среда, 7 января 2009 г.

«Վալլեքս գրուպը» ամփոփել է տնտեսական ճգնաժամի հետեւանքները


Դեկտեմբերի 28-ին Ալավերդու տեղական «Անկյուն +3» հեռուստաընկերության ուղիղ եթերում «Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, «ԷյՍիՓի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը եւ «Բեյզ Մեթըլս» ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանը, շնորհավորելով ալավերդցիների Նոր տարին, միաժամանակ բնակչությանը տեղեկացրեցին միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով «Վալլեքս» խմբի ընկերություններում ստեղծված ներկա իրավիճակին եւ իրենց առաջիկա անելիքներին:

«Առաջին հերթին Հայաստանում ճգնաժամից տուժեցին այն ընկերությունները, որոնք ուղղակի կապ ունեին միջազգային բորսաների գների հետ: Դժբախտաբար, մեր «Վալլեքս» խմբի ընկերությունների ողջ գործունեությունը հիմնված է այդ աղբյուրների վրա, պղինձը, պղնձի խտանյութը կամ ոսկի պարունակող խտանյութերը վաճառվում են զուտ միջազգային բորսաների գներով, եւ գների կտրուկ անկումից հետո մեր շահույթները նույնպես կտրուկ ընկան: Առաջին հերթին դա կապված Է «Բեյզ Մեթըլս» ընկերության հետ, երկրորդը, ինչպես գիտեք, մեր ամենաառաջատար մեծ ծրագիրը` Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցումը, նույնպես հիմնվում էր ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրվելիք վարկի հետ, կոնկրետ ասած` Ռուսաստանի Դաշնության ՎՏԲ բանկի հետ ստորագրած վարկային գծով: Դուրս եկավ, որ մեր ամենախոշոր երկու բիզնեսները կորուստ կրեցին այս ճգնաժամի արդյունքում: Իսկ այն հայկական ընկերությունները, որոնք աշխատում են Հայաստանի ներքին շուկայում, առաջին կես տարում այսպիսի կտրուկ ազդեցություն չունեցան իրենց աշխատանքի վրա, սակայն, դժբախտաբար, մեկ կամ երկու եռամսյակից հետո հավանական կլինի, որ նրանք նույնպես իրենց վրա զգան ճգնաժամի արդյունքները»,- ասաց Վալերի Մեջլումյանը: «ԷյՍիՓի» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանն էլ հայտնեց, որ անցած մեկ, մեկուկես ամսվա ընթացքում միջազգային շուկաներում շարունակվում է գունավոր մետաղների գների անկումը, եւ դա վերաբերում է հատկապես պղնձին: Ներկայումս 1 տոննայի համար այն կազմում է 2700- 2800 ԱՄՆ դոլար, երբ 4-5 ամիս առաջ մոտեցել էր մոտ 9 հազար դոլարին: Եկող տարվա կանխատեսումները նույնպես լավատեսական չեն: Կան ենթադրություններ, որ եկող տարվա մեջ գինը կարող է հասնել մինչեւ 2-2,5 հազար դոլար: Թեղուտի ֆինանսավորման ծրագրերի մասին Գագիկ Արզումանյանը հայտնեց. «Մեր հիմնական գործընկերոջ` ՎՏԲ բանկի հետ քննարկումները մինչ այժմ շարունակվում են, ես չեմ կարող ասել, որ մենք հստակ ակնկալիք ունենք, որ մեկ-երկու ամիս հետո կունենանք ֆինանսավորում, այնուամենայնիվ, բանկի հետ դեռեւս բանակցություններն ընթանում են, հույս ունենք, որ մոտ ապագայում կարող ենք որոշակիորեն ասել` երբ եւ որքան գումար կհատկացվի Թեղուտի ծրագրի իրականացմանը: Այս պահին ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է ամբողջությամբ ներքին ռեսուրսների հաշվին»: «Բեյզ Մեթըլս» ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանն էլ ասաց. «Եթե մենք 2007թ.-ին ունեինք 320 հազար տոննա հանքաքարի արդյունահանում եւ վերամշակման ցուցանիշ, այս տարի հաջողվեց այդ թիվը հասցնել մոտ 350 հազար տոննայի»: Ըստ Մկրտումյանի` գների անկումը, այնուամենայնիվ, մեծ վնաս է հասցրել ընկերության ֆինանսական ցուցանիշներին: «Այսօր մենք, փառք Աստծո, աշխատելու մի փոքր պաշար ունենք` ի հաշիվ մեր խտանյութի մեջ ոսկու մեծ պարունակության»,- ասաց նա: Արթուր Մկրտումյանը նաեւ հայտնեց, որ Ալավերդու հանքի եւ ֆաբրիկայի մոտ 150 կրճատված բանվորների առաջարկել են աշխատել «Բեյզ Մեթըլս»-ում, սակայն այս պահի դրությամբ Ալավերդու հանքի եւ ֆաբրիկայի շուրջ 90 կրճատված բանվորներ են տեղափոխվել եւ աշխատում են ընկերությունում: Ալավերդցիների թիվը «Բեյզ Մեթըլս»-ում տատանվում է 250-ի շրջանակներում: «Նրանք բարձր մասնագիտական հմտություններ ունեցող աշխատակիցներ են, բարձր վարձատրվող, մեր հաշվարկներով` վերջին տարիներին մեր կողմից վճարված աշխատավարձի մուտքերը Ալավերդու ընտանիքներ կազմել է մոտ 30 մլն դրամ»,- ասաց Արթուր Մկրտումյանը: Եթերում Վալերի Մեջլումյանը ալավերդցիներին տեղեկացրեց նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետագա ճակատագրի մասին. «Թեղուտի շինաշխատանքների ծավալների մեծացման հետ ծրագրեր էինք կապել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքները դադարեցնել, դրա փոխարեն Ալավերդիում աշխատելու էր միայն պողպատի ձուլման փոքր արտադրամաս, իսկ աշխատողների մեծ մասը` մի քանի հարյուր հոգի, քայլ առ քայլ կամ պետք է տեղափոխվեր աշխատելու Թեղուտում, կամ Ալավերդիում աշխատելու էին այն օժանդակ արտադրամասերում, որոնք առաջիկա 3-4 տարիներին մատակարարելու էին Թեղուտի շինարարությանը: Դժբախտաբար, ֆինանսավորման դադարեցման հետ կապված` Թեղուտում շինարարությունը մեր նախատեսած թափը չստացավ, այդ պատճառով որոշեցինք անել ամեն ինչ, որպեսզի շարունակենք կոմբինատի աշխատանքը մեկ եռամսյակ եւս, այդ ժամանակահատվածում սպասում ենք, որ կլուծվի Թեղուտի ֆինանսավորման նորմալ վիճակը, եւ մենք հնարավորություն կունենանք Ալավերդու մեր աշխատողների մեծ մասին հնարավորություն տալ աշխատելու «Թեղուտ» ընկերությունում»,- ասաց Վ. Մեջլումյանը:

Комментариев нет: