пятница, 23 января 2009 г.

ՍԽԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԸ ԱՐԱԳ ԼՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Վերջին տարիներին մեր երկրի տնտեսության մեջ, հատկապես հանքարտահանման բնագավառում շատ հաճախ իրականացվում են գործընթացներ, որոնք ի սկզբանե հակասում են կամ մեր երկրի օրենքներին և կամ մեր երկրի կողմից ընդունած միջազգային բնապահպանական և այլ կոնվենցիաներին ու պայմանագրերին: Այդ անօրինական գործընթացները էլ ավելի հաճախակի ու արտառոց դարձան հատկապես հանքարտահանման բնագավառը ՀՀ տնտեսության գերակա ճյուղ հայտարարելուց հետո: Որպես օրինակ ներկայացնենք ընդամենը երկու թարմ դեպքեր: 2008 թ. նոյեմբերի կեսերին հայտարարվեց հայ-ռուս-բրիտանական «GEGAMET» ՓԲԸ մուտքը ՀՀ տնտեսություն 25մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագրով, որի շրջանակներում նախատեսվում է շահագործել Շորժայի ու Ջիլի քրոմի և դունիտ-պերիդոտիտների հանքերը: Ընկերությունը, խախտելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, Սևանա լճի ափին պլանավորում է կառուցել լեռնահարստացուցիչ կոմբինատ, հրակայունների (տարեկան 20մլն հատ), ցեմենտի հավելանյութերի (տարեկան 150 հազ տոննա), ֆերոքրոմի (տարեկան 20հազ տոննա) և քրոմի կոնցենտրատի (տարեկան 50հազ տոննա) արտադրության գործարաններ, իհարկե կանխավ հավաստիացնելով, որ ողջ արտադրությունը կլինի էկոլոգիապես մաքուր և կհամապատասխանի միջազգային նորմերին ու ստանդարտներին: «GEGAMET» ՓԲ ընկերությանը հատուկ հիշեցնենք, որ • քրոմը և նրա միացությունները ծանր թույներ են և անդառնալի ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհի, մարդկանց առողջության վրա ախտահարելով ողջ աղեստամոքսային տրակտը, թոքերը: Դրանք օրգանիզմի վրա ունեն նաև կոնցեռոգեն ազդեցություն: Վերոհիշյալ արտադրությունների իրականացման արդյունքում շրջակա միջավայրում` Սևանա լճի ջրավազանում, ստորգետնյա ջրերում, օդում, հողի մեջ, բուսական ու կենդանական, այդ թվում նաև մարդկանց օրգանիզմներում կդիտվի այդ թունավոր նյութերի մեծ կուտակումներ, իր անդառնալի ու ծանր հետևանքներով: Բացի այդ` • Սևանա լիճը գտնվում է ակտիվ տեկտոնական մեծ խորքային խզվածքի վրա, որի ակտիվության պատմական ժամանակահատվածներում դիտվել են մեծ թվով կործանարար երկրաշարժեր լճի ավազանում տեղաբախշված էպիկենտրոններով: Տեկտոնական ակտիվության արդյունքում դիտվել է նաև լճի մակարդակի զգալի և կտրուկ տատանումներ, ընդհուպ մինչև Սևանա լճի չորացում: Սևանա լճի էկոհամակարգի սեյսմիկ հավասարակշռությունը ցանկացած պահի կարող է խախտվել բնածին կամ տեխնածին գրգռիչների ազդեցության տակ: Տեխնածին գրգռիչներ կարող են հանդիսանալ լճի մակարդակի արհեստական, կտրուկ տատանումները, լճին հարակից տարածքներում պայթյունների իրականացումը և այլն:
Նշենք,որ տարօրինակ զուգադիպությամբ այս ներդրումային նախագծի փորձաքննությունը իրականացվել է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում, որտեղ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին հավանաբար տեղյակ չեն եղել: Բացի այդ` ՀՀ բնապահպանության նախարարությունը առայժմ այս հարցում քար լռություն է պահպանում, չնայած, հենց ինքն էր ի պաշտոնե պարտավոր առաջինը ահազանգել այս պռոյեկտի վտանգավորության և անօրինական լինելու մասին: Այդ քար լռությունը պետք է դիտարկել առնվազն որպես ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իր անմիջական պարտականությունների իրականացման հարցում «հերթական թերացում»: Անցնենք երկրորդ թարմ դեպքին` 2008 թ.դեկտեմբերի 3-ին Երևանում ստորագրվեց պայմանագիր ՀՀ և ՌԴ միջև, որի համաձայն սկսվում է ուրանի հանքանյութի կորզման և արտահանման համատեղ աշխատանքները Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի մոտակայքում առկա ուրանի հանքից: Նշենք, որ այս նախագծի շրջանակներում որևէ փորձաքննություն կամ բնապահպանական ՀԿ-ների հետ քննարկումներ չեն եղել: Հիշեցնենք, որ • ուրանը և նրա բոլոր միացությունները խիստ թունավոր, ռադիոակտիվ նյութեր են, որոնք ներթափանցելով օրգանիզմ ազդում են բոլոր բջիջների ու հյուսվածքների վրա, ճնշում օրգանիզմի բոլոր ֆերմենտների ակտիվությունը, ախտահարում բոլոր օրգանները: Բացի այդ` • անհասկանալի է, թե ի՞նչ ճանապարհով և ինչպե՞ս է ուրանի հանքանյութը տեղափոխվելու ՌԴ, ինչը մեր կարծիքով ներկայումս բացառվում է ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի տարածքով: Միակ հնարավոր տարբերակը հանքանյութի տեղափոխումն է նախ ԻԻՀ տարածք, որի ճշտության մասին է խոսում նաև ընտրված հանքի տեղաբաշխումը: Իսկ ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով է դրանից հետո ուրանի հանքանյութը տեղափոխվելու ՌԴ, դարձյալ անհասկանալի է: Մենք հնարավոր ենք համարում արտահանված ուրանի հանքանյութի հարստացման իրականացումը հենց ԻԻՀ ուրանի հարստացման կենտրոններում, ասենք ռուս-իրանական համատեղ ձեռնարկության կողմից: Այս դեպքում կստացվի, որ ՀՀ ուրան է մատակարարում ԻԻՀ, դրանով ուղակի կամ, թեկուզ անուղակի, մասնակցելով նրա միջուկային ծրագրերին: Սա ծանր հարված կհասցնի մեր երկրի առանց այն էլ խաթարված միջազգային վարկին, որի արդյունքում ՀՀ կհայտնվի «իզգոյ» երկրների ցանկում: Բացի այդ` Ուրան արտահանող և վերամշակող ձեռնարկություններում թունավորումն ու ճառագայթումը նվազեցնելու համար կիրառվում են անընդհատ տեխնոլոգիաներ, օգտագործվում են միայն հերմետիկ սարքավորումներ, հերմետիկ տարաներ: Համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի ներկա փուլում, երբ արագորեն ընկնում են նավթի, պղնձի, մոլիբդենի և այլ նախկինում մեծ պահանջարկ ունեցող հանքանյութերի պահանջարկն ու գները, խիստ հնարավոր է նաև ուրանի ու նրա միացությունների պահանջարկի ու գների կտրուկ անկում: Արդյունքում կտրուկ կնվազի ՀՀ տարածքում արդեն շահագործվող ուրանի հանքի (կամ հանքերի) շահութաբերությունը, կդադարեցվեն ներդրումները և հանքերի շահագործումը մասնակիորեն կամ լրիվ կդադարեցվի, ինչպես եղավ Թեղուտի, Ագարակի և այլ հանքերի պարագայում: Այս դեպքում շրջակա միջավայրի վրա ուրանի հանքի կործանարար ազդեցության թուլացման, նրա կոնսերվացման համար անհրաժեշտ կլինի ծախսել ահռելի գումարներ, որը նաև շարունակական բնույթ պետք է ունենա: Այս ամենի արդյունքում ցանկալի շահույթների ակնկալիքով բացված ուրանի հանքերըր մեր երկրին ոչ միայն բնապահպանական, այլ նաև երկարաժամկետ, ծանր ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի կհասցնեն:
www.ecolur.org

Комментариев нет: