Հարցազրույց «ԷյՍիՓի» (ACP) ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանի հետ
Ի՞նչ վիճակում են «Վալլեքս» խմբի ընկերությունները տնտեսական ճգնաժամի այս փուլում, մասնավորապես «ԷյՍիՓի»-ն եւ Թեղուտի հանքավայրի ծրագրերը:
Ընկերությունների գործունեության առումով որոշակի զարգացումներ կան: Նախ` ամենակարեւոր գործոններից մեկն այն է, որ այս ամսվա ընթացքում տեղի ունեցավ ազգային արժույթի էական արժեզրկում, որը, գաղտնիք չէ, արտահանող ցանկացած ընկերության համար բավականին նպաստավոր գործոն է: Մեր ձեռնարկությունների համար կարեւոր են նաեւ մետաղների միջազգային գները, վերջին 1-1,5 ամսվա ընթացքում պղնձի գինը եւս բավականին դրական միտումներ է արձանագրում: Այս պահին, ամենանվազագույն կետի համեմատ, միջազգային շուկայում ունենք պղնձի գնի մոտ 30-35% ավելացում: Հիմնականում ազգային արժույթի արժեզրկմամբ պայմանավորված` մեր հաշվարկները ցույց տվեցին, որ հնարավորություն կա ոչ վնասաբեր գոտում շարունակելու Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը առաջիկա ամիսներին եւս, եթե, իհարկե, մեզ հաջողվի ապահովել հումքի բավարար քանակ: Եւ, որ պակաս կարեւոր չէ, եթե ՀՀ կառավարությունը, ինչպես մեզ հավաստիացրել է, կարողանա առաջիկա ամիսներին եւս ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձն իրականացնել նույն կերպ սահուն, ինչպես վերջին մի քանի ամիսների ընթացքում է դա տեղի ունեցել:
Այսինքն` Ձեր կողմից դարձյալ որոշակի ժամկե՞տ է դրվում պղնձաձուլական գործարանի աշխատելու համար, թե այն այլեւս կաշխատի անընդմեջ:
Ժամկետը պայմանավորված կլինի այն երկու գործոններով, որոնք ես նշեցի: ՀՀ կառավարության հետ տարիներ շարունակ «ԷյՍիՓի»-ն խնդիրներ է ունեցել ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձման շուրջ: Գոնե հիմա, այս պահին կառավարությունը հասկանում է, որ այդպես չի կարելի շարունակել: Մենք նախկինում եւս հայտարարել ենք, որ վերջին 1-1,5 տարիների ընթացքում արձանագրել ենք էական բարելավում ավելացված արժեքի գերավճարների վերադարձման գործում:
Որքա՞ն է կազմում այս պահին այդ գումարը:
Գումարը չի գերազանցում 1 մլրդ դրամը, այն դեպքում, երբ անցած տարի եղել են պահեր, երբ գումարը գերազանցել է 2 մլրդ-ը: Բավականին օպերատիվ կերպով է կառավարության կողմից կատարվել ավելացված արժեքի գումարների վերադարձը: Մենք հույս ունենք, որ այդ պրակտիկան կշարունակվի:
Վերջերս մամուլում հայտնել եք այսպիսի տեսակետ, թե դրամի երեք անգամ արժեզրկման դեպքում գունավոր մետաղների արտադրության ոլորտում ճգնաժամի հասցրած վնասները հնարավոր է վերականգնվեն:
Իհարկե, այդ դրվագը մի քիչ կոնտեքսից կտրված է ներկայացվել, թեեւ նման բան ես ասել եմ: Հարցը եղել է այնպես, թե որքանո՞վ պետք է արժեզրկվի դրամը, որպեսզի Ձեզ համար լավ լինի: Ես ասել եմ, որ դա մակրոտնտեսական հավասարակշռության խնդիր է, թե որ փոխարժեքն է օպտիմալ ընդհանրապես տնտեսության համար: Եթե ամեն ինչից վերանանք, վերցնենք միայն պղնձի արդյունահանման ոլորտը եւ ենթադրենք, որ պղինձ արդյունահանողներն իրենց ստացած արտարժույթը ամբողջությամբ ծախսում են դրամով, ապա պղնձի գների անկումը փոխհատուցելու համար հարկավոր կլինի ազգային արժույթի երեք անգամ արժեզրկում: Բայց դա չի նշանակում, որ մեր ցանկությունն է, որպեսզի ազգային արժույթը երեք անգամ արժեզրկվի, կամ որ դրա հիմքերը կան: Իհարկե` ոչ:
Ի՞նչ ընթացքում է ՎՏԲ բանկի կողմից Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը:
Մենք բանկի հետ այս պահին ինտենսիվ բանակցություններ ենք վարում, ունենք ՀՀ կառավարության աջակցությունը: Բոլոր միջպետական բանակցություններում այդ խնդիրը բարձրացվում է եւ հույս ունենք, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ծրագրի իրականացման համար բանկից կստանանք լիարժեք ֆինանսավորում:
Եթե ՎՏԲ -ն չֆինանսավորի Թեղուտի ծրագիրը, ի՞նչ է սպասվում Թեղուտին:
Ես չէի ուզենա նման բան մտածել, որովհետեւ այս պահին դրա հիմքերը չկան, հակառակը` բավականին արդյունավետ քննարկումներ են ընթանում, բառացիորեն յուրաքանչյուր օր 1-1,5 ժամ մենք ծախսում ենք այդ ուղղությամբ բանկի հետ անմիջական քննարկումների վրա: Թեղուտի ծրագրի հետ կապված այլ տարբերակներ եւս դիտարկում ենք եւ, եթե այնպես պատահի, որ ՎՏԲ բանկից ֆինանսավորում ստանալու մեր բազմամյա ջանքերը հանկարծ ձախողվեն, տապալվեն բանկի հետ քննարկումները, կարծում եմ` մենք այլ գործընկերներ կկարողանանք գտնել, որոնք պատրաստ կլինեն ֆինանսավորել ծրագիրը:Դուք ՀՀ կառավարությանը բիզնես ծրագիր ներկայացրե՞լ եք հակաճգնաժամային աջակցություններից օգտվելու համար:
Կա կառավարության պատրաստակամությունը` առանձին տնտեսավարող սուբյեկտների հետ քննարկել նրանց խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում ֆինանսական միջոցներ տրամադրել: Այս պահին կառավարությանը դեռեւս չենք դիմել նման հարցով` հաշվի առնելով, որ մեր հիմնական` Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը պահանջում է բավականին լուրջ ֆինանսական միջոցների հատկացում: Դա չի նշանակում, որ մենք կարող ենք մի 10-15 մլն դոլարով Թեղուտի ծրագիր իրականացնել, սակայն, ինչպես նշեցի, չեմ բացառում, որ եթե հանկարծ պարզվի, որ բանկի հետ ծրագիրը չի իրականացվում, ապա ուղիներից մեկը, որը կքննարկենք եւ կփորձենք ուսումնասիրել, դա կլինի կառավարության օգնությամբ հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը:
Այսինքն` կօգնեն Ձեզ, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը եղել է շրջանառու միջոցների համալրմանն ուղղված վարկ, եթե չեմ սխալվում` կարճաժամկետ եւ 10 մլն դոլար: Թեղուտում մենք այլ խնդիր ունենք, ոչ թե շրջանառու միջոցների համալրման, այլ բավականին մեծ գումարի, մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ, քան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին է հատկացվել:
Կոնկրետ հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ է իրականացնում Ձեր ղեկավարած ընկերությունը:
Մեր գործունեության այն ուղղությունները, որոնք ակնհայտորեն վնասաբեր էին, խոսքն առաջին հերթին վերաբերում է Ալավերդու հանքին եւ ֆաբրիկային, անցած տարվա նոյեմբերի 20-ին դադարեցրինք դրանց գործունեությունը: Վերանայվեց աշխատանքի վարձատրությունը, բանվորական անձնակազմի շրջանում պարգեւատրումներն են կրճատվել, իսկ վարչական ծախսերում վարչական ապարատի վարձատրության կրճատումներ են եղել: Կատարել ենք նաեւ ամբողջ անձնակազմի աշխատողների կրճատումներ: Կարծում եմ, որ այս պահին օպտիմալացման գրեթե բոլոր ռեսուրսներն օգտագործել ենք եւ հնարավորությունը, որ ապրիլի 1-ից ձեռնարկությունը պետք է շարունակի աշխատել, պայմանավորված է այդ հանգամանքով:
Մեր հանդիպումների ընթացքում նկատել ենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատողները վախենում են այս կամ այն հարցի շուրջ իրենց կարծիքները հայտնել: Ինչու՞ է այդպես: Եթե խախտվում են աշխատողների այս կամ այն իրավունքները, եւ նրանք դրա համար իրենց դժգոհությունը բարձրաձայն արտահայտում են, ընկերության ղեկավարները պատասխանում են՝ «դժգոհ ես, հեռացիր, հերթում շատերն են սպասում, նրանց կընդունենք նույն պայմաններում աշխատելու»: Եվ նման պահվածքը բանվորների շրջանում անհարգալից վերաբերմունք է ստեղծել ընկերության կառավարիչների նկատմամբ:
Նախ առաջինի հետ կապված` ես տեղյակ չեմ, որ նման բան կա, քանի որ մենք խրախուսում ենք ցանկացած աշխատողի տեսակետը, միամտություն կլինի մտածել, որ մենք որեւէ կերպ կարող ենք խոչընդոտել դրան: Հակառակը, նույն նոյեմբերի 20-ի դեպքերի հետ կապված, երբ հանքում եւ ֆաբրիկայում կրճատումներ եղան, ես այդ օրերին դիտել եմ հանրապետական հեռուստատեսությունը, մեր աշխատողները հարցազրույցներ էին տալիս եւ հայտնում էին իրենց տեսակետները: Եթե նման բան լիներ, մարդիկ կաշկանդված կլինեին: Ինչ վերաբերում է աշխատողների օրինական խնդիրները լուծելու փոխարեն նրանց դռներ ցույց տալուն, ասելով` ուրիշին կընդունենք, ես դժվարանում եմ ասել, թե ինչի մասին է խոսքը:
Ասեմ, թե խոսքն ինչին է վերաբերում. Ձեր աշխատողները բանկից վարկ են վերցրել կենցաղային ապրանքներ գնելու համար եւ այսօր հայտնվել են ծանր վիճակում: Նրանցից ոմանք ստպված տան իրերն են վաճառում: Բանկը բռնագանձում է նրանց գրեթե ողջ աշխատավարձը, որի պատճառով ընտանիքին կերակրելու համար փող չեն կարողանում տուն հասցնել: Երբ այս մասին հոդված գրեցինք` նշելով անուններ, այդ մարդկանց կանայք ինձ մոտ նեղսրտեցին, թե` ինչու՞ եք գրել, հիմա աշխատանքից կհանեն մեր միակ աշխատողին: Այդ մարդիկ, կարծում եմ, հենց այնպես չէին վախենում:
Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, ընկերությունն աշխատողների եւ բանկի հարաբերություններում բացարձակապես որեւէ մասնակցություն չի ունեցել: Հաշվի առնելով, որ նրանք եղել են մեր աշխատակիցները, բանկը, առանց մեզանից որեւէ երաշխիք պահանջելու, առանց մեր կողմից որեւէ ապահովություն տրամադրելու, համաձայնել է վարկ տալ: Ստեղծված իրավիճակում բանկը վերանայել է վարկային ուղղվածությունը, պահանջում է վարկի վաղաժամկետ մարում: Մենք ոչ այն ժամանակ, ոչ հիմա որեւէ իրավական լծակ չունենք` պրոցեսին միջամտելու:
Բանվորները նաեւ իրենց վրդովմունքն են հայտնում այն բանի համար, որ վարչական աշխատողների համեմատ իրենց վարձատրում են շատ ցածր:Ես կարծում եմ, որ մի քանի բան պետք չէ խառնել իրար: Իհարկե, դա հայկական հոգեբանություն է: Որեւէ աշխատակցի ավելի շատ հետաքրքրում է կողքինի աշխատավարձը: Երբ Ալավերդու հանքավայրը սկսել է շահագործվել` 2002-03 թթ.-ին, մեր բանվորների միջին աշխատավարձը կազմել է 55 հազար դրամ: Մինչեւ ճգնաժամը մեր բանվորների միջին աշխատավարձը կազմել է 110 հազար դրամ, այս պահին կազմում է մոտ 95 հազար դրամ:
Կան բանվորներ, որոնք ստանում են 25-30 հազար դրամ:
Իհարկե: Բանվորներ էլ կան` ստանում են 110-120 հազար դրամ: Ես Ձեզ ասացի, որ ի տարբերություն բանվորական անձնակազմի` վարչական աշխատողների աշխատավարձը կրճատվել է 50 եւ ավելի տոկոսով:
Այսօր պղնձաձուլական գործարանն աշխատում է, շատ ալավերդցիներ ուրախ են դրա համար, մինչդեռ թունավոր արտանետումները կան, բնակիչները սոցիալապես անապահով են եւ վատ են սնվում, իսկ արտանետումները, բնականաբար, ալավերդցիների առողջության վրա ազդում են: Ինչպե՞ս եք տեսնում սրա ելքը:Պղնձաձուլարանի գործունեությունը մեզ մեծ շահույթներ չի խոստանում: Հետեւաբար, սոցիալական խնդիրների լուծման առաջին իսկ հնարավորության պարագայում, այդ հնարավորությունը տեսնում ենք 1-2 ամսից, Թեղուտում շինարարական աշխատանքների սկզբում, այդ պահից սկսած կվերանա Ալավերդու պղնձաձուլարանի շահագործումը շարունակելու սոցիալական շարժառիթը: Եվ այդ պայմաններում, կարծում եմ, արդեն մենք իրավացիորեն կկարողանանք նախապատվությունը տալ բնապահպանական նկատառումներին:
понедельник, 30 марта 2009 г.
Իսկ դուք գիտեք , որ ՎՏԲ բանկը չի ֆինանսավորելու, այսօր են ինձ փոխանցել, մի հուսահատվեք Թեղուտը կփրկվի
Автор: bnamard на 23:58
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий