«Փրկենք Թեղուտի անտառը» խմբի ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը երեկ` ժամը 19:50-ի սահմաններում, հարձակման է ենթարկվել սեւ զգեստավորված 5 անձանց կողմից, ովքեր մի քանի րոպե քաշքշուկից հետո ներկայացել են որպես ոստիկաններ, նրանցից գլխավորը` փոխգնդապետ: «Դանդաղ իջնում էի Նալբանդյան փողոցով` Իսահակյանի խաչմերուկ չհասած, մեկ էլ մի սեւ շորերով տղա ասում է. «Ապե, էդ ի՞նչ էիր անում»: Ասեցի` ի՞նչ էի անում, ոչ մի բան, քայլում եմ, ասում է` բակում ի՞նչ էի անում: Ասացի` Բակու՞մ: Ես փողոցով եմ քայլել, ոչ մի բակ չեմ մտել: Այդ պահին այդ տղայի հեռախոսը զանգում է, ինձ թվում է, թե մեր զրույցը այդքանով ավարտվեց, շրջվում եմ, որ գնամ, մեկ էլ զգում եմ, որ մի ձեռքով օձիքիցս է բռնել: Նայում եմ` աչքերը պղտոր են ու մտածում եմ, որ ամենայն հավանականությամբ գործ ունեմ ոստիկանի հետ: Այդ տղան խոսակցությունը վերջացնում է ու փորձում է քաշելով ինձ, տանել բակ, ասում եմ` խնդրում եմ, ներկայացե’ք. ո՞վ եք, անու՞ն, ազգանու՞ն, պաշտո՞ն, ոստիկան ե՞ք: Ասում է` ինչ կապ ունի, արի հեսա կիմանաս ով եմ»,- «Հետքին» պատմեց Վարդանը:
Վարդանը այդ քաշքշելու ընթացքում բջջայինով կապվում է 1-02` ոստիկանություն: Նրանց հայտնում հասցեն եւ իր հետ կատարվածը: Այդ ընթացքում այդ մեկին են միանում եւս 3-ը, նույնատիպ սեւ զգեստներով:
«Երբ ոստիկանությանը հայտնեցի տեղի ունեցածը եւ հեռախոսը անջատեցի, դրանցից մեկն ասաց` մենք էլ ենք ոստիկան, ու ներկայացավ որպես փոխգնդապետ: Փաստաթուղթ ուզեցի: Մութ էր արդեն, հանեց ոստիականական ծառայողական վկայականը, անուն ազգանունը չհասցրի կարդալ ու երբ ուզեցի մոտիկից նայել, էլի խփեց: Հետո ինձնից ուզեցին փատաթուղթ: Իրենց ակնկալիքին հակառակ` ես գրպանիցս հանեցի անձնագիրս ու ցույց տվեցի: Նայեցին, որից հետո էլի սկսվեց անհասկանալի հարցերը`
-Ի՞նչ գործ ունեիր բակում:
- Ես բակում չեմ եղել, փողոցի մոտով ուղիղ իջել եմ:
- Ի՞նչ էիր անում էն «զաբորը»:
- Ես` ոչինչ…խոսքս չավարտած հարված ստացա բերանիս, որից հետո, քաշքշելով եւ խփելով, բակով ինձ բարձրացրին մի տեղ, որտեղից հայտնվեց 5-րդ սեւազգեստը, մոտեցավ ու խփեց գլխիս: Զգացի, որ եթե այդպես շարունակվի, ստիպողաբար մատնահետքերս էլ կհայտնվեն այդ իրենց ասած «զաբոռի» վրա, ու այլ ապացույցներ «կգտնվեն»: Ասացի` զանգում եմ փաստաբանիս: Ասացին` տո ուզում ես պրեզիդենտի ապարտին դիմի: Բայց հետո հարցրին` բա ո՞վ է փաստաբանդ: Պատասխանեցի…մի քանի հարցեր էլ են տալիս ու անձնագիրը շպրտում են վրաս, բա գնա` ազատ ես»:
Միջադեպից հետո Վարդանին զանգահարել են ոստիկանությունից եւ հարցրել, թե ինչպես ավարտվեց քաշքշուկը եւ առաջարկել են նրան ներկայանալ վարչություն: Վարդանը հրաժարվել է, պատճառաբանելով, թե չի վստահում ոստիկանությանը, քանի որ իր վրա հարձակվողները հենց ոստիկաններ են եղել:
Ոստիկանության լրատվության բաժնի պետ Վարուժան Բալյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք նման միջադեպ չեն գրանցել, հետեւաբար խումբ չեն ուղարկել, սակայն խնդրեց իրեն տրամադրել Վարդան Հովհաննիսյանի տվյալները, որպեսզի կապվեն նրա հետ եւ խոստացավ 15 րոպեից տեղեկատվություն տրամադրել իրավիճակի մասին: Սակայն 2 ժամ անց Վարդան Հովհաննիսյանը այդպես էլ զանգ չստացավ Ոստիկանությունից, իսկ երբ «Հետք»-ը փորձեց կրկին կապվել Վարուժան Բալյանի հետ, վերջինս կամ զբաղված էր կամ հեռախոսը անջատված էր:
Իր հետ կատարված այս միջադեպը Վարդանը միանշանակորեն գնահատել չի կարողանում. «Իրենց տված խառը հարցերից կարողացա մտքումս կապել մի տրամաբանական սցենար, թե ինչու են ինձ վրա հարձակվել. ստացվում է, որ 6-րդ վարչության դիմացի բակում ինչ-որ մեկը ինչ-որ գործողություն է արել, ինչ-որ «զաբոռի» մոտ, իրենք էլ տեսնում են, բայց հետքը կորցնում են, հետո փողոցում ինձ են տեսնում: Բայց ես համոզված եմ, որ նրանցից մեկը ինձ տեսել էր դեռ վերեւից` հանգիստ քայլերով Նալբանդյան փողոցից իջնելիս: Չեմ կարող ասել, կամ ուզում էին վախեցնել, կամ զգուշացնել…կամ սխալվել էին, ինձ չէին փնտրում, բայց ամեն դեպքում դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ ես հանգիստ ինձ համար զբոսնում էի, մեկ էլ հարձակվում են վրաս, ես իրենց ամեն կերպ փորձում էի հանդարտության կոչ անել, հասկանալ` ինչումն է բանը, բայց իրենք դրանից ավելի շատ էին կատաղում ու ավելի շատ էին խփում»,- ասում է ակտիվիստը:
Վնասվածքներ շատ չկան, երիտասարդ ակտիվիստի խոսքերով` մարզիկների կազմվածքով այդ տղաները շատ լավ գիտեին որտեղ խփել, որ հետք չմնա
http://hetq.am/am/society/vardan-2/
четверг, 21 января 2010 г.
Հարձակում Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստի վրա
Автор: bnamard на 19:29
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий