понедельник, 2 февраля 2009 г.

«Ո՞ւր էիր, Աստված»


Երեկ «Ցիտադել» բիզնես-կենտրոնի ֆոյեում ցուցահանդես էր՝ Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էիր, Աստված»-ի ձայնագրության ներքո...
Խորհրդանշական էր, քանի որ Մարինե Տավարացյանի, Կարեն Ափոյանի ու Արա Թամանյանի նկարներում մեռնող, սպանվող ու խոշտանգվող բնությունն էր՝ Ագարակի պղնձամոլիբդենայինի, Ալավերդու պղնձաձուլականի, Ախթալայի լեռնահարստացուցիչի, Քաջարանի հանքարդյունաբերականի պատճառած վնասները շրջակա միջավայրին:


Ու բացի այդ՝ արդեն տեռորի ենթարկվող Թեղուտը:



Ագարակի պղնձամոլիբդենայինը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրիի մոտակայքում՝ հայ-իրանական սահմանի հարեւանությամբ: Քաջարանից ու Կապանից հետո ունի ամենամեծ պոչամբարային տնտեսությունը՝ Դավազանի անվանումը կրող 3 պոչամբարային տնտեսություններ, որոնցից էլ պոչանքը պարբերաբար լցվում է Արաքս գետ: Մարդկանց առողջությանն ուղղակիորեն սպառնացող կեղտաջրերը հոսում են այն տարածքով, որտեղով ձգվում է քաղաքի խմելու ջրի խողովակաշարը: Ու, ինչպես ագարակցիներն են ասում՝ ոչ ոք չի կարող հերքել, որ կեղտաջրերի գոնե մի փոքրիկ մասը միախառնվում է խմելու ջրին:
Քաջարանը Սյունիքի մարզի ամենախոշոր հանքարդյունաբերական օջախներից է, որը սեփականաշնորհվել է 2004թ.-ին: Քաջարանում գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի թափոնները հավաքվում են Ողջիի եւ Արծվանիկի պոչամբարներում: Արծվանիկի պոչամբարը, որտեղ բերվում են Քաջարանի լեռնահարստացման կոմբինատի թափոնները, մոտ է Կապան քաղաքին: Արծվանիկի պոչամբարում կուտակված ջուրը խողովակներով ուղղվում է Ողջի գտ, որը Հայաստանի հարավով անցնելով՝ հոսում է Ադրբեջան: Կապանի բնակիչները շատ են գովում տարածքում աճող լոբին՝ թե այն որդոտ չէ՝ կապարի, նիկելի ու քրոմի այդպիսի աղտոտման պատճառով գյուղմթերքում նույնիսկ որդը չի կարող ապրել:
Արա Թամանյանի լուսանկարներից մեկում Ալավերդու պղնձաձուլական կոմբինատն է երեւում, որը կառուցվել է 1963թ. ու գործել անդադար՝ բացառությամբ հետխորհրդային 8 տարիների: Կոմբինատի ծխնելույզը նկարում եւս ծխում է, անդադար ծխում ու անգամ անկենդան նկարն ավելի մռայլ ու տխուր է դարձնում: Քաղաքի վրա էլ մշուշ է կախված: Շրջանի այգեգործները պնդում են, որ կոմբինատի արտանետումներն աղտոտում են Դեբեդ գետը, որի ջրերը օգտագործվում են ոռոգման նպատակներով: Իսկ քաղաքի բժիշկներն էլ ասում են, որ իրենց հիվանդների հիվանդությունների ծագման մեջ մեծ դեր են խաղում հանքի ու պղնձաձուլական կոմբինատի արտանետումները, որ գրանցվել են աննախադեպ մեծ թվով հազվադեպ հանդիպող արատներ՝ հիդրոցեֆալիա, անենցեֆալիա, երկգլխանի պտուղ, գայլի երախով ծնվող մեծ թվով երեխաներ, երեխաներ առանց վերջույթների կամ սերտաճած մարմնի մասերով: Եվ եթե 2001-ին գրանցվել է շնչառական հիվանդություններով մինչեւ 14 տարեկան 697 երեխա, 2003-ին այդ թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 1389-ի: Բացի այդ, ըստ պաշտոնական վիճակագրության` վերջին մի քանի տարում ավելացել են նաեւ չարորակ նորագոյացություններ ունեցող մարդկանց թիվը:
Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի 250-ամյակը շուտով կբոլորի: Ավելի քան 2 հարյուրամյակի պատմություն ունեցող ֆաբրիկայի ներկայիս շահագործող «Մեթլ փրինս» ընկերությունն ու վերջինիս սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը պոչամբարը վերականգնելու ու հին խողովակաշարը փոխարինելու փոխարեն հենց ֆաբրիկայից պոչանքները լցնում են Դեբեդ: Նոյեմբերյանցի այգեգործները կարծում են, որ Դեբեդի սպիտակ գույնը Լոռու մարզի գործարանների կողմից դեպի Դեբեդ արտանետվող անագից է առաջանում: Ամեն անգամ այգիները ջրելուց հետո ծառերի բները մի տեսակ կարծրանում, «բետոնե» են դառնում: Այգեգործները միայն մխիթարվում են նրանով, որ Դեբեդի ձկները զանգվածաբար չեն ոչնչացել, ուրեմն գետի աղտոտվածությունը դեռ ծայրահեղ կետին չի հասել: Սակայն շուտով կգործարկվի Թեղուտի բազմամետաղ հանքավայրն իր հսկա պոչամբարով: Դա էլ նոր սպառնալիք կլինի Դեբեդի էկոհամակարգի համար, մինչդեռ վերջինիս ջուրը միայն ոռոգման նպատակով չի օգտագործվում՝ գետի երկայնքով Լոռու ու Տավուշի մարզի բազմաթիվ բնակավայրեր են:
Ընդհանրապես, Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման հետեւանքով Լոռու մարզում ոչնչացվելու է մոտ 1000 հեկտարից ավելի անտառ իր հարուստ բնաշխարհով, Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ արժեքավոր կենդանական ու բուսական տեսակների բազմազանությամբ: Արդեն հատվել է շուրջ 30 հեկտար անտառ: Անտառի ոչնչացման պատճառով տեղի բնակչությունն արդեն իսկ կորցնում է գյուղատնտեսությունից ստացվող իր կայուն աշխատատեղերը՝ փոխարենը ստանալով հանքավայրում ժամանակավոր աշխատանքի խոստումներ: Ավելին՝ «պետական գերակա շահի» անվան տակ Թեղուտ ու Շնող գյուղերի բնակիչներից ընդամենը 1 քառակուսի մետրի դիմաց 40 դրամով խլվում են նրանց հողամասերը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցուցահանդեսին հաջորդած ասուլիսի ժամանակ նշեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում առաջանալու է եւս մի պոչամբար՝ ամենամեծը Հայաստանում. «Թեղուտի հանքավայրի շահագործման հետեւանքով Խառատաձորում առաջանալու է 540 մլն խորանարդ մետր պոչամբար: Ներկայիս պոչամբարները միասին 300 մլն խորանարդ մետր են կազմում: Գրեթե 200 տոկոսով ավելանում են պոչամբարները, ինչն անթույլատրելի է»: Այդ իսկ պատճառով արդեն փետրվարի կեսերին հայցադիմում է ներկայացվելու դատարան, ըստ որի Թեղուտի պաշտպանության խումբը վիճարկելու է կառավարության որոշումը եւ ընդհանրապես հանքավայրի շահագործման գործընթացը:
Իսկ ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սվազյանն էլ հույս հայտնեց, որ ՎՏԲ բանկը խոստացված 50 մլն դոլար վարկը, այնուամենայնիվ, չի կարողանա տրամադրել ծրագրի իրականացման համար՝ ավելացնելով, որ նոր տարում իրենք հին ու նոր բոլոր միջոցներով կպայքարեն, որպեսզի գոնե բնության այս մի անկյունը պահպանվի: Սվազյանը նշեց նաեւ, որ ցուցահանդեսը շարունակական է լինելու. ցուցադրվելու է Նարեկացի մշակութային կենտրոնում, ապա՝ Սլավոնական եւ Ամերիկյան համալսարաններում, իսկ փետրվարի վերջին ռոք համերգ է սպասվում: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանն ավելացրեց, որ դիմելու է ԱԺ նախագահին՝ այն ԱԺ շենքում ցուցադրելու համար:



Հ.Գ. Երբ նայում ես լուսանկարներում վաղ առավոտյան պատկերված Դեբեդին, քեզ թվում է, թե ձյան հաստ շերտն է պատել գետը, կամ թե՝ «ջուրը գիպսով է պատած»... Մինչդեռ՝ դրանք գիշերային արտանետումների հետքերն են, որոնց հետեւանքը մեր սերունդներն են զգալու՝ իրենք հիվանդ ու անկենդան միջավայրում...
Փրկե՛նք մեր բնությունը...
http://www.zhamanak.com/article/11229/

1 комментарий:

Анонимный комментирует...

Do you have a spam problem on this website; I also am a blogger, and I was wanting to know your situation; many of us have created some nice
procedures and we are looking to swap solutions with other folks, why not shoot me an e-mail if interested.



My web page: download stopwatch.