четверг, 21 августа 2008 г.

ՆԱ, ՈՎ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՍԵՎԱՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՏԱԿ, ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ

Հաշվի չառնելով գիտնականների, փորձագետների եվ լայն հասարակայնության կարծիքը` օգոստոսի 21-ին ՀՀ ԱԺ-ն 83 կողմ եվ 4 դեմ (Ժառանգություն կուսակցություն) ձայներով հաստատեց §Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման եվ օգտագործման միջոցառումների տարեկան եվ համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին¦ ՀՀ օրինագիծը:

Ըստ այդ օրինագծի` Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելանում է մինչև 360 միլիոն խմ (2007թ. թույլատրելի սահմանը կազմում էր 170 միլիոն խմ):

Սևանի դատավճիռը ստորագրեցին.

ՀՀ ԱԺ 83 պատգամավոր, որոնք ներկայացնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Օրինաց Երկիր կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ՀՀ ջրային տնտեսության կոմիտեն` ի դեմս կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս փոխնախարար Հակոբ Մատիլյանի ՀՀ ԱԺ գյուղատնտեսության եվ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովը` ի դեմս հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը` ի դեմս հանձնաժողովի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի:

Նշենք, որ խորհրդարանական հանձնաժողովն այս հարցն ընդհանրապես չի քննարկել: Ինչ վերաբերվում է ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, ապա մի քանի հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ հանձնաժողովը չի անցկացրել փորձագիտական գնահատում: Հանձնաժողովի անունից եզրակացությունը ստորագրել է հանձնաժողովի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը:

Նույն աղբյուրներից հայտնի դարձավ նաև, որ հանձնաժողովի այն անդամներին, ովքեր դեմ էին Սևանի ջրի ծավալի բացթողումների ավելացմանը, թույլ չեն տվել մասնակցել խորհրդարանի նիստին: Ինչպես հայտարարեց Ժառանգություն կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, փորձագիտական հանձնաժողովը չի կատարել իր առաքելությունը` անցկացնել փորձաքննություն Սևանի պահպանման գործում, քանի որ եզրակացությունն առնչվում է միայն գյուղատնտեսական հարցերին, այլ ոչ թե Սևանի պահպանմանը: Պատգամավորի կարծիքով փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հետ կապված պատմությունը լրացուցիչ հետաքննության կարիք ունի:

Ներկայացնենք ընդդիմադիր կողմերի փաստարկները:
ՀՀ պետական ջրային տնտեսության կոմիտեն հաստատում է, որ Ազատի եվ Ապարանի ջրամբարները դատարկ են, գետերը սակավաջուր են, եվ չեն կարողանում ապահովել ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալ: Կոմիտեն այլ փաստարկ չի բերում:
Մենք հակիրճ ներկայացնում ենք ԿԳԹ Էվելինա Ղուկասյանի (ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եվ ձկնաբուծության ինստիտուտ), ԱԳԴ Կարինե Դանելյանի (Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա), տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի (§Տնտեսական իրավունքի կենտրոն¦ ՀԿ), մասնագետ Համլետ Մելքոնյանի (Հայպետհիդրոմետ) փորձագիտական գնահատականները:

2008թ. երաշտի նշաններ նկատվեցին միայն մարտ-ապրիլ ամիսներին: Տարեկան ջերմաստիճանի ցուցանիշների համեմատությունը ոռոգման ընթացքում` 2001թ-ից սկսած, վկայում է այն մասին, որ 2008թ-ը ջերմաստիճանային ռեժիմի առումով բավականին բարեհաջող է գյուղատնտեսական գործունեության համար: Այս տարի բերքատվությունը մի շարք ցուցանիշների համաձայն, գերազանցում է նախորդ տարվա բերքատվությանը, ընդ որոմ ցուցանիշները վերցված են այն մշակաբույսերի համար, որոնք շատ են ջուր պահանջում: Ազատի եվ Ապարանի ջամբարներն ունեն խնդիրներ, որոնք կապված են ոչ թե երաշտի, այլ ջրամբարների տեխնիկական վատ վիճակի հետ եվ այդ խնդիրները պետք է լուծել ոչ թե Սևանա լճի, այլ ջրային ռեսուրսների ռացիոնալ եվ գրագետ կառավարման հաշվին:

ՀՀ կառավարության որոշումը բխում է օլիգարխների շահերից, որոնք կապիտալ շինություններ ունեն Սևանի ափին (Սևան քաղաքապետարանի տվյալներով լճի ափերին 450 կապիտալ շինություն կա): Դրանց ջրի տակ մնալու դեպքում բաց է մնում փոխհատուցման հարցը, քանի որ շինությունների մեծ մասն անօրինական է: ՀՀ կառավարության որոշումը բխում է նրանց կոռուպցիոն շահերից, ովքեր կարող են առանց վերահսկողության օգտագործել ջրի բացթողումների արդյունքում առաջացող էլէկտրաէներգիան: Ջրի բացթողման ծավալների մեծացման մասին որոշումն ընդունվեցª չնայած լայն հասարակայնության բողոքի ակցիային, որին մասնակցեցին հասարակական կազմակերպությունները, տեղի բնակչության ներկայացուցիչները, երիտասարդական էկոլոգիական շարժումը, գիտնականները, մտավորականությունը:
Գլխավոր եզրահանգումն այն է, որ ոչ մի դեպքում չի կարելի ավելացնել Սևանից ջրի ծավալի բացթողումը: Կլիմայի փոփոխության կանխատեման համաձայն տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացումը 0,5 աստիճանով կառաջացնի լճի մակարդակի կտրուկ անկում: Լճի ջուրը ոչ միայն կպակասի, այլև կակտիվանան ճահճացման գործընթացները, ինչը կհանգեցնի Հայաստանի եվ ամբողջ Կովկասի տարածաշրջանի ջրային ռազմավարական պաշարի կորստին:

Ինգա Զարաֆյան
§ԷկոԼուր¦ տեղեկատվական ՀԿ
21.08.2008թ.

Комментариев нет: