среда, 7 января 2009 г.

Ո՞վ է արդյունահանելու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկին


«Թամայա Ռիսորսիզ» (Tamaya Resources) ընկերությունն այս տարվա սեպտեմբերին դադարեցրեց Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու արդյունահանման նախագիծը: Ընկերության տարածած հաղորդագրությամբ նախագծի դադարեցման հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են: Սակայն ինչպես նշում է մեր աղբյուրներից մեկը` Թամայայի խնդիրները միայն ֆինանսական չէին:

Ընկերության նախկին աշխատակիցը, որը չուզեց հրապարակել իր անունը նշում է, որ ընկերությունը այդ վիճակում է հայտնվել տեղացի ղեկավարների «ջանքերով»: Մեր աղբյուրի հավաստմամբ` տեղի ղեկավար անձնակազմը նախատեսվածից մեծ ծախսեր է ունեցել` գնելով մեծ թվով թանկարժեք ջիպեր, գրելով բարձր աշխատավարձեր, սակայն իրականում վճարելով ավելի քիչ, ցույց տալով գործուղումային եւ այլ մեծ ծախսեր: Սա նաեւ ապացույց էր այն բանի, որ տարիներ շարունակ հանքարդյունաբերության ոլորտը դուրս էր պետական հսկողությունից: Չնայած Թամայայի դեպքում պետությունը միջամտել է, սակայն բավականին ուշացած: Երբ ընկերությունը սնանկ է ճանաչվել, տեղացի ղեկավարությունը չնչին գումարներով վաճառել է ընկերության հիմնական միջոցները` թանկարժեք մեքենաները, սարքավորումները եւ դրանք ձեռբերողների մեջ են եղել հենց իրենք, ինչպես նաեւ` Սյունիքի մարզի ղեկավարները: Մեր տեղեկություններով` կառավարությունը իմանալով այս ամենի մասին, արգելանք է դրել ընկերության բանկային հաշիվներին: Սակայն մեր մեկ այլ աղբյուրի հավաստմամբ, որը հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ է, ընկերության սնանկ ճանաչման հիմնական պատճառն այն է, որ հանքավայրի` նախապես ունեցած ուսումնասիրության տվյալները, այնքան էլ չեն համապատասխանել իրական ծավալներին եւ հանքաքարի որակին: Պարզվել է, որ Լիճքվազ-Թեյի հանքավայրում հանքաքարը հրակայուն է: Թամայան մինչեւ հանքավայրի ձեռբերումը կատարել էր նմուշարկում հիմնականում պատմական հանքաքարի նմուշներից, որոնք օքսիդացված են: Հանքավայրի ձեռքբերումից հետո, երբ Թամայան սկսեց նմուշարկել հանքային երակներից, հայտնաբերեց, որ հանքաքարը հրակայուն է: Սա նշանակում է, որ հանքաքարը չի մշակվի ավանդական «ածխածինը խյուսի մեջ լուծազատման» մեթոդով: Թամայայի բոլոր սպասելիքները հօդս ցնդեցին:Ընկերությունը պլանավորել էր Լիճքվազից ոսկին կորզել «ածխածինը խյուսի մեջ լուծազատման» մեթոդով աշխատող ֆաբրիկայի միջոցով, ինչը ձեռք էին բերել Ավստրալիայում: Բայց պարզվեց, որ դա անհնարին է, հրակայուն հանքաքարը չի մշակվում այս ձեւով:Ի՞նչ է նշանակում «ածխածինը խյուսի մեջ լուծազատումը»: Այս մեթոդով ոսկին աղացած խտանյութից զատվում է ցիանիդի լուծույթում: Հրակայուն հանքաքարը մշակելու համար սովորաբար կիրառվում է հրամետաղագործական մեթոդ, ասենք` թրծման մեթոդը: Այս մեթոդը կիրառելը շատ ծախսատար է, պահանջվում է շատ էլեկտրաէներգիա եւ մեծ է սարքավորումների ընթացիկ ծախսերը: Սակայն այս մեթոդը տնտեսապես շահավետ չի Լիճքվազի նման փոքր հանքի համար: Լիճքվազի պաշարները նախնական գնահատմամբ 600,000 ունցիա ոսկի է (մինչեւ 1 միլիոն ունցիայի հասնող պոտենցիալով): Սակայն այստեղ առաջ է գալիս երկրորդ խնդիրը: «Հանքարդյունաբերությունը ինտենսիվ բիզնես է: Դու պետք է գումար պարտք անես ծրագիր ստեղծելու, սկսելու համար: Դա անելու համար դու պետք է ունենաս բանկի կողմից ընդունելի իրականացվելիք ծրագիր` հաշվարկված հաստատված եւ հնարավոր պաշարների հիման վրա: «Սիփանը», «Այբիրիան Ռիսորսիզը»(հանքավայրի նախկին սեփականատերերը) եւ «Թամայա Ռիսորսիզը» տեղամասում երբեք հորատումների այդ մակարդակի չեն հասել` զարգացնելու իրենց պաշարների մասին ինֆորմացիան, նրանք միայն ունեցել են ռեսուրսներ եւ հենց այդ պատճառով էլ նախնական են, որոնք ամենացածր մակարդակի տվյալներ են համարվում հանքի զարգացման պլան ունենալու համար»,- ասում է հանքավայրերի գնահատմամբ զբաղվող մի փորձագետ, որը նույնպես չուզեց հրապարակել անունը, քանի որ առնչություն է ունեցել այս ընկերության հետ: Նրա հավաստմամբ` տեղամասում ոսկու տվյալների անալիզը հիմնված է եղել նախկինում ունեցած տվյալների եւ ստորգետնյա հանքից վերցված նմուշների վրա: Սա նորմալ է, եթե դու կիրառելու ես հնաոճ «ձեռքով» մեթոդը, կատարում ես փոքր ծավալի աշխատանք ուղղակի հետեւելով ոսկու երակին: «Այս մեթոդով դու այսօր կորզում ես ոսկի եւ դրա միջոցով ֆինանսավորում ես հաջորդ ամիսների աշխատանքը: Եթե դու սխալ թույլ տաս արդյունահանման ժամանակ եւ չունենաս ոսկի կամ շատ քիչ ունենաս, այդ դեպքում դու կսնանկանաս»,-ասում է փորձագետը :Թամայան պլանավորել էր օգտագործել այլ ծրագրի ֆինանսական կանխիկ միջոցները` ֆինանսավորելու հանքի զարգացման ծրագիրը: Նրանք կարիք չեն զգացել բանկի կողմից ընդունելի իրականացվելիք ծրագրի, որպեսզի բանկից փող ստանան, նրանք պլանավորել էին օգտագործել իրենց սեփական կանխիկ գումարը: Նրանք համոզված են եղել, որ եթե արդյունահանեն հանքավայրի պատմական հանքաքարի կույտերը, ապա կկորզեին բավական ոսկի` շահելու ժամանակ եւ ֆինանս: Դրանից հետո այդ միջոցներով նախատեսել էին ֆինանասավորել իրենց հորատման ծրագիրը եւ շարունակել հանքի արդյունահանումը` օգտագործելով ժամանակակից տեխնիկա: Դժբախտաբար, նրանց բոլոր սպասելիքները հօդս ցնդեցին, երբ նրանք հայտնաբերեցին, որ հանքաքարը հրակայուն է: Ընկերությունը նաեւ հասկացավ, որ հանքի զարգացման այս մեթոդը չի աշխատի Լիճքվազի համար:
Լիճքվազի ապագան
Հաշվի առնելով, որ միջազգային շուկայում ոսկու գները չեն իջել տնտեսական ճգնաժամի արդյունքում, կարելի է ենթադրել, որ հանքավայրը երկար ժամանակ չի մնա փակված: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Սյունիքի մարզի հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների ճակատագիրը դեռ անորոշ է եւ անխուսափելի է լինելու գործազրկության մեծ բանակի առկայությունը մարզում, ապա պետությունը պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել այս հանքավայրը եւ ընկերությունը: Պետությունը միշտ էլ կարող է զրկել ընկերությաննարդյունահանման լիցենզիայից, եթե նա չի կատարում իր պարտականությունները: Բայց հարց է` կգնա կառավարությունը նման քայլի: Մեր ունեցած տվյալներով` Հայաստանի գործարարներից մեկն այն ձեռքբերելու նման հետաքրքրություն է ունի, նման ցանկություն են հայտնել նաեւ օտարերկրյա երկու ընկերություններ: «Ով էլ գնի այս հանքը կարող է մտածել, որ սովետական հին դարաշրջանը` «ձեռքով» հանքարդյունահանման, հանքաքարի ջարդման, գրավիտացիոն եղանակով ոսկու 25% կորզման միջոցով, բավականին շահավետ է, բայց այլ բաներ կան, որ պետք է իմանա գնորդը: Կանադայում մի ընկերություն օգտագործում է բիո-լուծազատման տեխնոլոգիան, որը հրակայուն հանքաքարի դեպքում ապահովում է ոսկու 90% կորզում եւ այս մեթոդը նաեւ հարմար է բնապահպանական տեսակետից: Այս ծրագիրը կարիք ունի նվազագույնը $ 3-5 մլն հորատման աշխատանքները հաստատելու եւ մանրամասնելու ռեսուրսները: Սա պետք է արվի ամենից առաջ 2 բանի համար. առաջին` կարիք կա ունենալու հանքային մարմինը ներկայացնող նմուշներ ամբողջացնելու յուրահատուկ մետալուրգիական անալիզ` հասկանալու ոսկու ծագումը եւ բիո-լուծազատման գործընթացը եւ երկրորդ` արդյունավետ հանքարդյունաբերման պլան եւ գործընթաց ստեղծելու համար կարիք կա իմանալ հաստատված պաշարների չափը, երակների սիստեմը: Այս պրոցեսը կտեւի 2 տարի: Այս դեպքում դու կունենաս հանք, որը շահավետ կլինի ներդրողների, աշխատողների եւ պետության համար: Ոսկու արտադրությունն առավելագույնի կհասնի, իսկ բնապահպանական վնասը` նվազագույնի»,- ասում է հանքավայրերի գնահատմամբ զբաղվող մի փորձագետը:

Комментариев нет: