суббота, 28 марта 2009 г.

Էկոլոգները` հանուն Սեւանի փրկության

«Սևանա լիճ, ոչ թե ճահիճ», «Կապույտ Սևան, ոչ թե ցիան», «Սևանա լիճ, տագնապի ճիչ», «Բնությունը մենք ենք, եկեք ոչնչացնենք ինքներս մեզ», «Մեռյալ բնություն գոյություն չունի, բայց մեր բնությունը ուզում են սպանել» պաստառներով ու կոչերով և «SOS Sevan» վերտառությամբ գլխարկներով այսօր բողոք ցույցի էին դուրս եկել Հայաստանի էկոլոգիական կազմակերպությունների դաշինքի անդամները: Դաշինքն ընդգրկում է 35 էկոլոգիական կազմակերպություն:

Ցույցը սկսվեց նախագահական նստավայրի մոտից: Նրանք նամակ հանձնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի ընդունարան` «խնդրելով կանգնեցնել «Գեոպրոմայնինգ» ընկերության նախաձեռնած անօրինական գործունեությունը` Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման գործընթացը»: Ընկերությունը նախատեսում է շահագործել Սոտքի հանքավայրը

Ըստ ցուցարարների` վերամշակման այդ գործարանի կառուցումը Սևանի համար սպառնում է 100 մլն տոննա ապարային թափոնակույտ, պոչամբար` թունավորված ցիանային միացություններով, ծանր և տոքսիկ մետաղներով և տարրերով`անտիմոնով, պիրիտով: Ծանր մետաղները, կուտակվելով կենդանի օրգանիզմներում, առաջացնում են բազմաթիվ արատներ, վնասում են իմունային և վերարտադրողական համակարգերը:

«Սևանը միայն Սևան չի, դա քաղցրահամ ջրի հսկայական պաշար է, որն առնվազն մատակարարում է Սևանից հարավ ընկած բոլոր տարածքները խմելու, ոռոգման ջրերով, 500 հոգի կամ 1000 հոգի աշխատանք ունեցան այնտեղ, որի արդյունքում Հայաստանի բնակչության կեսը զրկվելու է բնականոն գոյատևման իրավունքից, խմելու է թունավոր ջուր, ջրելու է թունավոր ջրով իր դաշտերը, սնվելու է այդ թունավոր ջրերի արդյունքում ստացված պտուղ-բաջարեղենով, գենոֆոնդի ոչնչացման խնդիր է դրվում»,- ասաց Կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը:

Ըստ Արմեն Դովլաթյանի` Սոտքի հանքավայրը մինչ այս շահագործվում էր
Արարատի կոմբինատում, «Գեպրոմայնինգի» ներկայացուցիչներն իրենց ասել են, որ ընկերության համար շահավետ չէ հանքանյութը տեղափոխել և հետո շահագործել, դրա համար էլ ուզում են տեղում կոմբինատ կառուցել:

Ըստ էկոլոգների` «Սևանի մասին» օրենքն արգելում է նմանատիպ գործունեություն, և եթե կառավարությունը թույլ տա, նշանակում է` շուտով պետք է «Սևանի մասին» օրենքում փոփոխություն կատարվի:

Էկոլոգիական դաշինքի անդամ Մանե Հակոբյանն ասաց, որ իրենց տեղեկություններով` Գիտությունների ակադեմիայի Հիդրոլոգիայի, Երկրաբանության և էկոլոգիայի ինստիտուտներն արդեն տվել են իրենց գնահատականը, թե գործարանի կառուցումն անվտանգ է:

«Իրենք պատվեր են տվել Գիտությունների ակադեմիայի մի շարք գիտնականների, նրանք էլ փողի դիմաց արել են, ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում, դա մասնավոր ձեռնարկության կողմից պատվեր է Գիտությունների ակադեմիային, բայց Ակադեմիան, լինելով ոչ թե ՍՊԸ, այլ Ազգային ակադեմիա, բարոյական իրավունք չուներ նմանատիպ գործունեության»,- ասաց դաշինքի անդամ Սոնա Այվազյանը:

Դրա համար էլ ցույցի մասնակիցների հաջորդ «կանգառը» Գիտությունների ակադեմիան էր:



«Երկու ամիս առաջ մենք նամակ ենք հղել Ակադեմիա` խնդրելով հանդիպում այն գիտնականների հետ, ովքեր զբաղվել են այդ էքսպերտիզայով, խնդրել էինք իրենց այդ գործը չվերցնել, իսկ եթե վերցնում են, թող որ հասարակական դաշինքը իրենց հետ հանդիպում ունենա և փորձեն համաձայնության եզրեր գտնել: Այդ ժամանակվանից մենք պատասխան չենք ստացել, երկրորդ անգամ մի 15 օր առաջ նամակ ուղարկեցինք, բայց էլի պատասխան չեղավ, իսկ մեկ շաբաթ առաջ նամակ է ուղարկվել նախագահին կից Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին»,- հայտնեց դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը:

Դաշինքի անդամները վստահեցնում են, որ կոմբինատի կառուցման մասին դրական եզրակացություն է տվել նաև Բնապահպանության նախարարությունը, որն ի պաշտոնե պետք է արգելեր:

Ցուցարարներն ասացին, որ փաստաթուղթը, որտեղ գրված է ծրագրի անվտանգության մասին, մարտի 2-ին քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մանսակցել են մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, սակայն Կառավարությունը հերքում է, որ իրենց նման նախագիծ է ներկայացվել: Այսօր Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նույնպես հայտարարել է, որ նման նախագիծ չի ներկայացվել:

Էկոլոգ-ցուցարարների երթն ավարտվեց Կառավարության շենքի մոտ: Այստեղ նրանց դիմավորեց Կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա ցուցարարներին խոստացավ նամակը և նրանց բանավոր բողոքները հանձնել վարչապետին և խնդիրը դարձնել քննարկման առարկա

Комментариев нет: