пятница, 16 января 2009 г.

Մամլո հաղորդագրություն


Պահպանենք հայրենի բնությունը` հանուն կյանքի, հանուն լինելիության:


Երևան, Հայաստան – Ս.թ. հունվարի 17-ին ժամը 13:00-ին երիտասարդ բնապահպանները Երևանում անցկացնում են հեծանվաերթ` նվիրված հայրենի չքնաղ և տառապյալ բնության պաշտպանությանը: Հեծանվաերթի միջոցով բնապահպանները նշում են Թեղուտի անտառների պաշտպանությանն ուղղված նախաձեռնության տարելիցը:
Բնապահպանական հեծանվաերթը կմեկնարկի Մատենադարանի մոտից, կանցնի կենտրոնական փողոցներով և կավարտվի կրկին Մատենադարանի մոտ:



Երթի կազմակերպիչները հրավիրում են բոլորին մասնակցություն ունենալու և աջակցելու հայրենի բնությունը կործանարար շահագործումից պաշտպանելու ջանքերին:

Երթը կգլխավորի և կվարի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը` իր եռանիվ հեծանվակառք ռիկշայով: Ռիկշայի միջից հնչող ռիթմիկ և ջերմացնող երաժշտությունը կուղեկցի մեզ ամբողջ երթի ընթացքում: Մասնակիցները կստանան կանաչ գլխակապեր, կկրեն բնապահպանական կոչերով պաստառներ:

Երթի ընթացքում և երեկոյան երթին միացած քաղաքացիներին ու մասնակիցներին սպասվում է հայկական բնաշխարհի բույսերից և պտուղներից պատրաստված թեյերի և հյութերի հյուրասիրություն:

ՀԻՇԵՑՈՒՄ: Լոռու մարզում ոչնչանում է Թեղուտի անկրկնելի բնաշխարհը պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով, ինչի արդյունքում`

  • կոչնչանա մեր երկրի շուրջ 1000 հա հարուստ բնաշխարհ.
    առաջանալիք թափոնների , այդ թվում` թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի շրջակա միջավայրին,


  • զգալիորեն կավելանան մի շարք հիվանդացությունների`քաղցկեղի ու չբերության դեպքերը, մարմնական ու մտավոր թերզարգացածությամբ երեխաների ծնունդները և այլ:


Վտանգված է մեր գենոֆոնդը…

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:

Lռությունը համաձայնություն է:

Երիտասարդ բնապահպանները վերստին հիշեցնում են, որ շարունակելու են հանրությանն իրազակել բնության անխնա օգտագործման կործանարար հետևանքների մասին: Հայրենի բնության պահպանմամբ մտահոգ երիտասարդները կոչ են անում միանալ իրենց` հանուն Հայոց լեռնաշխարհի բնության պահպանման, հանուն կյանքի, հանուն լինելիության:

ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ http://bigfamily.am/eco, http://bnamard.blogspot.com/

Տեղեկությունների համար կապնվել Հրայր Սավզյանի հետ, բջջ.` 093 080 485

Комментариев нет: