save-teghut-forest.html

Дорогие любители природы
Ваш голос незаменим для спасения еще не истребленных лесов Тегута. Необходима ваша подпись

http://gopetition.com/petitions/save-teghut-forest.html

Nature lovers!
Please sign for For NOT YET DEAD forests of Armenia...Your voice is extremely important
http://gopetition.com/petitions/save-teghut-forest.html


Խնդրում ենք տարածեք այս հայտարարությունը տարբեր ուղղություններով։
Շնորհակալություն

Комментариев нет: