среда, 7 января 2009 г.

Ի՞նչ կլինի գարնանը` պարզ չի


Ասում է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրենը«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան, ամփոփելով անցնող տարին, նշել է, որ տարեսկզբին ձեռնարկության որդեգրած ուղղությունը թույլ կտար, որպեսզի կոմբինատը աշխատեր շահույթով, ու բավականին փոփոխություններ կբերեր: «Մենք ավելացնում էինք մեր արտադրական ծավալները, ու հատկապես մեր աշխատակիցներն ավելի լավ կիմանան, թե ինչ նվաճումներ ենք ունեցել:

Սակայն տնտեսական ճգնաժամը փոխեց բոլոր ծրագրերն ու այն դրական ուղղությունները, որոնք որդեգրել էր մեր ընկերությունը; Մինչ օրս աշխարհում տնտեսական անկում է արձանագրվում: Մնում է միայն հուսալ, որ այս իրավիճակը երկար չի տեւի, ու ամեն ինչ հունի մեջ կընկնի: Ես ուզում եմ բոլոր կապանցիներին շնորհավորել Ամանորի կապակցությամբ ու ցանկանալ առողջություն»,- ասաց Ռ. Ֆալետան լրագրողների հետ հանդիպմանը: Ընկերության ղեկավարը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Ի՞նչ է լինելու 3 ամիս անց, նորից կրճատումնե՞ր են սպասվում: Ճշմարտությունն այն է, որ ոչ մեկը չի կարող ասել` ինչ է լինելու եկող տարի: Ու եթե աշխարհի տնտեսական իրավիճակը չփոխվի, կարող է ձեռնարկության վերագործարկումը ուշանա: Բայց մենք ունենք այդ ուղղությամբ ծրագրեր ու աշխատում ենք: Հուսանք նաեւ, որ տարբեր երկրների կառավարությունները աշխատում են, ու սա դրական ելք կունենա: Մեր ունեցած տեղեկություններով` «Դանդի Փրեշզ Մեթըլզի» (Dundee Precious Metal) վիճակը լավ չէ, ու նախատեսվում է այս ընկերության վաճառքը: Ես` որպես «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի գլխավոր տնօրեն, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Եթե այդպիսի բան լիներ, առաջինը ես կիմանայի: Այս պահի դրությամբ նման բան չկա:Նոյեմբերի սկզբին, երբ ձեռնարկության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, բանակցություններ սկսվեցին կառավարության անդամների հետ: Վերջիններս հետաքրքվեցին ձեռնարկության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերով: Ճիշտն ասած` չեմ պատկերացնում, թե սոցիալական փաթեթ ասելով ինչ նկատի ունեք, բայց մենք համայնքի համար գործեր արել ենք: Ֆինանսական աջակցություն ենք ցույց տվել տարբեր հասարակական կառույցների, «Կապան» հիմնադրամին, աջակցել ենք փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Ինչ վերաբերում է կառավարության հետ աշխատանքին, ապա բարիդրացիական հարաբերություններ են: Հենց այդ բանակցությունների շնորհիվ է, որ ձեռնարկությունը դեռ աշխատում է, չնայած մի մասը հարկադիր պարապուրդում են: Կարող եմ նաեւ ասել, որ մենք շարունակում ենք բանակցել կառավարության անդամների հետ:Ձեռնարկությունը այսօր քանի՞ տոկոսով է աշխատում, ու հանքանյութ արտահանվո՞ւմ է: Աշխատակիցների 60%-ը հարկադիր պարապուրդի մեջ է, 35%-ն է աշխատում: Հանքանյութ չենք արտահանում, ֆաբրիկան ու հանքը կանգնեցրել ենք: Պարզապես այդ աշխատակիցները գալիս են ձեռնարկություն, զբաղվում են բարելավման աշխատանքներով: Այսինքն` ուսումնական ծրագրերով, երբ սկսենք աշխատել, ապա նրանք ավելի օպերատիվ կլինեն: Հիշեցնեմ, որ հարկադիր պարապուրդի ուղարկվածները կաշխատեն փոխարինաբար: Այսինքն` եթե նույն մասնագիտությամբ մեկ աշխատակից ուղարկվել է մեկ ամիս հարկադիր պարապուրդի, իսկ նրա գործընկերն աշխատում է, մյուս ամիս այդ աշխատողին է տրվելու հարկադիր պարապուրդ: Ինչ վերաբերում է արտասահմանցի աշխատակիցներին, ապա նրանք այլեւս չեն աշխատում ու մեկնել են: Առայժմ աշխատանքը շարունակում են նրանք, ում անհրաժեշտությունը խիստ զգացվում է:

Комментариев нет: