суббота, 24 января 2009 г.

Անտառագողերը դեպքի վայրում.

Լոռի Նախապատմություն

Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք սկսել ենք հետաքննել Դսեղի անտառներում տիրող վիճակը: Մի քանի անգամ «ՉԻ» խմբագրակազմը այցելել է Լոռվա մարզ եւ ականատես եղել, թե ինչպես են համատարած ծառահատումների ճանապարհով ոչնչացվում «Հայանտառի» Դսեղի անտառտնտեսության հսկողության տակ գտնվող անտառները: Մեր թերթի երեկվա համարում զետեղված լուսանկարները արվել են հենց այդ այցերի ընթացքում` 2008թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դրանք արված են Հայաստանի Լոռվա մարզի Դսեղի անտառտնտեսության Ջարդուտ, Ճգնավորի Էր, Ճգնավորի Թալա, Մոշուտ Մատ, Արփաթալա, Բերձենի հողեր, Աթանի Ղաշ, Տանձուտ-Խոտհարք, Ժանգառլու հանդամասերում: Անցած շաբաթ, ոչնչացվող անտառների թեմային ինքնակամ արձագանքեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն, դաշնակցական Մարտուն Մաթեւոսյանը: Վերջինիս այն պնդումները, թե Դսեղի անտառներում միայն սանիտարական հատումներ են իրականացվում, ավարտվեցին նրանով« որ նա մեզ առաջարկեց միասին այցելել Դսեղ եւ տեղում համոզվել: Շաբաթ օրը մենք Մարտուն Մաթեւոսյանի եւ «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի հետ ու իրենց մեքենայով ուղեւորվեցինք Լոռու մարզ: Տեղեկացնենք, որ ամբողջ ճանապարհին Մարտուն Մաթեւոսյանը փորձում էր իմանալ, թե որքանով ենք տեղյակ նախորդ մի հրապարակման մեջ տեղ գտած Արմեն Մաթեւոսյան անունով անձից: Մենք սկզբում կատակի տվեցինք` խոսակցության ընթացքում մեջբերելով տեխնիկական վրիպակի վարկածը: Այնուհետեւ` շարունակեցինք կատակել` ասելով, որ Արմեն Մաթեւոսյանը` Դսեղի անտառտնտեսության տնօրեն Արմեն Այդինյանի եւ Մարտուն Մաթեւոսյանի հիբրիդն է: Ավելի ուշ` Ահնիձորում արդեն, հասկացանք, որ Մարտուն Մաթեւոսյանը լավ էլ տեղյակ է Արմեն Մաթեւոսյանի ով լինելուց (դա մեզ հաջողվեց իմանալ, երբ նա թաքուն խոսում էր իր աշխատակիցների հետ): Մեկ անգամ եւս ընդգծենք, որ տարածքում հատումների «տերը» Արսեն Բազեյան «ճարպիկ» գործարարն է` Ալբերտ Բազեյանի եղբորորդին, իսկ Մոտկորի հատվածում` Ահնիձոր, Աթան, Շամուտ, Լորուտ գյուղերի շուրջ անտառաջարդի կոորդինատորն է ոմն Արմեն Մաթեւոսյան, մեկը, որ հիշել է պապի գյուղը եւ լոզերը թափելով Վանաձորից «հայրենի» Ահնիձոր է վերադարձել` հենց որ բիզնեսը «կպել է»:
Դեպքի վայր
Առաջին կանգառը Դսեղում էր` հենց տարածքային անտառտնտեսության գրասենյակում: Այստեղ Դսեղի անտառտնտեսության պետ Արմեն Այդինյանի` Արմենչոյի եւ նրա աշխատակիցների հետ հանդիպումն առանձնապես տպավորիչ էր այն առումով, որ հասկացանք, թե տգետների ինչպիսի բանդա է տնօրինում անտառների ճակատագիրը: Նկատենք, որ մինչ այդ այցելությունը Արմենչոն մեր բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում անընդհատ շեշտում էր, թե կան հանդամասեր, ուր նախատեսված են սանիտարական հատումներ, եւ որ հատման ենթարկված բոլոր ծառերը կնիքված են ու փաստաթղթավորված: Դսեղում անտառների քարտեզներից բացի, խնդրեցինք նաեւ տրամադրել այն հանդամասերի եւ հատատեղիների ցանկը` «կվադրատներով», եւ հատված ծառերի «տոմսերը»` անձնագրերը, ուր օրենքով նախատեսված է սանիտարական հատումներ իրականացնել: Նշենք, որ սանիտարական հատում կարող է համարվել հիվանդության, շրջակա այլ ծառերին խանգարելու, տեսակի անհրաժեշտության բացակայության եւ նման այլ պայմաններով տվյալ «կվադրատի» ծառերի ընդհանուր քանակությունից որոշների ընտրողական հատումը: Մինչդեռ մեր տեսած հանդամասերում ծառերը կտրված էին մեկը մյուսի հետեւից: Դա ավելի շատ նման էր փնթի ու ավազակային հարձակման, քան գիտապրակտիկ որեւէ հիմնավորմամբ արված հատման: Չկար որեւէ հատված, ուր ծառերը խմբերով պարզապես տապալված չլինեին` իրենց հետ կոտրել-տապալելով նաեւ հարեւան երիտասարդ ու բարալիկ ծառերը: Ընտրության այնքան փոքր շանս էին ունեցել «սանիտարական» հատում իրականացնող հայանտառականները, որ 50-70 սանտիմետր տրամագծով ծառերն էլ էին տապալել:
Դաշնակ Մարտունը կատաղում է
Վերադառնալով Դսեղի անտառտնտեսության գրասենյակում տեղի ունեցած խոսակցությանը` հավելենք, որ թե՛ Արմենչոն, թե՛ նրա ենթակաները այդպես էլ չկարողացան մեզ որեւէ փաստաթուղթ ներկայացնել. վերջիններս միայն կցկտուր կմկմում էին` սպասելով, թե երբ է վերադասը` դաշնակ Մարտունը, օգնության հասնելու: Անհարմար իրավիճակը մեղմելու համար մենք խնդրեցինք տեղեկանքներ ներկայացնել Ահնիձոր ու Աթան գյուղերին հարող Բերձենի հողեր, Աթանի Ղաշ, Տանձուտ-Խոտհարք, Ժանգառլու հանդամասերում իրականացված սանիտարական հատումների մասին, ինչն էլ վերջնականապես հունից հանեց դաշնակ Մարտունին: Վերջինս սկսեց գոռգոռալ ու հայհոյել, ապա շպրտեց ձեռքին պահած մեր գրառումների թուղթը: Նրան շատ արագ կարողացան վնասազերծել գրասենյակի աշխատակիցները: Կամաց-կամաց հասկանալի էր դառնում` բանդայի նյարդային բռնկումների պատճառը: Մարտուն Մաթեւոսյանն արդեն Դսեղում հասկացավ, որ մենք եկել ենք դեպքի վայր ոչ թե «մուկ տշելու», այլ իրեն ապացուցելու, որ ծառերը հատվում են իրե°նց հանցավոր մասնակցությամբ եւ համաձայնությամբ: Ի դեպ` բավական աղքատիկ անտառածածկ ունեցող Հայաստանը շինափայտ արտահանող երկրների ցանկում է, եւ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Դսեղի անտառների ոչնչացումը հերթական բիզնես ծրագիրն է, որտեղից կոնկրետ «քյար» ունեն բոլորը, ներքեւի օղակներից` Արմենչոյից ու Մարտունից սկսած, մինչեւ վերին ատյաններ: Գավառական ճիգեր Շարունակելով` ընդգծենք, որ Մարտուն Մաթեւոսյանի քավորությամբ տեղի աշխատակիցները փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի մենք չկարողանանք բարձրանալ հանդամասեր: (Դսեղում մեզ միացան «Հայանտառի» աշխատակիցներն իրենց մեքենաներով` «Նիվա» եւ «Ուազ պատրիոտ»)£ 4-5 ժամ շարունակ վերջիններս կապիկությամբ էին զբաղված` նախ հրաժարվում էին հանդամասերի տեղերը նշել, ապա նվնվում էին, թե ձյան պատճառով մեքենաները չեն բարձրանա անտառ, հետո էլ իրար վրա էին գցում «շեֆին» ոտքով անտառները ուղեկցելու ծանր «պարտականությունը»: Չգիտես ինչու, մեզ ուղեկցող վիլիսների բոլոր անիվները կապրոնից էին, իսկ անտառտնտեսության աշխատակիցներն էլ նախօրոք իմանալով, որ անտառ են բարձրանալու, որոշել էին հագնել իրենց, երեւի թե, հարսանիք գնալու զամշե կոշիկները: Վիլիսները հուսահատ «բուքսավատ» էին անում` չհասկանալով, թե իրենց հին լոռեցի տերերը այդ ո՞ր օրից են ձյան վրայով զառիթափ բարձրանալիս «ռազդատկա» անջատում ու գազ տալիս: Մինչ «լոռեցիք» կարծում էին, թե «շուստրի» ձեւերով կարող են այնպես անել, որ մենք չմտնենք անտառ, մենք այդ ընթացքում աշխատում էինք` ինֆորմացիա հավաքելով մասնավոր զրույցների ընթացքում, նրանց թաքուն խոսակցություններին ականջ դնելով եւ առհասարակ նրանց վարքաբանությանը հետևելով: Այս ամենի ականատեսը` դաշնակ Մարտունը, սրտի խորքում ուրախացել էր, սակայն նրա ուրախությունը հօդս ցնդեց, երբ մենք ասացինք. եթե մեքենաները չեն գնում, ուրեմն ոտքով կբարձրանանք: Մաթեւոսյանը, շնչակտուր լինելով, հաղթահարեց բարձունքի մի մասը միայն. «Հայանտառի» գլխավոր անտառագետը «ՉԻ» ներկայացուցչի հետ բարձրացավ մինչեւ վերջ` նրան մատնացույց անելով հատված ծառերի կոճղերը: Մարտունի ենթականերից եւ ոչ մեկը մեքենայից չիջավ էլ: Դաշնակ Մարտունին հասցեագրված այս արհամարհական վերաբերմունքից մենք հասկացանք, որ ոլորտում ոչ միայն «բարդակն» է տիրում, այլ որ «տեղական գողերը» չունեն որեւէ բան ապացուցելու «կենտրոնի գողերին». նալոգն է` տվել են ու հիմա իրենց ինչ գործն է, թե ով ում ինչ կապացուցի: «Խեղճ Մաթեւոսյանը ընգել ա սրանց խելքին. տարել-գցել են ցեխերի մեջ». Արմենչոյի հետ զրույցի ժամանակ նկատեց «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Արմենչոն ավելի կառուցողական էր` «Գնանք գոճի ուտելու» կամ էլ «Հիմա մի ռեստորանում նստած կլինեինք` սաունան էլ կողքը կլիներ»: Ինչ վերաբերում է բուն մասնագիտական խոսակցությանն, ապա նա անընդհատ ընդգծում էր, որ ապօրինի հատումներ, ինչ խոսք, կան, բայց միաժամանակ ավելացնում էր. «Ոչ ոք գելի սիրտ չի կերել, որ ինքնագլուխ ծառ կտրի»: Երբ վերջինիս փորձեցինք բացատրել, որ մեր ասածն էլ հենց այդ է` անտառը ոչնչացնելու պետական այս հանցագործությունը հովանավորվում է վերեւների կողմից, նա ասաց. «Միշտ էլ տենցա` գլխին որ խփում ես, ոտքերն են ցավում»: (Ոտքեր ասելով` Արմենչոն նկատի ուներ իրեն եւ իր աշխատակիցներին): Վերադարձ Արդեն ուշ երեկո էր. անտառը պատվել էր մթան քողով, եւ մենք ստիպված էինք գտնել ճանապարհն ու վերադառնալ: Օրվա վերջում երկու բան հասկացանք: Մարտուն Մաթեւոսյանը եկել էր ոչ թե իր աչքով տեսնելու անտառի ջարդը, այլ ամեն ինչ անելու, որ մենք եւս մեկ անգամ, արդեն իր ներկայությամբ չարձանագրենք տեղի ունեցող վայրենությունը: Եվ երկրորդ` նա եկել էր ոչ թե հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու քայլեր ձեռնարկելու, այլ այդ հանցագործությունը կոծկելու: Երկու դեպքում էլ նա չհաջողեց: Մի բան էլ ավելի` մենք հասկացանք, որ «Հայանտառ» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Մաթեւոսյանից տարածքային կազմակերպության աշխատակիցներն առանձնապես չեն քաշվում: Ինչո՞ւ. որովհետեւ «աշխատում» են հավասար հիմունքներով, եւ այս` ոչնչացվող անտառները հալալ փայերի բաժանած «շեֆ» ու «ենթակա» թայֆայից որեւէ մեկը որեւէ մեկին առայժմ, առանց վերից իջած հրահանգի չի կարող «նեղացնել»: Հ.Գ. Վերադարձի ճանապարհին Մարտուն Մաթեւոսյանը մեզ հետ հստակ պայմանավորվեց, որ երկուշաբթի` հունվարի 19-ին կայցելի խմբագրություն եւ մեզ հետ կքննարկի այցի արդյունքներն ու մանրամասները: Բնականաբար, նա չեկավ: Բացի այդ, Լոռի մեր այցելության նախօրեին` հունվարի 15-ին, պարոն Մաթեւոսյանին էինք հանձնել մի հարցաթերթիկ` Հայաստանում եւ Լոռիում անտառահատումների վերաբերյալ, որ «Հայանտառում» հիմա թերեւս քննարկում, վերաքննարկում ու հմտորեն ձեւակերպում են: Հուսանք եւ սպասենք պատասխաններին:Գոհար Վեզիրյանwww.chi.am
__________________


Комментариев нет: