среда, 7 января 2009 г.


«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի տնօրեն Վալերի Մեջլումյանը եւ Ալավերդու քաղաքապետարանը Ալավերդու գեղագիտական նկարագիրը ամբողջացնելու նպատակով 2007թ. ապրիլի 7-ից մայիսի 9-ը Ալավերդիում կազմակերպել էին քանդակագործական աշխատանքների սիմպոզիում, որին մասնակցել են 11 քանդակագործներ: Սիմպոզիումի գաղափարը գովելի է, եւ դրա կարեւորությունը Ալավերդիում որեւէ մեկը այսօր էլ չի վիճարկում:

Սակայն թե կյանքի կոչված 11 քանդակներից ո՞րն էր հաջողվածն ու անհաջողը, եւ արվեստագետի ի՞նչ բացահայտումներ են դրանք, ալավերդցիներին սիմպոզիումից հետո մասնագիտական որեւէ տեղեկատվություն չի տրվել: Ավելին, սիմպոզիումի ավարտից հետո քանդակները Ալավերդու քաղաքապետարանը անտարբեր ձեւով սփռել է քաղաքի թաղամասերում` առանց տեղանքներին հարմարեցնելու: Քանդակների հեղինակները համաձայնե՞լ են դրան, թե՞ ոչ` ալավերդցիներին հայտնի չէ: Հայտնին մեկն է` քանդակներից մեկը պատուհաս է դարձել քաղաքապետարանի եւ բնակիչների գլխին, որի շուրջ տեղադրման օրվանից սկսված տխուր պատմությունը Ալավերդիում այսօր նոր բովանդակություն է ստացել: Չգիտես ինչ նկատառումով` քաղաքապետարանը Փիրուզյան թաղամասում տեղադրել է սիմպոզիումին Սանկտ-Պետերբուրգից ժամանած հայ քանդակագործ Ցոլակ Սիմոնյանի «Դիմակ» քանդակը: Առաջին օրվանից քանդակը դառնում է բնակիչների «աչքի փուշը»: Կարճ ժամանակ անց բնակիչները համառորեն պահանջում են քաղաքապետարանից «նավսոտ քարը» հանել իրենց թաղամասից: Իսկ մեկ ամիս առաջ քանդակը հեռացնելու իրենց պահանջը բնակիչները հիմնավորում էին շատ տխուր փաստարկով` 2008թ. ընթացքում թաղամասում տարբեր պատճառներով մահացել են 8 երիտասարդ բնակիչներ, եւ դրա համար նրանք համառորեն մեղադրում էին «նավսոտ քանդակին»: Քանդակը թաղամասից արագ հեռացնելու համար բնակիչները բողոքի ակցիա կազմակերպեցին, որից հետո նրանց ճնշմամբ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը խոստացավ եւ արագ հանեց «ատելի» քանդակը: Քանդակից ազատվելու համար թաղամասի տարեցները քանդակի դատարկ տեղում մատաղ արեցին եւ ուրախության սեղաններ գցեցին: Քանդակն այժմ բերանքսնիվայր ընկած է այնտեղ, որտեղ ծնվել է` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության այն տարածքում, որտեղ անց է կացվել քանդակագործների սիմպոզիումը: Սակայն տխուր պատմությունը սրանով չի ավարտվում: Այժմ էլ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության աշխատանքից կրճատված բանվորներն են իրենց գործազրկության համար «մեղադրում քանդակին». «Եթե «նավսոտ» այդ քանդակը չտեղափոխեին ընկերության տարածք, ընկերության գործերը չէին վատանա, մենք էլ աշխատանք կունենայինք»,- ճոպանուղով անցուդարձ անելիս կեսկատակ ասում են նրանք: Քանդակի տխուր ճակատագրի եւ բնակիչների կողմից այն չընդունելու կապակցությամբ Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆիկ Ջավախյանն ասաց. «Քանդակը պետք է տեղադրվի քանդակագործի եւ քաղաքի ճարտարապետի համագործակցությամբ: Սիմպոզիումի քանդակները պուրակների համար նախատեսված քանդակներ են: Կոնկրետ քանդակագործ Ցոլակ Սիմոնյանի «Դիմակ» քանդակի տեղադրման տեղը ճիշտ չեն ընտրել: Եթե դա տեղադրվեր մշակույթի պալատի բակում, կամ մի այգում, այդպես չէր ընդունվի, քանդակի էությունը բնակիչները չեն հասկացել: Քանդակի հեղինակ Ցոլակ Սիմոնյանը ճանապարհ անցած քանդակագործ է»: Իսկ լքված քանդակը շարունակում է արժանանալ ալավերդցիների նախատինքին:

Комментариев нет: