среда, 20 января 2010 г.

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԽՆԱ ԴԱՏԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԵՐՔԸ


MER DZERQEROV PORUM ENQ MEZ GEREZMANNER



2010-01-20 00:00
Վարդան Մխիթարյան, «Հայք»


Կանադական «Caldera Resources Int.» ընկերությունը ցանկանում է գնել Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Դեռեւս 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «Caldera Resources Int.»-ին թույլատրել է մտնել Լիճքվազ-Թեյի ոսկու ծրագիր եւ կատարել նմուշարկումներ:

Ընկերության կայքէջից տեղեկանում ենք, որ այդ որոշումից առաջ` 2009 թվականի հոկտեմբերի սկզբին, իրենց թույլտվություն էր տվել նաեւ ՀՀ Բնապահպանության նախարարությունը: Ըստ «Caldera Resources Int.»-ի` «այս ամենի նպատակն է, որ ներկայացվի Հայաստանում ոսկու եւ պղնձի կորզման համար լուծազատման տեխնոլոգիա, որի նպատակահարմարությունը կոմերցիոն տեսանկյունից ապացուցված կլինի»:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրում ոսկու պաշարը 17 տոննա է: «Caldera Resources Int.» ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ոսկու հանքավայրի հրակայուն լինելը` ցանկանում է այդ ծրագիրն իրականացնել իր ռազմավարական գործընկերոջ` «BacTech Mining Corporation»-ի հետ: Վերջինս իր լուծազատման սեփական տեխնոլոգիաները տրամադրելու է ոսկու եւ ոչ ազնիվ մետաղների կորզման համար:


Ընթերցողներին տեղեկացնենք, որ դեռեւս 2009 թվականի օգոստոսին հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը գնել է «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում էին Մեղրիի Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիաները: Նշված գործարարը 2008 թվականին իրեն պատկանող «Լուլիար» եւ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ների միջոցով ստացել է մոտ 10 ոսկու հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ: Ըստ շրջանառվող լուրերի` Սիլվա Համբարձումյանն այժմ բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների մի շեյխի հետ` այդ լիցենզիաները վաճառելու համար:

Պարզվում է, հասարակությունից գաղտնի Հայաստանի կառավարությունը մի շարք գործարքներ է կնքում միջազգային ընկերությունների հետ եւ անխնա վաճառում մեր պետության հարստությունը` ընդերքը:

2009 թվականի դեկտեմբերի 23-ին Էստոնիայի Ֆինանսական ինսպեկցիան հայտարարել է, որ մոտ 25 000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք է սահմանել «GILD Arbitrage Risk Capital Fund»-ին, որ ֆոնդը ոչ ճիշտ տեղեկություն է տրամադրել իր ներդրողներին` հայտնելով, որ Հայաստանում ձեռք են բերել ոսկու հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ: Էստոնական «GILD Arbitrage Risk Capital Fund»-ը հրապարակելով իր հաշվետվությունը նշել էր, որ Հայաստանում ներդրել է 20 միլիոն եվրո: Այդ մասին հրապարակումներ են եղել նաեւ էստոնական թերթերում:

Իսկ Հայաստանում որեւէ պաշտոնյա կամ պատկան մարմին չի արձագանքել դրան: Պարզվում է, Կիպրոսում գրանցված «Melorama Holding Ltd» ընկերությունը մոտ 15 ընկերություն է գրանցել Հայաստանում տարբեր անձանց միջոցով, որոնց մի մասը ձեռք է բերել հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ:

Այդ ընկերության 20 միլիոն եվրո ներդրումը Հայաստանում ուղղակի կապ ունի Սերժ Սարգսյանի խորհրդական, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ: Թե ինչպես են իշխանության տարբեր օղակներում լուրջ պաշտոններ զբաղեցնողները տիրանում Հայաստանի հարստությանը` մանրամասն կանդրադառնանք «Հայքի» առաջիկա համարներից մեկում:

Комментариев нет: