среда, 9 декабря 2009 г.





«Էրեխեք ջան, ես ռիկշայով դիմացից կգնամ, դուք էլ շարքով հետեւից եկեք, երթեւեկության կանոնները չխախտեք, մենք էլ սովորական փոխադրամիջոցների պես», փորձառու հեծանվորդներին հիշեցնում, նորեկներին էլ տեղեկացնում է Սամվելը, նստում իր իսկ պատրաստած ռիկշա հեծանիվն, ու Մատենադարանի դիմացից We are the chanpions երգի հնչյունների ու հեծանիվների ազդականչերի ներքո ընկնում են ճանապարհ:

Ավելի քան 25 հեծանվորդներ «Էկոդար», «Հեծանիվ +» ՀԿ-ներից, Թեղուտի պաշտպանության շարժումից եւ բնապահպան քաղաքացիներ երկու ժամ տեւած հեծանվարշավի ընթացքում որպես աշխարհում ամենամեծ արտանետումներն ունեցող երկրներ ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Չինաստանի դեսպանատների մոտով անցնելով իրենց կոչերը հնչեցրին եւ փորձեցին պաստառներ թողնել դեսպանատներում:

Հեծանվորդները հասցնում էին փողոցներում թռուցիկներ էլ բաժանել «Տարեկան մթնոլորտ արտանետվող միլիոնավոր տոննա գազերը, անտառահատումները եւ մարդու այլ անհեռատես գործունեություններն առաջացնում են ջերմոցային էֆեկտ, որի հետեւանքով մոլորակի ջերմաստիճանը աճում է, հալվում են բեւեռային սառույցները, փոխվում է մոլորակի գրեթե բոլոր տարածաշրջանների կլիման...» բովանդակությամբ եւ ակտիվանալու, առողջ միջավայր ունենալու պահանջատեր դառնալու կոչերով:

Երթի վերջին կանգառը Սիրահարների զբոսայգին էր, որտեղ մասնակիցները Հայաստանում մոտ 2 տարի ապրող բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալենի տեսախցիկի առջեւ էլ իրենց բնապահպանական մտահոգություններն արտահայտեցին եւ կոչերն ուղարկեցին Կոպենհագեն` դեկտեմբերի 7-ից այնտեղ մեկնարկող եւ աշխարհի մոտ 190 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք ՄԱԿ-ի` Գլոբալ տաքացման հիմնախնդիրներին նվիրված 15-րդ կոնֆերանսին: Թոմն այս ակցիայի մասին 15 րոպեանոց ֆիլմ է պատրաստելու եւ հայ բնապահպանական շարժման մասնակիցների կարծիքներն ուղարկի Կոպենհագեն, Դանիա: Ավելի քան 50 երկրներից ստացված ֆիլմերը հնարավոր կլինի տեսնել www.rideplanetearth.org կայքում:

Բնասեր եւ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ասում է, որ Հայաստանը միանալով գլոբալ տաքացման դեմ պայքարին եւ մեծ տերություններին կոչ անելով քչացնել արտանետումները, պետք է սկսի մարդկանց մեջ տարրական բնապահպանական մշակույթ զարգացնել. «Երբ մարդը չի մտածում` ինքն ի՞նչ է ուտում, ի՞նչ է շնչում, իր մարմինը բալանսից դուրս է գալիս... Բացի հեծանվաարշավներով ակտիվ կենսակերպ քարոզելուց, մենք ընտրում ենք բուսակերությունը` երկրագնդին չվնասելով եւ ավելի ներդաշնակ ապրելով»:

Սամվել Հովհաննիսյանը , որ «Հեծանիվ +» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է, կազմակերպելով հեծանիվ քշելու անվճար դասեր, հույս ունի, որ մեր երկրում կշատանա հեծանվորդների թիվը, եւ հեծանվորդների մեծ բանակով հեծանվային երթուղիներ ունենալու համար պայքարն ավելի արդյունավետ կլինի:

Տիգրան Կուչատյանը եւս բնապահպանական ակտիվիստ է եւ ցանկանում է, որ գոնե նոր մայրուղիներ կառուցելիս հաշվի առնեն հեծանվորդներին. «Ես շատ մարդկանց եմ ճանաչում, որ տանը հեծանիվ ունեն, բայց չեն քշում, վախենում են: Իրոք վտանգավոր է, մենք քշելով մեծ ռիսկի ենք դիմում, մանավանդ որ հեծանվային ճանապարհներ չկան, իսկ մարդիկ, հիմնականում ավտոմեքենաների վարորդները հեծանիվները որպես փոխադրամիջոց չեն ընկալում: Իմ առաջին կոչն այն է, որ հեծանվային ճանապարհները շատ լինեն քաղաքում»:

Հարց է ծագում, թե արդյո՞ք հեծանվային ճանապարհների համար Հայաստանը հասուն է:

Սակայն եթե Հայաստանում պետական քաղաքականությունը տնտեսական ներդրումները զարգացնելուն է միտված, իսկ բնապահպանական խնդիրների բարձրաձայնումը մի քանի բնապահպան, ակտիվ քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների ուսերին է բարդված, ապա ե՞րբ պիտի փոխվի «հայերն իրենց եվրոպացու տեղ են դրել, հեծանիվ են քշում» կարծրացած մտածելակերպը:

azg.am

Комментариев нет: