пятница, 9 января 2009 г.

ԾԽԱԽՈՏՆ ՈՒ ՊԱՍԻՎ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՐԵԼ ԵՆ ԻՆՖԱՐԿՏԸ

Երևանի «Շտապ օգնություն» ծառայության գրանցած կանչերի վիճակագրությամբ ու հանրապետության սրտաբան-մասնագետների հավաստմամբ` վերջին մի քանի տարիներին հանրապետությունում սրտի ինֆարկտ հիվանդությունը «երիտասարդացել է»: Այժմ այդ հիվանդությունից գանգատվում են նաև 20-22 տարեկան երիտասարդները: Այս մասին Panorama.am-ին ասաց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Արտյոմ Պետրոսյանը: «Եթե առաջ կարելի էր նման դեպքերի հազվադեպ հանդիպել, ապա այսօր այդպես չէ: Այն բանում, որ այս հիվանդությունը, ու ընդհանրապես` սիրտանոթային հիվանդությունները սկսել են հաճախակի հանդիպել հենց երիտասարդների շրջանում, մենք ենք մեղավոր: Քանի որ բոլորս էլ սովոր ենք նստակյաց կյանք վարել ու չենք հրաժարվում ծխախոտից և առողջությանը վնասակար այլ բաներից: Դրա համար էլ այսպիսի արդյունք կարելի էր սպասել»,-նկատեց մասնագետը: Panorama.am-` մի շարք մարզահամալիրների աշխատակիցների հետ զրույցից պարզվեց, որ նման կենտրոններ հաճախում են տարբեր տարիքի մարդիկ, սակայն 20-25 տարեկանները գերակշռում են: Հիմնականում այս տարիքի երիտասարդները գանգատվում են ողնաշարի ու շնչառության հետ կապված խնդիրներից, ինչը աշխատակցուհին կապեց առողջ ապրելակերպ չվարելու ու ծխելու հետ: Ըստ ներկայացվածի, 20-22 տարեկան երիտասարդներն ամենից շատ հաճախում են մարզասրահներ` կոփելու մկանները, լողավազաններ հաճախում են երիտասարդ ու միջին տարիքի թե´ աղջիկներ, թե´ տղաներ, իսկ մարմնամարզության կենտրոնում կարելի է տեսնել միայն երիտասարդ աղջիկների ու կանանց: «Շտապ օգնություն» ծառայության տնօրենի հավաստմամբ, ծխախոտից հրաժարվելը, ակտիվ կյանք վարելն ու առողջ ապրելակերպը կնպաստի այդ հիվանդությունների նվազմանը, կամ` կնվազեցնի դրանց առաջացումը: Իրենց առողջության նկատմամբ հատկապես 35-40 տարեկանները պետք է ուշադիր լինեն,-հայտնեց Ա. Պետրոսյանը և խորհուրդ տվեց տարվա մեջ առնվազն 1 կամ 2 անգամ պրոֆիլակտիկ ստուգումներ անցնել: Ցավոք սրտի, սա Հայաստանում ընդունված չէ:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет: