суббота, 23 мая 2009 г.

Եթե փողոցում ձեզ մոտենան զատիկի, թիթեռի, բզեզի կերպարանքով գեղեցիկ երիտասարդներ

եւ առաջարկեն մասնակցել ստորագրահավաքին, չզարմանաք եւ չշփոթվեք:


ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2009-05-22 03:05:52
Բզեզները ստորագրություններ են հավաքում

Եթե փողոցում ձեզ մոտենան զատիկի, թիթեռի, բզեզի կերպարանքով գեղեցիկ երիտասարդներ եւ առաջարկեն մասնակցել ստորագրահավաքին, չզարմանաք եւ չշփոթվեք: Ձեր ստորագրությունները ոչ թե քաղաքապետի ընտրությունների, այլ Թեղուտի բնաշխարհի փրկության համար են: "Միացեք ստորագրահավաքին, տվեք ձեր ձայնը անտառի, մեր երեխաների, պետության, մոլորակի կյանքի համար: Անտառը լուռ է... նրան ձեր ձայներն են հարկավոր",- կոչ են անում երիտասարդ բնապահպանները: Քաղաքացիներից հավաքված ստորագրությունները կցվելու են Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին ուղղված նամակին, որտեղ գրված է. "Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ բնակիչներս, պահանջում ենք անմիջապես չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը եւ դադարեցնել կատարվող բոլոր նախապատրաստական աշխատանքները": Արդեն 4-րդ օրն է, որ Թեղուտի բնաշխարհի պաշտպանության խմբի անդամները փողոցում քաղաքացիներից ստորագրություններ են հավաքում, հարյուրավոր մարդիկ իրենց ձայնը բարձրացրել են ընդդեմ բնաշխարհի կործանման: "Մարդկանց մեծ մասն արդեն տեղյակ է Թեղուտի խնդրին, եւ 90 տոկոսը սիրով ստորագրում է",- ասում է Մարիամը եւ պատմում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպը. "Օպերայի տարածքում ստորագրություններ էինք հավաքում, եկան, ասացին, թե՝ գնացեք այստեղից, քաղաքապետարանից թույլտվություն չունեք: Մենք նրանց բացատրեցինք, որ սա միտինգ չէ, ընդամենը 5 հոգով ստորագրություններ ենք հավաքում՝ Թեղուտի բնաշխարհը փրկելու համար: Իրենք մեր խոսքերը հաղորդեցին ղեկավարներին, որից հետո ստորագրեցին նամակի տակ, մեզ էլ խնդրեցին, որ իրենց չլուսանկարենք": Սա միակ անակնկալը չէ: Երիտասարդները փողոցում հանդիպել են քաղաքապետի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին, որը եւս ստորագրել է պետության առաջին դեմքերին ուղղված նամակի տակ: Տիգրան Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրապես մտահոգված է Թեղուտի բնաշխարհի ոչնչացմամբ. "Մենք այնտեղ 2 անգամ նկարահանող խումբ ենք ուղարկել: Ես էլ իմ հաղորդումներում մի քանի անգամ անդրադարձել եմ":
- Փաստորեն, Դուք իշխանությանը կոչ եք անում դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը:
- Բա ո՞նց, դա մեր արժեքներն են, ես ազգային հարցերի վերաբերյալ միշտ էլ խոսել եմ:
Բացի իշխանական եռյակին ուղղված նամակից, երիտասարդները մեկ այլ ստորագրահավաք էլ են անցկացնում ընդդեմ Թեղուտի հանքարդյունաբերությունը ֆինանսավորող ՎՏԲ բանկի. "Թեղուտի պաշտպանության խումբը կոչ է անում ՀՀ եւ օտարերկրյա բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ բոյկոտել ՎՏԲ բանկը, մասնավորապես՝ փակել ՎՏԲ բանկում ունեցած հաշիվները, չկատարել որեւէ գործարք, դրամական փոխանցում այդ բանկի միջոցով, չկատարել կոմունալ եւ որեւէ այլ վճարում ՎՏԲ-Հայաստան բանկում": Բանկը բոյկոտելու ստորագրահավաքն իրականացվում է համացանցի միջոցով, որին միացել են ոչ միայն հայաստանաբնակները, այլեւ որոշ սփյուռքահայեր: Հիշեցնենք, որ բնապահպանները մոտ մեկ ամիս առաջ նամակ էին հղել ՎՏԲ բանկի տնօրինությանը՝ խնդրելով դադարեցնել Թեղուտի հանքը շահագործող ACP ընկերության ֆինանսավորումը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել:

Комментариев нет: