Ս.Օ.Ս.
Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության ոլորտում: Տեսչություն ունի թեժ գիծ, որին զանգահարում են բնապահպանական խախտումներ նկատած քաղաքացիներն ու լրագրողները: Սակայն թեժ գիծը չի գործում շաբաթ եւ կիրակի օրերին:
Սա նշանակում է, որ եթե այդ օրերին որեւէ մեկը ապօրինի ծառ կտրի, տեսուչներն այդ մասին չեն իմանա եւ չեն կարող կանխել: Իսկ կտրելուց հետո լավագույն դեպքում ծառահատին կտուգանեն: «Ես եթե որեւէ ծառահատման դեպք եմ տեսնում, անմիջապես զանգահարում թեժ գծին, սակայն հենց վերջերս ուրբաթ երեկոյան ես իմացա, որ մեր հարեւանը ծառեր է կտրում, բայց իմ զանգերին թեժ գծից չէին պատասխանում»,- պատմում է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Նա սպասել է մինչեւ երկուշաբթի, որպեսզի կարողանա Բնապահպանական պետական տեսչությունում գրանցել իր զանգը, որից հետո համապատասխան ստուգումներ կատարվեցին եւ ծառահատը տուգանվեց 110 հազար դրամով: «Դա նույնն է, որ մարդիկ վատանան, բայց շտապօգնությունը չգա, ասեն, թե մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, դիմացեք, մինչեւ երկուշաբթի, կգանք: Բնապահպանական տեսչությունն էլ բնության «շտապօգնությունն» է»,- ասում է Մարիամը:
Բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանն այս կապակցությամբ ասաց, որ լրագրողները կարող են իր բջջային հեռախոսահամարին զանգահարել, եթե շաբաթ եւ կիրակի օրերին ապօրինի ծառահատումների մասին տեղեկություն ունենան (նման հնարավորությունից «Հետքը» մեկ անգամ օգտվել է):
Մեր այն դիտարկմանը, որ քաղաքացիները չգիտեն պետի բջջային հեռախոսահամարը, ի՞նչ անեն նրանք, եթե հանգստյան օրերին ապօրինի ծառահատում նկատեն, Ռոմիկ Մանգասարյանը պատասխանեց. «Դա ոչ իմ, ոչ էլ ձեր որոշելու հարցն է, Կառավարությունը պետք է որոշի»:
Կառավարությունը պետական բյուջեից պետք է ավելի շատ գումար տրամադրի Բնապահպանության նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի ապահովել տեսչության աշխատանքները շաբաթը 7 օր:
Ի դեպ, թեժ գծի հեռախոսահամարներն են` (+374 10) 51-91-82 եւ (+374 10) 52-38-35:
Комментариев нет:
Отправить комментарий