среда, 9 декабря 2009 г.

Թիվ 11 հատուկ դպրոցի քրեական գործը տեղափոխել են Երեւանի քննչական վարչություն

 

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի շուրջ բարձրացած աղմուկից հետո հարուցված քրեական գործը Էրեբունու քննչական վարչությունից տեղափոխվել է Երեւան քաղաքի գլխավոր վարչություն: Այժմ քաղաքի գլխավոր դատախազն է վերահսկում գործի քննությունը: Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականին դպրոցի նախկին սաները լրատվամիջոցներով հայտնեցին, որ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգություններ է կատարել իրենց նկատմամբ:


2009 թվականի փետրվարի 11-ին Էրեբունու քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ, այնուհետեւ մեղադրանք առաջադրվեց, բայց ոչ թե ուսուցչի, այլ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ, ում շնորհիվ հանրությանը հայտնի էր դարձել հատուկ դպրոցում աշակերտների նկատմամբ մտահոգիչ վերաբերմունքը:

Մարիամը մի խումբ երիտասարդների հետ ժամանակավոր ծրագիր էր իրականացրել դպրոցում, որի ընթացքում էլ նրան հայտնի էին դարձել աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին:

Մարիամ Սուխուդյանին մեղադրանք առաջադրելուց հետո նրա ընկերները, որոնք եւս ժամանակավոր աշխատել էին թիվ 11 դպրոցում, դիմեցին Հանրապետության նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին այն հիմքով, որ նախաքննական մարմինը խեղաթյուրված է ներկայացրել իրականությունը:

Իսկ Սուխուդյանի պաշտպան Նոնա Գալստյանը բողոք էր գրել Երեւան քաղաքի գլխավոր դատախազին, մի շարք միջնորդություններ էր ներկայացրել: Այս ամենի արդյունքում այժմ գործը քննվում է Երեւանի գլխավոր քննչական վարչությունում:


HETQ.AM

Комментариев нет: