Ատոմ Սարգսյան, «Առավոտ»
Ամանորի նախաշեմին Լոռվա մարզի Օձուն գյուղում եղեւնիների եւ սոճիների մի հսկայական պուրակ է ոչնչացվել
Մեր կառավարության որոշմամբ, Հայաստանում եղեւնիների եւ սոճիների հատումը խստագույնս արգելվում է: Այս որոշման խախտման դեպքում, եթե անտառներին հասցված վնասը հասնում է առանձնապես խոշոր չափերի, նախատեսված է անգամ քրեական պատասխանատվություն: Թերեւս հենց այդ պատասխանատվության ենթարկվելու ահից է, որ մայրաքաղաքում եղեւնիներ վաճառողները վստահեցնում են, որ տոնածառերը տեղական չեն: Օրինակ, Նոր տարվա նախաշեմին եղեւնիների տոնավաճառի վերածված մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի առեւտրականները հավաստիացնում էին, որ եղեւնիները ներկրել են Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից կամ արհեստական եղանակով աճեցվել են Հայաստանում:
Ամանորի նախաշեմին իսկական ծառաջարդ է տեղի ունեցել Լոռվա մարզի Օձուն գյուղում: Գյուղի վերին հատվածում, ուր տեղակայված է մի քանի տասնամյակ առաջ տնկված եղեւնիների եւ սոճիների խիտ անտառը, հատվել է մոտ 300-400 եղեւնի:
Սրտացավ գյուղացիների հարցերին ի պատասխան, ծառերը հատող բանվորները պատասխանել են, թե այդ տարածքում բարձրավոլտ էլեկտրական գծերի համար կանգնեցված են հենասյուներ եւ եղեւնիները խանգարում են այդ հենասյուների աշխատանքին:
Ուշագրավն այն է, որ առաջին տարին չէ, որ հենասյուները կանգնեցված են այդտեղ, եւ մինչ այդ խնդիրներ չեն առաջացել: Բացի այդ, մի քանի հենասյուների համար հսկայական պուրակի ոչնչացումը պարզապես անտրամաբանական է:
Օձունցիները «Առավոտին» պատմեցին, որ անտառի հատումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին, իսկ բանվորական ուժն ու տեխնիկան բերվել է դրսից: Նրանց փոխանցմամբ, նման բան կարող էր իրականացվել միայն բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց թույլտվությամբ, քանի որ «որեւէ մեկը հենց այնպես, օրը ցերեկով չէր համարձակվի նման ոճրագործություն անել»:
Ականատեսների վկայությամբ, որոշ ծառեր հատվել են անմիջապես բնից, իսկ որոշներն էլ հատվել են գագաթից, քանի որ 2-3 մետրանոց ծառերն այնքան էլ հարմար չեն որպես տոնածառ օգտագործելու համար: Բնից հատված համեմատաբար խոշոր ծառերը տեղում ճյուղազրկել ու գերանների են վերածել, ապա ցածրահասակ եղեւնիների ու հատված ճյուղերի հետ բեռնատարներով տեղափոխել: Նշենք, որ եղեւնին չի դասվում արագ աճող ծառերի շարքին: Մեկ մետր բարձրություն ունենալու համար պահանջվում է առնվազն 5-6 տարի: Եթե անգամ ծառը հատվել է ոչ թե բնից, այլ գագաթից, միեւնույն է, դա վնասում է ծառին, աճը դադարում է, իսկ որոշ ժամանակ անց՝ չորանում է:
http://www.ecolur.org/hy/news/2010-01-15/650/
пятница, 15 января 2010 г.
ԾԱՌԱՋԱՐԴ՝ ՕՁՈՒՆՈՒՄ` հատվել է մոտ 300-400 եղեւնի:
Автор: bnamard на 21:24
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий