пятница, 11 декабря 2009 г.

Բնապահպաններին անհանգստացնում է հրապարակում օրեցօր բարձրացող բնական տոնածառը


 

Այս տարի Երեւանում տեղադրվելու է 3 եղեւնի` Հանրապետության հրապարակում, Ռուսաստանի հրապարակում եւ Ֆրանսիայի հրապարակում: Հանրապետության գլխավոր եղեւնին, որը Հանրապետության հրապարակինն է, այս տարի կունենա 29 մետր բարձրություն` 3 մետրով ավելի բարձր, քան անցած տարի:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարվա գլխավոր եղեւնին բաղկացած է լինելու 4500-5000 եղեւնու ճյուղերից եւ վստահեցրեց, որ ճյուղերը ձեռք են բերվել բացառապես սանիտարական էտումների արդյունքում: «Մեր տեղեկություններով այդ էտումները որեւէ վնաս չեն պատճառում բնությանը: Քաղաքապետարանը ճյուղերը պատվիրել է «Հայանտառ» ընկերությանը», - նշեց նա:

«Սանիտարական էտումները կապ չունեն Հանրապետության հրապարակի եղեւնու հետ», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց «Հայանտառ»ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նա վստահեցրեց, որ հատուկ նպատակով էտումներ իրենց տարածքում չեն իրականացվում, եւ որ գլխավոր եղեւնու տեղադրումը ընդամենը համընկել է իրենց էտումների հետ:

«Հայաստանում աճող եղեւնիները եւ սոճիները ոչ մի տեսակի հատման ենթակա չեն», - բացատրեց բուսաբանության գծով կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աֆրիկյանը` նշելով, որ «կան տեսակներ, որոնք էտում են գեղեցկացնելու նպատակով, բայց եղեւնին եւ սոճին այդ տեսակներին չեն պատկանում»:

Այս կապակցությամբ անհանգստացած են բնապահպանները: Թեղուտի պաշտպանության խմբի անդամներ Մարիամ Սուխուդյանը եւ Հրայր Սավզյանը կարծում են, որ «Հանրապետության հրապարակի եղեւնին, ոչ թե տոնածառ է, այլ մահացած ծառ»:

«Նրանք ուղակի ստում են, հարցրեք մասնագետներին, հիմա սանիտարական հատումներ չի կարելի անել, դա ուղակի ստելու նոր ձեւ է», - ասաց Մարիամ Սուխուդյանը եւ ավելացրեց, որ հնարավոր է առաջիկայում կազմակերպեն ստորագրահավաք` ապացուցելու համար, որ հասարակությունը կողմ չէ բնական եղեւնու օգտագործմանը որպես տոնածառ:

Комментариев нет: