четверг, 8 января 2009 г.

Սյունիքի մարզում գայլերն ու լուսանները մոտեցել են գյուղացիների տներին


Կապանի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի 24-րդ տան բնակիչները հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան օրը, եկեղեցուց վերադառնալուց հետո, մոտավորապես ժամը 14.00-ին, տոնական սեղանի շուրջ էին հավաքվել, երբ հավերը սկսեցին անսովոր աղեկտուր ձայնով կչկչալ: Տանտերը` Անուշավան Անդրեասյանը, անմիջապես իջնում է հավաբույն ու հենց դռան մոտ նկատում է, որ հավերից մեկը թփրտում է, մեկն էլ սատկած է: Առաջ գնալով` նկատում է, որ մի կենդանի կա ներսում: Նախ մտածում է` շուն է, հետ է դառնում, բահ վերցնում ու նորից մտնում հավաբույնը: «Ասի շուն ա էլի, կծեծեմ, էլ մեր կողմերը ոտք չի դնի: Բայց հենց մտա` տեսա անսովոր մի կենդանի, որը փորձեց թռչել ինձ վրա: Առանց մտածելու միանգամից բահով խփեցի, իներցիայի տակ ընկավ գետնին, մեկ անգամ էլ բահով խփեցի ու սպանեցի»,-պատմում է Անուշավան Անդրեասյանը:
Վերջինս չի թաքցնում, որ տեսնելով կենդանուն` սկզբում վախեցավ, որովհետեւ նմանեցրեց լուսանի: «38 տարի այս թաղամասում ենք ապրում, նման բան չի եղել, այսինքն՝ շուն-մուն մտել են հավանոց, բայց ոչ լուսան»,- շարունակում է տանտերը: Նրա պատմելով՝ կենդանին ներս է մտել հավանոցի տանիքից` կոտրելով այն: Անդրեասյանի հարևանները նույնպես համոզված են, որ անծանոթ կենդանին լուսան է:
«Ես Հորադիզում, Զանգելանում կռվել եմ, էս տիպի կենդանիները ծառերի վրա էին լինում, վտանգավոր են մարդու համար, մենք կրակում էինք»,-ասում է նախկին զինծառայող Ղևոնդ Հովսեփյանը, ով նույնպես դեպքի օրը օգնության հասավ հարևանին: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային կառույցի բնապահպան Վահրամ Մարտիրոսյանը, փարատելով բնակիչների մտահոգությունը, ասաց, որ կենդանին լուսան չէ: Ըստ մասնագետի` անտառային վայրի կատու է, որը նույնպես գիշատիչ ու վտանգավոր է: Նաեւ զարմանալի չէ, որ կենդանին օրը ցերեկով հասել է բնակավայր: «Տունը սեփական տուն է, դիմացը անտառներ են, ու տեղացած առատ ձյունը հնարավորություն չի տալիս վայրի գազաններին սնվելու: Այդ իսկ պատճառով նրանք սովից կարող են հասնել բնակավայր, մտնել բները: Եթե, օրինակ, վայրի այս կատուն բաց տարածությունում լիներ, անշուշտ կփախչեր: Սակայն փակ տարածքներում հարձակվում է մարդու վրա, ինչը եւս բնական է ու հարիր նրանց վարքագծին»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:
Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ կենդանուն, ըստ գործող կարգի, տեղափոխելու են տեսչության լաբորատորիա` հետազոտելու, ինչպես նաեւ կազմվելու է համապատասխան արձանագրություն: Այնուամենայնիվ, Լեռնագործների թաղամասի 3-րդ նրբանցքի բնակիչները այլեւս աչալուրջ են: «Էն չի, հարձակվում ա խոխերանց վրան, հի՞նչ պիտի անիք, սենց բան կյանքումս տեսած չըմ»,- թոռնիկների անվտանգության համար անհանգստանում է 65-ամյա Ամալյա տատը: Իսկ նրա թոռնիկներն ու թաղամասի փոքրիկները իրենց բջջային հեռախոսներով լուսանկարում էին կենդանուն ու կատակում՝ գուցե Անուշավան ձյաձայենց կատուներից ա մի օր փախել, վայրենացել ու եկել քենը հանելու:
Փոխարենը՝ գայլերից լրջացել են Կապանի տարածաշրջանի Շիկահող գյուղի փոքրիկները: Շիկահողցիների պատմելով՝ գայլերը, երևի էլի սովից, վխտում են գյուղի շրջակայքում: Գյուղացիները նույնիսկ իրենց գոմերի առաջ թակարդներն են լարել, ու արդեն 2 գայլ ընկել է թակարդը: Նշենք, որ այստեղ է գտնվում Շիկահողի պետարգելոցը:
Արմեն Դավթյան

Hetq.am /today news:/

Комментариев нет: